Հատկապես պատերազմից հետո, Սաքունցի պնդմամբ, շատ կարևոր է մթնոլորտի փոփոխությունը։ Ընդգծում է՝ այսօր բանակում դեռ շարունակում են ծառայել 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորականները, և նրանց հոգեբանական վերականգնման աշխատանքները մեծ ջանքեր են պահանջում, որը, իրավապաշտպանի գնահատմամբ, պատշաճ չի կատարվում։
«Երբ որ պարտադիր զինծառայողներին են միայն մեղավոր ճանաչում, իսկ մենք նախորդ տարիների մեր քրեական գործերում, որոնք ներգրավված ենք, պրակտիկան ցույց է տալիս, որ ցավոք սրտի, նաև քրեական գործերի քննության ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվում հենց հրամանատարների պատասխանատվության հարցին, իսկ դրանք ավելի ևս սրվել են և ավելի ակտուալ են դարձել պատերազմից հետո, ապա այս քրեական գործերի պատկերը հենց ուղղակի վկայում է հրամանատարների ոչ պատշաճ աշխատանքի մասին», - շեշտեց իրավապաշտպանը:
Որպեսզի բանակում առաջացած խնդիրները հետո քրեական գործեր չդառնան, պետք է դրան նպաստող գործոնները, պատճառները վերացնել։ Ըստ Սաքունցի՝ թեև բանակում բարեփոխումների մասին հայտարարվել է, կառավարությունը գործողությունների ծրագիր է ներկայացրել, սակայն իրենց դիտարկումները հակառակն են փաստում՝ էական փոփոխություններ դեռ չեն նկատվում։