Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Թշնամանքը հենց ԱԱԾ-ն է հրահրում». եզդի իրավաշտպանն իրեն առաջադրված մեղադրանքի մասին

August 6, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Թշնամանքը հենց նախաքննական մարմինն է հրահրում, շատ եզդիներ կան, որ էս պահին ուղղակի վրդովված են այս վերաբերմունքից»․ հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար է մեղադրվում եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը։ Քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) է հարուցել, հիմքը Սուլթանյանի հարցազրույցն է yezidinews.com լրատվամիջոցին։

 

«Լրագրողն, առանց իմ իմացության, հրապարակել էր որպես հարցազրույց, որտեղ մենք խոսում ենք և ես պատմում եմ եզդիական համայնքի խնդիրների մասին։ Քանի որ անձնական զրույց էր, ես խոսում եմ պարզ, բաց տեքստով, միևնույն ժամանակ չեմ հրապարակում այնպիսի տեղեկություններ, որոնք որ կարող էին թշնամանք հրահրել։ Այսինքն՝ խնդիրների մասին խոսելը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ եթե մի տեղում կան խնդիրներ, դեպքեր, որոնք որ, օրինակ, կարող են որևէ քաղաքացու իրավունք ոտնահարել, այդ խնդիրները պետք է լուծվեն, ու մենք բարեկամությունն էդ ձևով ենք պատկերացնում», - ասաց Սուլթանյանը։

 

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահի խոսքով՝ եզդիների կրթության, սեփականության ու այլ իրավունքներին առնչվող խնդիրների վերաբերյալ հարցազրույցը ջնջվել է հենց հրապարակման օրը. ինքն էր պահանջել. սակայն տեքստը պահպանել ու թարգմանել են հայերեն։ Սուլթանյանը պնդում է՝ հայերեն թարգմանության հեղինակը թարգմանչի արտոնագիր չի ունեցել. խեղաթյուրվել է իր խոսքը։

 

«Էնտեղ նշվում է, որ մենք ասում ենք՝ «որքան էլ պաշտպանված է, դա այդքան էլ այդպես չէ», նաև չբացառելով այն հանգամանքը, որ պաշտպանված է, բայց 100 տոկոսով պաշտպանված չէ: Չկա նման հասարակություն, որտեղ մարդու իրավունքները 100 տոկոսով պաշտպանված կլինեն, բայց էստեղ, արի ու տես, որ տեքստը խեղաթյուրվել է ու ներկայացվել է, որ ընդհանրապես պաշտպանված չեն», - ասաց Սաշիկ Սուլթանյանը։

 

Նրա փաստաբան Արայիկ Զալյանը գործն ամբողջությամբ ապօրինի է համարում։ Ըստ նրա՝ դրա հարուցման համար եզդիական պարբերականում հրապարակված հարցազրույցն էլ պարզապես առիթ էր, ոչ թե՝ պատճառ։ Նա ասում է՝ Ազգային անվտանգության ծառայությունում եզդի իրավապաշտպանի մասին դեռ 2020-ի ապրիլին է զեկուցագիր կազմվել, իսկ հարցարզույցը 2020-ի հունիսին է հրապարակվել։

 

«Մարդն ի սկզբանե՝ ապրիլի 2-ից ինչ-որ ձևական զեկուցագրով հայտնվել է ԱԱԾ-ում և Սաշիկ Սուլթանյանն այդ ժամանակահատվածից սկսած ենթարկվել է քրեական հետապնդման, ընդհուպ գաղտնալսումների․ մի քանի ամիս ենթարկվել է գաղտնալսումների և այլ քննչական գործողությունների», - ասաց Զալյանը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի աշխատակիցները դեռ տարիներ առաջ են փորձել հավաքագրել Սուլթանյանին, ինչն արդյունք չի տվել։ «Ցավոք սրտի, նման փորձեր եղել են նաև թավշյա հեղափոխությունից հետո, եթե վերջնականապես Սաշիկ Սուլթանյանը մերժել է նման համագործակցության առաջարկն, ուղղակի հայտնել են, որ իր համար հետագայում դա կունենա որոշակի ազդեցություն», - ասաց Սաքունցը։

 

Ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին բարձրաձայնելը, նույնիսկ եթե դրանում չափազանցություն կա, չպետք է քրեական գործի հարուցման պատճառ դառնա, համոզված է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանն իրավիճակը խորհրդային տարիների հետ է համեմատում․ - «Բարձրաձայնողներին հետապնդել անհեթեթ հոդվածով և պատժիչ գործողություն իրականացնել Ազգային անվտանգության ծառայության միջոցով, դա ուղղակի հանդիսանում է, նորից եմ կրկնում, կարծիքի նկատմամբ հետապնդում»։

 

Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունում վստահ են՝ եզդի իրավապաշտպանը նպատակ է ունեցել «տարածել այնպիսի հայացքներ ու գաղափարներ, որոնք հանրության շրջանում կստեղծեն հայերի և Հայաստանի Հանրապետության բացասական կերպար, կխարխլեն վստահությունն ու հարգանքը, փոխադարձ անվստահություն, ատելություն և արհամարհանք կսերմանեն հայերի ու եզդիների միջև»։

 

Սաշիկ Սուլթանյանն աբսուրդ է որակում ԱԱԾ-ի մեղադրանքն ու այն ուղղորդված համարում․ - «Թե՛ ես, թե՛ Մարդու իրավուքների եզդիական կենտրոնն իր գործունեության ամբողջ ընթացքում միտված է եղել հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը և զարգացմանը, մենք մշտապես կարևորել ենք եղբայրությունը երկու ժողովուրդների միջև, միևնույն ժամանակ, եթե կան խնդիրներ, միշտ բարձրաձայնել ենք էդ խնդիրները և ձեռնամուխ ենք եղել խնդրի լուծմանը»։

 

Սուլթանյանը համոզված է՝ այս քրեական գործը եզդիական համայնքին ավելի է կաշկանդելու։ Առանց այդ էլ փակ համայնքում հիմա ավելի շատ կզգուշանան հրապարակայնորեն բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ այս քրեական գործը ցուցիչ է, թե պետությունն ինչպես է վերաբերվում ազգային փոքրամասնությունների կողմից խնդիրների բարձրաձայնմանը։

 

«Իսկ ես կարո՞ղ եմ ենթադրել, որ այլ դեպքերում, երբ մարդիկ փորձել են բողոքել, կամ փորձել են բարձրաձայնել, այլ միջոցներ են կիրառել, որպեսզի լռեցնեն նրանց ձայնը», - ասաց Սաքունցը։

 

 

azatutyun.am

views: 47

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color