Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դա կարող էր չլինել. 2-2,5 տարի հետո նոր խորհրդարան պետք է ընտրվի

November 19, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Ինչպե՞ս եք  գնահատում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ մենք իրական մրցակցության ականատես կլինենք։

 

Անկեղծ ասած, այդքան մեծ ակնկալիքներ չունեմ այս ընտրություններից, որովհետև նախ ինձ համար տարօրինակ է, որ այսքանից հետո ՀՀԿ-ն համարձակվում է առաջադրվել։ Եվ ՀՀԿ-ն, և ՀՅԴ-ն, այսինքն հին քաղաքական համակարգի ոչնչացման համար պատասխանատու քաղաքական ուժերի առաջադրումն արդեն իսկ տարօրինակ եմ համարում։ Միաժամանակ հասկանում եմ, որ կտրուկ, ցանկալի փոփոխությունները հնարավոր չեն։ Նկատի ունեմ, որ մեր քաղաքացիների մի մասի մոտ հին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչները դեռևս ունեն լեգիտիմություն։ Նոր քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացրել ընտրություններին մասնակցելու, իհարկե, նրանց  համար մի փոքր դժվար է, որովհետև այնուամենայնիվ կա ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի անվիճարկելի հեղինակությունը: Հեղափոխությանը մասնակից քաղաքական ուժերի համար դժվարությունը հենց այն է, որ հեղափոխության առաջատար ուժն արդեն անվերապահ առավելություն ունի, և իրենք տեղավորվելու են հեղափոխության աջակիցների շարքերում։

 

Այս ընդհանուր վիճակի վրա, ցավոք սրտի, բացասական ազդեցություն կունենա տարածքային ցուցակներով ընտրության մեխանիզմը։ Դա հենց այն գործիքն էր, որը ՀՀԿ-ն ներմուծեց Ընտրական օրենսգիրք, իր վերարտադրությունն ապահովելու համար։ Հիմա մենք համոզվում ենք, որ դա ՀՀԿ-ի իշխանության գործիքներն են և դրանք որոշակի ազդեցություն կունենան այս ընտրությունների ժամանակ։ Դրանք քաղաքական գործիքներ չեն, այլ տեղական հեղինակությունների, կրիմինալ մեխանիզմների, նաև որոշ դեպքերում ֆինանսական ռեսուրսների դրսևորման և ազդեցության գործիքներ։ Իր բնույթով դա ոչ քաղաքական գործոնները լեգիտիմացնող գործիք է։ Այս ընտրությունների քաղաքական բովանդակությունը կստվերվի այդ ոչ քաղաքական գործիքների առկայությամբ։ Այդ առումով, մենք գործ կունենանք քաղաքական գործոնների և ոչ քաղաքական գործոնների միաժամանակյա գործունեության հետ։ Այսինքն, մենք չկարողացանք այս հեղափոխության տրամաբանությունից ելնելով չեզոքացնել ոչ քաղաքական գործոնների որևէ նշանակություն կամ ազդեցություն ընտրական գործընթացներում։ Ցավոք, միայն իրավապահ մարմինների  միջոցով կկարողանանք կանխել այդ ոչ քաղաքական գործիքների գործողությունները։

 

Կարծում եք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումը լուրջ վտանգնե՞ր է ստեղծել։

 

Չէի ասի լուրջ վտանգներ կան, բայց դա ստվերեց քաղաքական գործընթացը, որի դերը շատ կարևոր է։ Այսինքն մենք հիմա ոչ թե գործ կունենանք հեղափոխության նկատմամբ հանրային պահանջները, ակնկալիքները բավարարող ուժերի միջև մրցապայքարի հետ, թե ով ավելի լավ մեխանիզմներ կառաջարկի արդարադատության, սոցիալական արդարության վերականգնման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, այլ՝ հակաժողովրդավարական, կոռումպացված, քրեածին քաղաքական ուժերի կողմից հեղափոխական ուժերի դեմ պայքարի տրամաբանության հետ։ Այսինքն, դեռևս պետք է հաղթահարենք նախկին համակարգի հետ կապված գործոնները։ Ցավոք, մենք կունենանք ոչ թե լուրջ քաղաքական պայքար, այլ նշանակություն կունենան մանիպուլյացիաները, քանի որ սեփական հանցագործությունների համար պատասխանատվություն չկրած անձինք դեռևս շարունակելու են ունենալ քաղաքական դերակատարում այս նախընտրական փուլում։

 

Շատերը կարծում են, որ ՀՀԿ-ն շատ ուժեղ ցուցակ չի ներկայացրել։ Ամեն դեպքում, կարծում եք, որ ռեյտինգային ընտրությունն օգտագործելով ՀՀԿ-ն կարո՞ղ է ազդել նոր խորհրդարանում ուժերի հարաբերակցության վրա։ Մասնավորապես, ձեր մարզում՝ Լոռիում, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նախկին մարզպետը։

 

Նախկին մարզպետն ուղղակիորեն ներգրավված է եղել Լոռու մարզի առողջապահական, մշակութային հիմնարկների հոգաբարձուների խորհուրդներում, և այդ հիմնադրամների հարցով հիմա քրեական գործեր են հարուցված։ Փաստորեն, տարիներ շարունակ մարդկանց պարտադրել են վճարումներ անել, ու հիմա ինքը նորից հայտ է  ներկայացնում։ Այսինքն դեռևս իրավական գնահատականը չի տրված, այստեղ քննչական մարմինները լուրջ հապաղում են, և քանի որ չկա դատարանի որոշում, նման մարդիկ շարունակում են հանդես գալ նաև քաղաքական ասպարեզում։

 

Քրեական բովանդակությամբ և քրեական գործիքներով մարդկանց ներգրավումն այդ քաղաքական պրոցեսներում չի կարող մտահոգիչ չլինել։ Այստեղ բավական լուրջ տեղեկատվական աշխատանք կա կատարելու և հակադարձելու այն մանիպուլյացիաներին, որոնք կհիմնվեն նոր իշխանությունների կողմից ինչ-ինչ բացթողումների վրա, թեև նոր իշխանությունների բացթողումների մասին ամենևին չես կարող ասել, որ քրեածին են կամ կոռուպցիոն են։ Այսինքն փորձ կարվի նույն հարթության վրա տեղավորել ակնհայտ կոռուպցիոն կառավարման համար պատասխանատու անձանց բացթողումները նոր իշխանությունների շատ տրամաբանական որոշակի խնդիրների հետ։ Դրանք, իհարկե, անհամարժեք համեմատություններ են, բայց հանրային ընկալումներում կփորձեն ցույց տալ, որ նորերը ոչնչով չեն տարբերվում նախորդ իշխանություններից։

 

Ես չգիտեմ, թե դա ինչ ազդեցություն կունենա։ Մյուս կողմից էլ, խնդիրը տեղափոխվում է նաև կազմակերպչական դաշտ, թե ինչպես կկազմակերպվի նախընտրական քարոզչությունը։ Եթե մենք գործ ունենայինք միմիայն քաղաքական պրոցեսի հետ, «սև-սպիտակի» տրամաբանությունը կարող էր վերանալ, բայց երբ կան այնպիսի կուսակցություններ, որոնք կոռումպացմած և ավտորիտար իշխանության կրողներն են եղել, կամ այդ իշխանության դաշնակիցներն են եղել, նրանց ներկայությունը քաղաքական այս պրոցեսների բովանդակությունը նվազեցնում են։ Իսկ այդ ոչ քաղաքական դաշտում սկսում են նաև տարիներ շարունակ կիրառված մեթոդները գործի դրվել, որովհետև իրենք քաղաքական որևէ գործիք չունեն։ Օրինակ, իրենք ինչ պետք է առաջարկեն արդարադատական իշխանության, անցումային արդարադատության ապահովման, իշխանությունների տարանջատման ապահովման, սահմանադրական փոփոխությունների համար, երբ հենց այդ ուժերն այդ  խայտառակ սուպերվարչապետական սահմանադրության հովանավորներն ու աջակիցներն են եղել։

 

Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում։

 

Ես դժվարանում եմ կանխատեսում անել, որովհետև սրանք բոլորովին այլ ընտրություններ են գոնե այն առումով, որ ոչ Բաղրամյան 26-ում, ոչ էլ կառավարության շենքում չեն կանխորոշելու, թե որ ուժերը անցնեն կամ չանցնեն։ Ընտրությունների ելքը որոշելու են քաղաքացիները։ Հիմա հարցն այն է, թե որքանով ՀՀ քաղաքացիները հետևողական և պահանջատեր կլինեն հեղափոխության միջոցով մերժված ավտորիտար կառավարման համար պատասխանատուներին այս ընտրությունների ընթացքում ևս մեկ անգամ մերժելու հարցում, որքանով հետևողական կլինեն հեղափոխությունից ակնկալիքների ապահովման համար իրենց դիրքորոշման մեջ, որքանով տուրք չեն տա րոպեական գայթակղություններին և կլինեն սկզբունքային դիրքորոշման մեջ: Սա միայն ընտրությունների արդյունքում կարող ենք տեսնել։

 

Ես կարծում եմ՝ չպետք է մարդիկ կանգնեին նման երկընտրանքի առջև։ Դա կարող էինք չունենալ, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդունվեին և ռեյտինգային ցուցակների մեխանիզմը հանվեր։ Հիմա մենք կտեսնենք, թե մեզ որքանով կհաջողվի դա։ Իսկ դրա համար լուրջ աշխատանք ունենք կատարելու, որպեսզի թե նախընտրական, թե մինչնախընտրական ժամանակահատվածում օրակարգում պահենք միմիայն քաղաքական ծրագրերը, համակարգային խնդիրների լուծման վերաբերյալ մոտեցումները և որպեսզի տեղ չունենան անձերի վրա կառուցված մոտեցումները:

 

Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում, ըստ էության, ձևավորվում է անցումային խորհրդարան:

 

Այո, ես միանշանակ կարծում եմ, որ նոր Ազգային ժողովն իր բովանդակությամբ լինելու է անցումային, որովհետև այն ամրագրելու է ինչպես ժողովրդավարական, այնպես էլ հակաժողովրդավարական ուժերին, ինչպես հակակոռուպցիոն ուժերին, այնպես էլ կոռուպցիայի համար պատասխանատու ուժերին: Սա կլինի ևս մեկ քայլ առաջ, բայց ամբողջացման համար պետք կլինեն օրենսդրական և սահմանադրական լուրջ փոփոխություններ, որից հետո կարճ ժամանակ անց պետք է կազմակերպել նոր ընտրություններ: Այսինքն ես այս խորհրդարանի գոյությունը, առավելագույնս, տեսնում եմ հենց իմ նշած համակարգային փոփոխությունների լուծման համար: Հետևաբար, առավելագույնը 2-2,5 տարի հետո պետք է նոր խորհրդարան ընտրվի ժողովրդավարական մեխանիզմներով: Տարածքային ցուցակների մեխանիզմն իր ողջ բովանդակությամբ ավտորիտար իշխանության մեխանիզմ է, հակաժողովրդավարական մեխանիզմ է:

 

lragir.am

views: 940

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color