Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սահմանազատման և սահմանանշման գործընթացը խնդրահարույց է մի շարք պատճառներով․ հայտարարություն

November 5, 2021

Joint | Announcements

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ագրեսիվ գործողությունների պայմաններում նախաձեռնվում է սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանանշման (դեմարկացիա) գործընթաց, որը խնդրահարույց է մի շարք պատճառներով:

 

Սույն փաստաթուղթն ամփոփում է այն հիմնական թեզերը, թե ինչու Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պետք է հնարավորինս կշռադատված և շրջահայաց լինի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ հաշվի առնելով մեր պետության շուրջ ձևավորված ներկայիս անվտանգային բարդ միջավայրը, մեր առջև ծառացած անվտանգային ռիսկերը, մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև առկա և հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները:

 

  1. Ադրբեջանի 2020 թվականի ռազմական ագրեսիայի արդյունքում կրած պարտության հետևանքով հայ ժողովուրդն ունեցել է ահռելի մեծ տարածքային, մարդկային, ֆինանսական և բարոյահոգեբանական կորուստներ, և Հայաստանի Հանրապետությունն, այսօր, առավել քան խոցելի է: Այս պայմաններում, բարդ է դիմակայել արտաքին տարատեսակ ճնշումներին և արդյունավետ առաջ մղել պետական և ազգային շահերից բխող օրակարգեր: Պատերազմի հետևանքով խեղված անվտանգային միջավայրի արդյունավետ և համակարգային կառավարման, պետության ինքնիշխան և ժողովրդավարական ապագայի տեսլականի ձևավորման և առաջ մղման առումով հրամայական է ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության և ռազմավարության վերանայումն ու հստակեցումը:

  2. Ադրբեջանը պետական մակարդակով հետևողականորեն շարունակում է վարել հայատյաց, ռազմական սպառնալիքներով, մարդկային կյանքերի կորուստներով, գերեվարումներով, սահմանամերձ բնակիչների ունեզրկմամբ և այլ իրավունքների դեմ ոտնձգություններով ուղեկցվող քաղաքականություն՝ խաթարելով բնականոն կյանքը Հայաստանում և Արցախում: Հայաստանի Հանրապետության և Արցախի կենսական շահերի դեմ ուղղված վտանգներին ժամանակին և արդյունավետորեն չդիմակայելը կարող է հանգեցնել նորանոր՝ ճակատագրական ու անդառնալի կորուստների, այդ թվում՝ սուբյեկտայնության նվազման և ինքնիշխանության կորստի տարրերով:

  3. Առկա իրավիճակում, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով մեկնարկելիք սահմանազատման գործընթացը և դրա հապճեպ իրականացումը չեն կարող նպաստել Հայաստանի դիմադրողունակության բարձրացմանը և անվտանգության ապահովմանը: Ավելին, առկա են մտահոգություններ, որ այդ գործընթացը բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել՝ ամրագրելու Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ձեռք բերված ռազմական առավելությունները՝ մեկընդմիշտ փակելու Արցախի ինքնորոշման և Հայաստանի հետ հուսալի սահման ունենալու իրավունքը, ինչպես նաև ամրագրելու և օրինականացնելու նախկին Խորհրդային Հայաստանի սահմանները, որոնք սահմանագծվել են՝ առանց հաշվի առնելու մարդու իրավունքների, մարդկային անվտանգության և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը: Ուշադրության է արժանի նաև այն իրողությունը, որ բացառապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ գործընթացն իրականացնելու միտումը դուրս է թողնելու ԵԱՀԿ-ն և դրա Մինսկի խմբին, մինչդեռ հենց ԵԱՀԿ-ն է, որ ձևակերպել է սահմանազատման միջազգային լավագույն պրակտիկան [1]:

  4. Սահմանազատմանն առնչվող գոնե պաշտոնական ելույթներում հաճախ ակնարկ է արվում Խորհրդային Միության փլուզմանն առավել մոտ ժամանակահատվածի՝ ենթադրաբար 1970-ականների քարտեզներին, մինչդեռ Հայաստանը խորհրդայնացվել է 1920 թվականին՝ առավել ընդարձակ սահմաններով: Հետագա տասնամյակների ընթացքում Խորհրդային Հայաստանից, ինչպես և նախկին ԼՂԻՄ-ից, կամայականորեն մաս առ մաս վերցվել և Խորհրդային Ադրբեջանին են տրվել 1000-ավոր քառակուսի կիլոմետրերի հասնող նորանոր տարածքներ՝ առանց բավարար իրավական հիմքի, ոտնահարելով ազգային, ժողովրդագրական և տնտեսական հանգամանքները, անկլավներ ստեղծելու միջոցով՝ Հայաստանը մասնատելու, Վրաստանին և Իրանին կապող ճանապարհների և որոշ բնական ռեսուրսների վերահսկողությունը փոխանցելով Ադրբեջանին, և, որ ամենակարևորն է, անտեսելով մարդու իրավունքները՝ Խորհրդային Միության՝ Միավորված ազգերի կազմակերպության 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին չմիանալու պայմաններում։

  5. Սահմանազատման միջազգային լավագույն պրակտիկայում [1] քարտեզները դիտարկման ենթակա ընդամենը մեկ բաղադրիչն են, մինչդեռ սկզբունքային կարևորություն ունեն նաև այլ գործոնները՝ պատմական, անվտանգային, տնտեսական, ենթակառուցվածքային, սոցիալական, ժողովրդագրական, հոգևոր-մշակութային և այլն: Եվ որ կարևորագույնն է՝ բոլոր գործոնների առանցքում պետք է դրվի մարդու իրավունքների պաշտպանության, մարդկային անվտանգության երաշխավորման նպատակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսունակության խնդիրը, ինչը սակայն անտեսվում է, կամ առնվազն, չի շեշտվում ընթացող գործընթացներում։

  6. Սահմանազատումը երկարաժամկետ գործընթաց է և կարող է թյուր տպավորություն ստեղծվել, որ դրա զուտ շուտափույթ նախաձեռնելը դեռևս վտանգավոր չէ և ժամանակի ընթացքում կարող են որոշ շտկումներ արվել: Սակայն, սահմանազատման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեն դրա հիմքում դրվող սկզբունքները և բանակցային ձևաչափը, ինչի վերաբերյալ որոշումների ընդունումը և առնչվող ռիսկերի գնահատումը պետք է իրականացվի գործընթացի սկզբում:

 

Վերոնշյալի հիման վրա կարելի է պնդել, որ այսօր հապճեպ ու սպառնալիքի ներքո իրականացվող սահմանազատումն ու սահմանանշումը՝ Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության, իսկ Թուրքիայի կողմից շրջափակման իրականացման պայմաններում կարող են հանգեցնել Ադրբեջանի սահմանների, ներառյալ՝ Ադրբեջանի կազմում Արցախի, փաստացի ճանաչման, ինչը հարվածի տակ է դնում Արցախի և արցախահայության ապագան, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունը և տարածաշրջանում գործոն լինելու ապագա հնարավորությունները: Հայաստանը չի կարող ապահովել կայուն և տևական խաղաղություն իր սահմանների ու ինքնիշխանության համար նոր սպառնալիքներ ստեղծելու, խոցելիության բարձրացման ու կենսունակության իջեցման հաշվին:

 

Եթե սահմանազատման ու սահմանանշման գործընթացն անխուսափելի է, ապա անհրաժեշտ է ապահովել, որ դրանց առնչվող նախնական փաստաթղթերում ներառված չլինի բանակցությունների վերջնական արդյունքները կանխորոշող որևէ դրույթ կամ չակնկալվի սահմանների նախնական ճանաչում: Սահմանի փոխադարձ ճանաչումը կարող է տեղի ունենալ միայն ամբողջական գործընթացի ավարտից՝ սահմանային բոլոր գծերի համաձայնեցումից և Մինսկի խմբի շրջանակներում Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո, որտեղ պետք է ամրագրվի այն որևէ ձևաչափով Ադրբեջանի վերահսկողության տակ կամ կազմում չթողնելու դրույթը: Միաժամանակ պետք է հստակ հայտարարվի, որ Հայաստանը պատրաստ է քննարկումները սկսել միայն ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից և բոլոր գերիների անվտանգ վերադարձից հետո։

 

Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը պարտավոր է կշռադատել իր այսօրվա որոշումների կարևորությունը մեր երկրի և Արցախի ապագայի համար և համաձայնվել սահմանազատմանը և սահմանանշմանը՝ բացառապես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և մարդկային անվտանգության պաշտպանության հիմքով, չեզոք միջազգային կազմակերպության (օրինակ՝ ԵԱՀԿ-ի, որի մաս է կազմում նաև Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, Մինսկի խմբի անդամ երկրները, Եվրամիության երկրները) միջնորդությամբ և ժամանակակից միջազգային նորմերի համաձայն՝ արտաքին ուժերի ճնշման բացառման պայմաններում, ինչը զերծ կպահի Հայաստանի Հանրապետությունը և Արցախը աշխարհաքաղաքական շահերի զոհ դառնալուց: Այս համատեքստում անհրաժեշտ է լրջորեն դիտարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկվող «անվտանգության գոտու» ստեղծումը՝ առնվազն որպես ժամանակավոր լուծում՝ մինչև սահմանազատման և սահմանանշման ամբողջական գործընթացի ավարտը։ 

 

Ի հավելումն վերոշարադրյալի՝  հորդորում ենք ՀՀ կառավարությանը․

 

Ա. Բացառել Սյունիքում որևէ «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանություն պարունակող որևէ բաղադրիչի ներդրման հնարավոր հեռանկարը։ Սյունիքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է վերահսկվի Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ Ադրբեջան-Նախիջևան կոմունիկացիաներից օգտվողները, լինի դա երկաթգիծ, թե ավտոճանապարհ, պետք է անցնեն ՀՀ սահմանապահ, մաքսային և անձնագրային ստուգում: Ռազմական ավտոշարասյուն չպետք է անցնի այս ճանապարհով, իսկ հայ-իրանական սահմանը պետք է անխաթար լինի։ Ընդ որում, 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված սույն՝ 9-րդ գործողությունը պետք է կատարվի դրան նախորդող 7-րդ և 8-րդ կետերի կատարումից, ինչպես նաև՝ Ադրբեջանի օկուպացիոն զորամիավորումների՝ Հայաստանի տարածքից դուրս բերելուց հետո: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ համապատասխան մարմինների հետ համատեղ մասնակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղևորահոսքի և բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությանը պետք է ունենա ժամկետային սահմանափակում, որը չի կարող ավելին լինել քան 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշված, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը, ներառյալ՝ դրա երկարաձգման դեպքում առաջ եկած նոր ժամկետը:  

 

Բ.  Հստակորեն ձևակերպել ՀՀ դիրքորոշումը արցախյան տարածքների, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շահումյանի շրջանների բնակավայրերի զավթումը՝ որպես օկուպացիա, և մշակել դեօկուպացիայի արտաքին քաղաքական օրակարգ ու ռազմավարություն։

 

Գ.      Միջազգային ատյաններում և հարթակներում ձևակերպել համապատասխան արտաքին քաղաքական ռազմավարություն և քայլեր, որոնք ենթադրում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ՝ միջազգային իրավունքը խախտելով, համավարակի պայմաններում Արցախի հարցը պատերազմի միջոցով միակողմանիորեն «լուծելու» փորձի և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդառված խաղաղ բնակիչների պահման, խոշտանգման և սպանության, վարձկանների ներգրավման, միջազգային հումանիտար իրավունքով դատապարտվող զինատեսակների օգտագործման, մշակութային հուշարձանների ոչնչացման և դրանց ինքնությունը խեղաթյուրելու, էթնիկ զտումների և վերջին 30 տարիների հայատյաց պետական քաղաքականության համար: Հատուկ պետք է առանձնացվի նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ահաբեկման ու այլ կերպ նրանց իրավունքները խախտելու համար Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների պահանջը։ Այս քաղաքականության տրամաբանության մեջ պետք է դիտարկել ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեհամակարգի դեմ Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից ուղղորդված և իշխանությունների ու զինված ուժերի կողմից իրականացված քայլերի և անօրինականությունների հետաքննությունն ու բացահայտումը միջազգային հարթակներում՝ օգտագործելով քաղաքական, իրավական և կիսաիրավական մեխանիզմները։ Այս քայլերի ռազմավարական խնդիրը պետք է լինի Ադրբեջանի՝ Արցախի տարածքի նկատմամբ տիտղոսի զրկումը՝ Արցախի հայության գոյությանն ու անվտանգությանը սպառնացող, և նրանց այլ կենսական իրավունքները ոտնահարող հանցագործությունների իրականացման հետևանքով:

 

Դ.      Միջազգային ատյաններում և հարթակներում հետևողականորեն բարձրացնել և դատապարտել Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ Հայաստանի պետական սահմանի շրջափակման, Ադրբեջանին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելու և Արցախում վարձկան ահաբեկիչներ ներգրավելու հարցը։

 

Ե.    Հետևողականորեն լծվել ՀՀ նորարարական և խելամիտ տնտեսության համակարգի ներդրմանը։ Դրան զուգահեռ՝ պետական համակարգի զարգացումն ուղղել զինված ուժերի կարողությունների վերականգնման և հիմնարար արդիականացման  գործընթացին՝ ներդնելով մարտ վարելու ժամանակակից կոնցեպտներ ու լուծումներ՝ չսահմանափակվելով միայն Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում սերտ համագործակցությամբ, այլ աշխատելով այլ երկրների լավագույն փորձի ու մասնագետների ներգրավման ուղղությամբ։ Որակապես փոխել ռազմական կրթության, ռազմական գիտության կոնցեպտները՝ Հայաստանի ուրույն միջավայրից և մարտահրավերներից բխող նոր՝ ոչ դասական ռազմավարության, ռազմաարդյունաբերական համալիրի, ռազմական տեխնոլոգիաների և այլ նորարարական լուծումներ առաջարկող հայեցակարգերի զարգացման նպատակով: Այս միջոցառումները հնարավորություն կտան Հայաստանին ամրապնդել պետականության դիմադրողականությունն ու տոկունությունը՝ ամրապնդելով ոչ միայն ՀՀ իշխանությունների բանակցային դիրքերը, այլ նաև գեներացնելով ռազմաքաղաքական ներուժ՝ տարածաշրջանում ուժ և ազդեցություն պրոյեկտելու և կրկին Արցախի անվտանգության հիմնական երաշխավորի հայտ ներկայացնելու համար։

 

Զ.      Չներգրավվել 3+3 նախաձեռնության մեջ, այլ դրա փոխարեն որդեգրել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանում ընդգրկել նոր ազդեցիկ գործընկերների՝ դրանով մեծացնելով Հայաստանի մանևրելու հնարավորությունները տարածաշրջանային քաղաքականության հարցերում: Զարգացնել ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգ՝ դնելով խնդիր աշխարհում ձեռք բերել լրացուցիչ ռազմավարական գործընկերներ։

 

[1] https://polis.osce.org/guidebook-delimitation-and-demarcation

 

Էդուարդ Աբրահամյան, պ․գ․թ․, բրիտանական Լեսթերի Համալսարանի Միջազգային Հարաբերությունների դոկտորանտ, դասախոս 

Հովսեփ Խուրշուդյան, քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ 

Ստյոպա Սաֆարյան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար 

Գյուլնարա Շահինյան, ՄԱԿ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ զեկուցող ստրկության հարցերով (2008-2015 ), ԵԽ-ի Մարդկանց թրաֆիքինգի հանձնաժողովի փոխնախագահ 

Գայանե Աբրահամյան, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽ-ի  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար (2019-2020) 

Ռուբեն Գալիչյան, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ Պատվավոր Դոկտոր, դասախոս 

Սոսի Թաթիկյան, հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության խորհրդատու, նախկին դիվանագետ և խաղաղապահ 

Ստեփան Գրիգորյան,  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար 

Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան 

Սոնա Այվազյան, հանրային քաղաքականության մասնագետ 

Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար 

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար 

Նինա Կարապետյանց, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ ղեկավար 

Լուսինե Հակոբյան, Իրավունքի Եվրոպա Միավորում ԻՀԿ ղեկավար

views: 154

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color