Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իշխանությունը չի հաշտվում Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ

January 4, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումները որակվում են որպես գործադիր իշխանության կողմից ճնշում տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքի բնակչության ազատ կամքի արտահայտման վրա։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Վարդենիսում ստեղծված իրավիճակին։ «Այսօր Վարդենիսի հետ կապված իրավիճակը, ցավոք սրտի, նորից գալիս է հաստատելու, որ ՏԻՄ ընտրություններից և քվեարկությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն կարող համարվել ժողովրդավարական՝ թե իրենց բովանդակությամբ, թե դրսևորումներով»,- ասաց նա։

 

Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը հունվարի 4-ին կայացել է համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկաններն ավագանու անդամներին թույլ չեն տալիս մուտք գործել շենք։ Ոստիկաններն ավագանու անդամներին պարզաբանել են, որ չեն կարող մուտք գործել շենք, քանի որ հայցադիմում է ներկայացվել դատարան, ըստ որի՝  վիճարկվում են ընտրությունների արդյունքները:

 

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 4 մանդատ։ Երկու ընդդիմադիր դաշինքների կազմած կոալիցիայի արդյունքում մանդատների քանակը բավարար է համայնքապետ ընտրելու համար, և դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստում ընդդիմության թեկնածու Ահարոն Խաչատրյաննն ընտրվել էր համայնքապետ։

 

«Քաղաքացիական պայմանագիրը» չի ընդունում ընտրությունների արդյունքները և դրանք իրավական տեսանկյունից առոչինչ է համարում։ Իսկ Վարդենիսի համայնքապետի ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներին կոչ էր արել վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Նա ավագանու ընդդիմադիր անդամների կողմից համայնքապետ ընտրելու գործընթացը որակել է «խեղկատակություն»՝ նշելով, թե ՔՊ-ն բացարձակ հաղթանակ է տարել Վարդենիսում։

 

Իշխանությունը չի հաշտվում Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ։ Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է չհաշտվել ընտրությունների արդյունքների հետ կամ համաձայն չլիներ, դա նորմալ է։ Այդ անհամաձայնությունը կարող է դրսևորվել տարբեր քայլերով, բայց խնդիրների լուծման տեղը ավագանին է։ Այսինքն՝ դրանք տեղական մակարդակում քաղաքական գործընթացներ են, որոնց իրականացման վայրը հանդիսանում է ավագանին, որի նիստերը պետք է անցկացվեն քաղաքապետարանում։

 

«Բայց թե ինչ գործ ունի այդ ամենում ոստիկանությունը, դա ընդհանրապես ոչ թե անհասկանալի, այլ անընդունելի է։ Նախ, ոստիկանության ներկայությունը ավագանու ընտրված անդամների վայրում՝ քաղաքապետարանում, անհասկանալի է։ Երկրորդ, ավագանու բոլոր անդամները, անկախ քաղաքական պատկանելությունից, լեգիտիմորեն ընտրված են, և որևէ մեկը կասկածի տակ չի դնում ընտրության արդյունքները։ Այնպիսի գործողություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ, որ ոստիկանությունը գտնվի այդ վայրում, չկա։ Եվ ի վերջո ոստիկանության նման մեծաքանակ լինելը, որն անհամաչափ է և չունի որևէ հիմնավորում, սա իր բովանդակությամբ ամենևին չի հանդիսանում ժողովրդավարական։ Ոստիկանությունը չէ այն մարմինը, որը պետք է մասնակցություն ունենա ավագանու կազմում ընտրված ավագանիների կողմից քաղաքական գործընթացներին։ Սա իր էությամբ ու բովանդակությամբ, իր դրսևորումներով ակնհայտ հակաժողովրդավարական է»,- ասաց Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ այստեղ պատասխանատվությունն ուղղակի կրում է քաղաքական իշխանությունը, քանի որ ոստիկանությունը գործադիր իշխանության ենթակայությամբ է գործում։ «Հետևաբար, այն բովանդակությունը, որը ձևավորվել էր նախընտրական քարոզչության և քվեարկության օրը, ամբողջովին ոչնչացվում է նման գործողություններով, երբ իրավապահ մարմնի միջոցով փորձում են ազդեցություն ունենալ ավագանու ինստիտուտի վրա։ Սա նաև հետընտրական փուլում գործադիր իշխանության կողմից ճնշում է ՏԻՄ վրա, սա ճնշում է համայնքի բնակչության ազատ կամքի արտահայտման վրա։ Սա փորձ է նաև սրբագրելու կամ խմբագրելու ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որն անթույլատրելի է։ Եվ սա իր ազդեցությունը կունենա Հայասատանի՝ որպես ժողովրդավարական պետության ընկալման վրա»,- հավելեց Սաքունցը։

views: 57

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color