Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

December 5, 2021

Activities | Reports|Information Papers|Brochures | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Joint | Publications | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

     

 

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։  

 

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ: Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես նաև այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։

 

Հիշեցնենք, որ դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ:

 

Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 143 դիտարկված տեղամասերում 08:00-18:00-ի դրությամբ և միջադեպերը՝ արձանագրած շրջիկ դիտորդների կողմից:

 

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 37.6%-ում, ընդհանուր՝ առնվազն 167 դեպք: Սակայն եթե հիմնականում դրանք առանձին, եզակի դեպքեր էին, ապա 6 տեղամասերում դրանք կրել են պարբերական, իսկ ևս 2-ում՝ անընդհատ կրկնվող բնույթ: Միաժամանակ, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքերի և փորձերի հիմնական պատճառներն են եղել քվեարկության կարգի չիմացությունը, քվեարկության գաղտնիությունը չկարևորելը, իսկ 14 տեղամասերում՝ նաև տեսողության խնդիրներն ու լուսավորության բացակայությունը: Դիտորդների գնահատմամբ, այդ դեպքերը պայմանավորված չեն եղել քվեարկության գաղտնիությունն այլ անձի համար բացահայտելու նպատակով: 

 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ տեղամասերից միայն 13-ում է այս խնդիրը պայմանավորված եղել զուտ ընտրողների չիմացությամբ: Միաժամանակ, 2 ընտրատեղամասերում դիտորդները քվեախցիկ մեկից ավելի անձանց մուտքը գնահատում են որպես քվեարկության վերահսկողության ձև: Նշենք, որ այստեղ հաշվի չեն առնվում գրանցված օգնողի միջոցով քվեարկության դեպքերը: Թեև օգնությամբ քվեարկության վերաբերյալ վիճակագրությունը կվերլուծվի քվեարկության ավարտից հետո, այդուհանդերձ, օրվա առաջին կեսին տեղամասերի 23%-ում որպես օգնող անձ էին գրանցվում տվյալ տեղամասի ընտրող չհանդիսացող անձինք, 2 դեպքում օգնող է գրանցվել օգնելու իրավունք չունեցող անձ: Միայն մեկ տեղամասում է դիտարկվել դեպք, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել տեղամասի ընտրող չհանդիսացող անձի կողմից օգնությունը, դուրս է հրավիրել նրան տեղամասից և նշանակել այդ գործառույթի իրականացման համար այլ ընտրողի:

 

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 18%-ում: Այս դեպքերի բացարձակ մեծամասնությունը կապված է եղել վստահված անձանց՝ վկայականը տեսանելի կրելու դժկամության հետ: Զուգահեռաբար, վստահված անձանց վկայականների հետ կապված ևս մի խնդիր է ի հայտ եկել: Մասնավորապես, Աշտարակ համայնքի տեղամասերում ՀՅԴ կուսակցության վստահված անձինք ներկայացնում էին «Հայաստան Դաշինք» գրությամբ վկայականներ: Սակայն ինչպես հաջողվեց պարզել ԿԸՀ պարզաբանմամբ (հաստատվել է նաև դիտորդների կողմից), խնդրի պատճառը սխալ տպված վկայականն էր, որը ձեռքով լրացնելիս «Հայաստան Դաշինքը» գրվել է սխալմամբ և ոչ միտումնավոր:

 

Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։

 

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 12%-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են տեղամասերի 73%-ում: Ընդ որում, մի քանի քվեաթերթիկներով քվեակարգն օգտագործող Արտաշատ և Վանաձոր համայնքների կշիռն այս բոլոր դեպքերի ընդամենը 13% է, մյուս տեղամասերում օգտագործվել է մեկ քվեաթերթիկի մեջ գրիչով նշում կատարելու միջոցով քվեակարգը:

 

Դիտարկված տեղամասերից երկուսում նկատվել են տպագիր քարոզչական նյութեր։ Դիտարկվող տեղամասերի 6%-ի շրջակայքում եղել են քարոզչական պաստառներ: 

 

Դիտարկված տեղամասերի 26%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրական ցուցակներից կամ սարքերից։ Ընտրողների անունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել անձնագրի վավերականության ժամկետով։ Ընտրողներն ուղղորդվել են ոստիկանության անձնագրային բաժին։ Հատկանշական է սակայն, որ մի շարք դեպքերում անձի անունն առկա է եղել տպված ցուցակներում, սակայն բացակայել է տեխնիկական սարքավորումներից։ Նշված դեպքերում հանձնաժողովները հրաժարվել են թույլատրել ընտրողին քվեարկել։

 

Տեղամասային դիտորդների դիտարկած տեղամասերից 3-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ թեկնածուն փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: Նման դեպքեր արձանագրվել են նաև շրջիկ դիտորդների կողմից։

 

Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ դեպքերի 18%-ը եղել է տեղամասային կենտրոնների շուրջ՝ 50 մ շառավղով: 7 տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ գործողություն չեն իրականացրել կուտակումների վերացման համար։ 5-ի դեպքում ձեռնարկվել են գործողություններ, բայց՝ ոչ բավարար։ 

 

Դիտարկված տեղամասերի 5%-ում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք: Տեղամասային դիտորդների կողմից քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն գրանցվել։ Տեղամասերի շրջակայքում գրանցվել է վիճաբանության 2 դեպք։ 

 

Ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է 4 տեղամասերում: 

 

Դիտորդական առաքելության կողմից ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանություն է ուղարկվել չորս հաղորդում և մեկ հարցում:

 

Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

 

«Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

views: 320

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color