Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակը միայն իրազեկման նպատակ ունի, բայց կարևոր քայլ է, ասում է Սաքունցը

August 2, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

 

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, նամակում ներկայացնելով իրավիճակը, ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու կոչով երկու օր առաջ հանդես էին եկել հասարակական 9 կազմակերպություններ։ Ներկայացված նամակը միայն իրազեկման նպատակ ունի և չի ենթադրում որևէ պարտավորություն գործողություն անելու կամ քննության առնելու, նկատում է հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից մեկի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, թեպետ, ասում է, այս քայլն էլ կարևոր էր։

 

«Գոնե ինչ-որ քայլ կատարվում է, ինչ-որ գործողություն կատարվում է միջազգային ատյաններից մեկում, որտեղ Հայաստանը անդամագրված է: Պետք է ոչ միայն մեկ նամակ և ոչ միայն մեկ կառույցում, այլ նաև բոլոր միջազգային կառույցներում և հարթակներում», - նշում է Սաքունցը:

 

Անդրադառնալով այն հարցադրումներին, թե ի՞նչ արդյունք է տալու ՄԱԿ-ին կամ միջազգային կառույցներին դիմելը, Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ թեպետ այս պահի կան անվտանգությունը երաշխավորելու օպերատիվ խնդիրներ, բայց կարևոր են նաև միջազգային ատյանները, որոնք օպերատիվ խնդիրներ լուծելու հարթակներ չեն, և այստեղ կարելի է արդյունքի հասնել միայն հետևողական ու շարունակական աշխատանքի արդյունքում։

 

«Արդյունքները ոչ միայն վերջնական են լինում, չկա վերջնական արդյունք հասկացությունը դիվանագիտության մեջ կամ հասարակական գործընթացներում, այլ կան ընթացիկ ինչ-որ ամրագրումներ, միջնարդյունքներ: Ոչ մի բան չանել այդ ատյաններում ու ավելին` լիարժեք չօգտագործել այդ միջազգային ատյանների հնարավորությունները քաղաքական-դիվանագիտական հարթակներում ուղղակի անհասկանալի է», - ասում է նա:

 

Արդյո՞ք նամակին կարող է հաջորդել նաև դիմումը՝ ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Այս հարցը փորձեցինք պարզել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից։

 

«Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և ընդհանրապես մեր դեպքում չի բացառվում նման զարգացում, բայց նման զարգացումները կարող են լինել միայն ըստ պատեհության և համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում և համապատասխան նախնական աշխատանքներ կատարած լինելու պարագայում», - ասաց Ռուբինյանը:

 

Նիկոլա Դե Ռիվիերին ուղղված նամակում շեշտվում է նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։

 

Ադրբեջանն այսպիսով կոպտորեն խախտում է միջազգային իրավունքները, որոնք ենթադրում են հստակ վերաբերմունք և գնահատակններ՝ թե՛ բանաձևերի տեսքով, թե՛ միջազգային քրեական դատարաններում իրավական գնահատականների տեսքով, հետևաբար այս հարցերը պետք է քննարկվեն և այն ատյանների օրակարգում պահվեն, որոնք ելնում են այդ միջազգային սկզբունքներից, որից չի ելնում ՀԱՊԿ-ը, ընդգծում է Սաքունցը` հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ը ադրբեջանական ներխուժումից ու Հայաստանի դիմումից հետո ոչ մի գործուն քայլ չկատարեց։

 

Շարունակաբար մարդու իրավունքների խախտումների հանգեցնող և անպատիժ մնացող անվտանգային նման խնդիրները չեն լուծվում եռակողմ հայտարարությամբ, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի գործող փակ համակարգերի շրջանակում, մինչդեռ թվում էր, թե դրանք պետք է անմիջական լուծումներ տային, ասում է Սաքունցը. «Եթե լուծումներ չեն ստանում մեր խնդիրները գոյություն ունեցող տարածաշրջանային կառույցների շրջանակում` հանձինս ՀԱՊԿ-ի, հանձինս նույնիսկ երկկողմանի պայմանագրեր որ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, ուրեմն պիտի շարունակես փորձել գտնել լուծումները արդեն լուծում չտվող համակարգերի շրջանակում մնալով, հա՞, դա անմտություն է»:

 

Անվտանգության խորհրդին ուղղված նամակը առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, ասված է Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

azatutyun.am

views: 78

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color