Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ոչ թե 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, այլ Փաստահավաք խումբ. իշխանությունը պետք է իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը

January 22, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը մերժել են «Իմ քայլի» մեծամասնությունը և ՀՀԿ-ն:

 

Հիշեցնենք, որ ըստ ԼՀԿ առաջարկի՝ Քննիչ հանձնաժողովը պետք է կազմվեր խորհրդարանի վերջին ընտրությանը ԱԺ անցած ուժերից և 3 տոկոսից ավելի ձայն ստացած մյուս երեք կուսակցություններից՝ ՀՅԴ, «Մենք» դաշինք, ՀՀԿ: Բոլոր ուժերը տվել են հավանություն, իսկ ՀՀԿ-ն մերժել է: ՀՀԿ-ն պատճառաբանել է, թե այս իշխանության ժամանակ անհնար է բացահայտել իրական պատկերը:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության դիրքորոշումն այս հարցում էական չէ։ Այդ ուժը չէ, որը, ըստ մեր զրուցակցի, պետք է այս հարցում որոշիչ դերակատարում ունենա:

 

«Դեռևս դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հանձնաժողովը, որ պետք է գնահատեր 1991-2018 թվականների մարդու իրավունքների խախտումները, ցավոք դեռևս չի իրականացրել։ Այստեղ զգալի մասը, եթե ոչ՝  գերակշիռ, այդ կուսակցության կառավարման օրոք մարդու իրավունքների շարունակական ու կոպիտ խախտումներն էին։ Ընդհանրապես հղում անել կամ փորձել կարծիք ստանալ նման կուսակցության կողմից մեր ներկայիս խնդիրների վերաբերյալ՝ անհիմն ու անիմաստ է, որովհետև այդ խնդիրների առաջացման մեջ 20 տարի կառավարող իշխանությունն ուղղակի պատասխանատվություն ունի։ Իհարկե, ներկայիս իշխանությունն էլ ունի այլ բնույթի պատասխանատվություն՝ առ այն, որ չի կարողացել այդ խնդիրների առաջացման պատճառները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրել, ու դրա համար էլ «թացն ու չորը» խառնվել են իրար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ մեր զրուցակցի՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո նույն Հանրապետական կուսակցության ջանքերով ստեղծվեց այդ իրադարձություններն ուսումնասիրող «Փաստահավաք» խումբ ու բավականին արդյունավետ գործեց. «Ճիշտ է՝ հետո կամայական որոշմամբ դադարեցվեցին «Փաստահավաք» խմբի աշխատանքները, բայց այն ժամանակահատվածը, որում աշխատեց, շատ տվյալներ ձեռք բերվեցին, որը հետագայում Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքի համար կարևոր  նշանակություն ունեցավ։ Ուզում եմ ասել, որ առաջին պատասխանատվությունը ներկայիս իշխանությանն է, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, ու իր  պարտավորությունն է այս պատերազմի հետ կապված ողջ ճշմարտությունը բացահայտել ու այդ բացահայտման նպատակով ստեղծել  «Փաստահավաք» հանձնաժողով։ Հաշվի առնելով  արդեն իսկ մեր ունեցած փորձը՝ կարծում եմ, որ ներկա պայմաններում այդ հանձնաժողովը պետք է ունենա նույն ձևաչափը, որը կար Մարտի 1-ի գործով»։

 

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այն չպետք է  բաղկացած լինի քաղաքական ուժերից, պետք է ներգրավված լինեն փորձագետներ ու մասնագետներ. «Պետք է լինեն նաև միջազգային փորձագետներ։ Կարող են լինել տեղեկություններ, որոնք  պետական գաղտնիքներ կարող են պարունակել, ու այդ առումով պետք է նաև  մտածել միջազգային փորձագետների ներգրավման  սահմանների ու անելիքների մասին։ Ընդհանրապես՝ սա պետք է լինի գործող իշխանության պարտավորությունը։ Գործող իշխանությունը պետք է մտածի, որ իր պարտավորությունը պետք է լինի ճշմարտության ամբողջական  բացահայտումը, ոչ թե առանձին հայտարարություններով մեղավորներ փնտրի կամ պատասխանի մեղադրանքներին։ Հենց իշխանությունը պետք է նախաձեռնի, եթե չի նախաձեռնում, ապա  շարունակում է իր պարտավորությունների չկատարումը։ Հարցը տեղափոխել տարբեր հարթակներ, որտեղ անիմաստ է դրանց քննարկումը, և կապ չունի՝ ով է առաջարկել, անպտուղ զբաղմունք է։ Ես հենց պատերազմական գործողությունների ավարտից հետո այդ հարցն առաջադրել եմ, այնպես որ՝ սա իշխանության պատասխանատվությունն է։ Իշխանությունը պետք է նախաձեռնի «Փաստահավաք» խմբի գործընթացը և  անցնի դրա ձևաչափի որոշման ուղղությամբ խորհրդակցությունների։ Խորհրդարանում քննիչ հանձնաժողովի ձևաչափը արդյունավետ լինել չի կարող»։

 

Սաքունցը նաև նշեց, որ մենք դեռևս չունենք ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի եզրակացությունը. «Հրապարակված փաստաթուղթը գոնե հնարավորություն կտա մեզ հասկանալու՝ արդյոք քննիչ հանձնաժողովը արդյունավե՞տ է աշխատել։ Ամեն դեպքում՝  գործընթացը պետք է նախաձեռնել. ինչքան շուտ, այնքան լավ, որպեսզի  44-օրյա պատերազմի հետ կապված շատ տեղեկություններ ստանան սպառիչ պատասխան։ Այսկերպ միայն կարող են զերծ մնալ տարբեր շահարկումներից ու մանիպուլյացիաներից, որոնք ճշմարտության բացակայության հետևանք են։ Դա վերաբերելու է թե՛ քաղաքական կոմպոնենտին, թե՛ ռազմականին, թե՛  հետախուզությանն ու սպառազինությանը և թե՛ նաև պատերազմի ընթացքում կառավարմանը։ Սա  պետության պարտավորությունն է իր քաղաքացիների առջև, ու իշխանությունն է, որ պետք է կրի այդ պատասխանատվությունը։ Սա բարի ցանկություն չէ, այլ պարտավորություն»։

 

1in.am

views: 729

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color