Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սա վտանգ է․ իշխանությունն ավտորիտար կդառնա՝ մերժված իշխանությանը կնմանվի, եթե չփոխի Սահմանադրությունը

January 19, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor TV-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

-Պարո՛ն Սաքունց, Հայաստանի դատաիրավական համակարգը հերթական անգամ թևակոխում է բարեփոխումների փուլ։ Ասացեք, խնդրեմ, քանի՞ տարի և որքան գումար է անհրաժեշտ՝ բարեփոխելու դատական համակարգը։ Անկախացումից ի վեր բարեփոխումներ են, բայց դժգոհությունները կան։

 

-Գոյություն ունեցող դատական իշխանությունը ձևավորվել է որպես գործադիր կամ քաղաքական իշխանության հրահանգը կատարող, և դա նաև օրենսդրական կարգավորումներով է պայմանավորված: Հեղափոխությունից հետո, որը տեղի ունեցավ նաև արդարադատության բացակայության հետևանքով, խոսել այս դատական համակարգի բարեփոխման մասին՝ անիմաստ է և անպտուղ։ Դատական համակարգի բարեփոխման համար պետք են արմատական փոփոխություններ. պետք է լինի արմատական վեթինգ, անհրաժեշտ է մաքրել դատական համակարգն այն կարկառուններից, որոնք տարիներ շարունակ մասնակից են եղել մարդու իրավունքների խախտումներին՝ չեն ապահովել արդար դատաքննության իրավունքը…

 

-Ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե, որն ունենալու է քննչական ֆունկցիա: Տեսնո՞ւմ եք երաշխիքներ, որ կոմիտեն կարող է իրապես գործել անկախ՝ հաշվի առնելով ՀՔԾ-ի, ՔԿ-ի, ԱԱԾ-ի, Ոստիկանության օրինակները, որոնց ղեկավարին վարչապետն է նշանակում և, ըստ ընդդիմության, ուղիղ հրահանգներ են գնում գործադիրից։ Դա ճիշտ է, թե՝ ոչ, միգուցե հետագայում պարզվի: Ինչո՞ւ Նիկոլ  Փաշինյանը չհրաժարվեց սուպերվարչապետական «կոստյումից», որը «կարված էր» Սերժ Սարգսյանի համար:

 

-Թե ինչո՞ւ չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից, պետք է քննարկման առարկա դառնա: Ենթադրենք, որ դա չարվեց՝ նախկինների ռևանշը կանխելու համար, ժամանակը ցույց տվեց, որ դա անհիմն է: Նախկինների ստեղծած համակարգը պահպանելով և դրանով նախկինների դեմ պայքարելով՝ ինքդ կարող ես ընկնել նրանց ստեղծած ծուղակը… Ավտորիտար կառավարման և պետության բռնազավթման հնարավորությունն ի չիք դարձնելու համար պետք է կառավարման մեխանիզմը փոխել, դարձնել ժողովրդավարական: Իմ համոզմամբ՝ այդ համակարգից չհրաժարվելը պայմանավորված է ժողովրդավարական և իրավական պետության կոնցեպցիան չհասկանալով և Սահմանադրությունը չկարևորելով: Սահմանադրությունը չփոխելով և ուզած թե չուզած նույն գործիքակազմն օգտագործելով՝ նոր իշխանությունները նմանվեցին նախկիններին: Կոսմետիկ փոփոխությունը, որի անունը բարեվարքություն դրեցին, ոչ էլ Սահմանադրական դատարանի կազմում փոփոխություն անելը վեթինգ չէր: Երբ ամբողջ Սահմանադրությունը չես փոխում, տեսնում ենք, որ ընթացքում անպիտան մեքենայի վրա կոսմետիկ փոփոխություններ անելով կամ վարորդին փոխելով, եթե անգամ բարձրակարգ վարորդ լինի, չես կարող խնդիրները լուծել. սա անգրագիտության հետևանք է:

 

-Իսկ քաղաքական նպատակադրում կա՞, այսինքն՝ մտածել, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր տիրապետում լծակներին, հիմա էլ մենք տիրապետենք, ինչո՞ւ փոխենք:

 

-Ամբողջ տրագիկոմեդիան նրանում է, որ մի կողմից ասում են՝ պետական ապարատը փտած է, բայց այդ պետական «ապարատ հասկացության» մեջ, երևի, սաբոտաժ և սաբոտաժի մեջ ինչ-որ մարդկանց են տեսնում, բայց սաբոտաժի մեջ չեն տեսնում այն կառավարման մեխանիզմները, որոնք գոյություն ունեն և որոնցով ղեկավարում են: Դրանք համակարգային կոռուպցիայով երաշխավորվող մեխանիզմներ են, և եթե իրենք ուզենային, պետք է հիմա չդժգոհեին, որովհետև դատավորները պետք է ենթարկվեին իրենց: Այսինքն՝ այն մեղադրանքը, որ ասում են, թե նույն թելադրանքը կա, հիմա կամ պետք է ենթադրենք, որ թելադրանք են անում, բայց չեն կատարում իրենց թելադրանքը, այդ դեպքում սատցվում է, որ ապաշնորհ են նաև համակարգային կոռուպցիայի, տոտալիտար կամ ավտորիտար ոճի մեջ: Անհասկանալի է՝ հիմա իշխանությունը ղեկավարվում է ավտորիտար կառավարման ոճո՞վ։ Եթե այդպես լիներ, ապա շատ լավ կվերցնեին այն, ինչ կար, և կսկսեին դոսյեների և այլ մեխանիզմներով գործել, բայց եթե դժգոհում են, դա նշանակում է՝ նույնիսկ դրան չեն կարողանում տիրապետել: Իսկ հարց է՝ պե՞տք է, որ կարողանային տիրապետել։ Իհարկե՝ չէին կարող տիրապետել, որովհետև բոլորովին այլ մտադրություն և մոտեցում կա, բայց եթե շատ արագ չփոփոխեն Սահմանադրությունը, եթե շարունակեն նույն գործելակերպը, ապա, վստահեցնում եմ, իշխանության ներսում տեղի կունենա լատենտային ճանապարհով, ավտորիտար արժեքները կրողների (որոնք թեկուզ փոքրամասնություն են) բյուրեղացում։ Սա չի լինելու պալատական հեղաշրջում, ինչպես եղավ 1998 թվականին, սա լինելու է իշխանության կերպարանափոխություն, որովհետև այլ տարբերակ այս գործող կառավարման իրավական համակարգը չի տալիս: Այս պրոցեսների տրամաբանությունը գնալու է այդ կանոններին հարմարվելու կամ մեխանիզմներին տիրապետելու ճանապարհով: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ հրաժարական պահանջող ուժերը չեն ասում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև իրենց համար պարզ է, թե իրենց ստեղծածն ինչպես կարելի է օգտագործել: Իշխանությունը շուտափույթ պետք է իրականացնի Սահմանադրության փոփոխություն: Այսինքն՝ այն, ինչ 2018 թվականի հեղափոխությունից հետո պետք է արվեր, հիմա պետք է անի։ Եթե չանի, ապա հենց այս իշխանությունը դառնալու է ավելի ավտորիտար և ավելի է նմանվելու նախորդ իշխանություններին, որոնց ժողովուրդն արդեն մերժել է. դա անխուսափելի է: Սա վտանգ է և ռիսկ։ Եվ սա ռիսկ է ոչ միայն կառավարման համար, այլ հատկապես այս պայմաններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար, որովհետև ինքնիշխանության վերականգման հիմնական երաշխիքը վստահելի կառավարումն է, իսկ վստահելի կառավարումը առանց ժողովրդավարական կառավարման, առանց իշխանությունների տարանջատման և փոխզսպումների, չի կարող երաշխավորված լինել: Մենք տեսանք, որ նախորդ Սահմանադրությունների տրամաբանությամբ չէր կիրառվում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, և անընդհատ խոցելի իշխանություն էր ձևավորում, և մեր ինքնիշխանությունը ժամանակի ընթացքում նվազում էր հենց իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի բացակայության հետևանքով: Թվում է, թե սա վերացական հասկացություն է, բայց այս պահին Ազգային Ժողովը, որպես կայուն քաղաքական մեծամասնություն, երաշխիք չէ ինքնիշխանության համար։ Դատական իշխանության անկախության բացակայությունը նույնպես երաշխիք չէ, գործադիր իշխանությունն արդեն կախվածության մեջ է Կրեմլից, իսկ ինքնիշխանության երաշխիքը հենց տարանջատումն է, երբ իշխանության մի ճյուղը խոցելի է դառնում, մյուս ճյուղերը իրենց անկախության շնորհիվ կարողանում են լրացնել այդ անկախության բացակայությունը: Մենք պետք է հասկանանք, որ ավտորիտար կառավարման և կառավարման այդ մեխանիզմների հետևանքով է, որ մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենում, պարտություններ ենք ունենում: Շատերը փորձում են ասել, որ ժողովրդավարության հետևանքով այս պարտությունը եղավ։ Ո՛չ, ժողովրդավարության դեֆիցիտի հետևանքով եղավ այս պարտությունը, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքների բացակայության հետևանքով էր այս պարտությունը… Պետք է փոխել ավտորիտար կառավարման մեխանիզմը, և այս իշխանությունը պատասխանատվություն է կրելու դա չանելու համար, իսկ չարածի հետևանքով ժողովրդավարության բացակայության մեջ մեղադրելը ժողովրդավարությանը ոչ միայն անհեթեթություն է, այլ նաև գիտակցված կեղծիք։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

factor.am

 

 

views: 21

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color