Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիքներ կան, պետք է դրանք կատարելագործել․Ա․Չախալյան

February 28, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում աշխատողների իրավունքների խախտումներից առավել տարածված են ամենամյա արձակուրդի, աշխատանքային պայմանագրերի, արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարվելու հետ կապված խախտումները։ Սակայն քաղաքացիների մեծ մասը չի պաշտպանում իր խախտված իրավունքները, որովհետև չի ցանկանում մտնել դատական քաշքշուկների մեջ։ Մինչդեռ աշխատանքային վեճերն այլևս կարող են կարգավորվել Առողջապահական և աշխատանքի տեսչության միջոցով՝ արտադատական կարգով։ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում իրականացված հարցման արդյունքներով, սակայն, ԱԱՏՄ գոյության մասին տեղյակ է քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը։ «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությունը՝ ներկայացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության ստանդարտներն ու պահանջները և տարբեր երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չինաստանի և Գերմանիայի փորձը։

 

Factor TV-ի հարցերին պատասխանում է «Արժանապատիվ աշխատանք՝ հիմա՛» ծրագրի իրավաբան-փորձագետ, «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ներկայացուցիչ Արմինե Չախալյանը։

 

-Դուք իրականացրել եք հետազոտություն՝ ուսումնասիրելով աշխարհում աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույցների աշխատանքը, և լավագույն փորձը վերհանելով՝ առաջարկում եք փոփոխություններ կատարել ՀՀ օրենսդրությունում և պետական քաղաքականությունում։ Աշխատողը կարող է խախտված իրավունքները պաշտպանել ինչպես դատարանում, այնպես էլ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչություն դիմելով։ Ի՞նչ բնույթի գործերով եք հորդորում դիմել դատարան, ո՞ր բողոքների դեպքում՝ Տեսչական մարմին։

 

-Բոլոր դեպքերում՝ ընտրում է քաղաքացին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործիքակազմերն այսօր այնպիսին են, որ կարողանում են լուծում տալ այդ վեճերին, եթե, իհարկե, մենք չենք մտել վեճերի բարդ շրջափուլ։ Աշխատող և գործատու հարաբերությունները նուրբ թելով են գնում, և այնտեղ մի շարք կոմպոնենտներ կան՝ վստահություն, գաղտնապահություն, ինֆորմացիայի արտահոսքի բացառում և այլն։ Տվյալ պարագայում՝ ցանկալի է, որ արտադատական մեխանիզմներով վեճերը լուծվեն և գործը չհասնի դատարաններ։

 

-Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու Հայաստանի օրենսդրական բացերի վերհանումն ի՞նչ են ցույց տալիս՝ ի՞նչ նոր գործառույթներ, գործիքներ պետք է ստանա ՀՀ Առողջապահական  և աշխատանքի տեսչական մարմինը։

 

– Ցավոտ կետերից մեկը հետագա աշխատանքային հարաբերությունները պահպանելու խնդիրն է, քանի որ գիտեք՝ իրավական դաշտում շատ գործիքներ կարող ենք օգտագործել, բայց արդյո՞ք դա գործատու-աշխատող հետագա հարաբերություններին չի վնասի, և երբ սպառվեն դատական ատյանները, Տեսչական մարմնի գործիքները, հետագայում ինքը կկարողանա՞ համատեղ աշխատանք իրականացնել և արդյունք ստեղծել։ Ուսումնասիրել ենք ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և մի շարք այլ եվրոպական երկրների փորձը, որը հանգում է հետևյալին՝ կա աշխատանքային վեճերի լուծման երկաստիճան կառավարման համակարգ, որն ԱՄՆ-ում է տարածված և բավականին լավ գործարկվում է։ Առաջին մակարդակում տեսչական մարմինն է, որը ԱՄՆ նախագահի կաբինետի իրավասության շրջանակում է, ֆիքսում է խախտումները, փորձում է լուծումներ տալ՝ եթե այնպիսի գործ չէ, որը հետագայում հասնում է դատարան։ Եթե գործը հասնում է դատարան, արդեն դատական ընթացակարգերով են հետագայում շարժվում։ Բայց կա նաև անկախ մի մարմին, որը հաշտարարի դեր է կատարում գործատուի և աշխատողի հարաբերությունները կարգավորելու շրջանակում։ Ես կարծում եմ՝ այդ գործիքն ու մեթոդը պետք է ներդնենք մեր օրենսդրությունում։

 

-Ինչո՞ւ է անհրաժեշտ հաշտարարությունը ներդնել որպես աշխատանքային վեճերի լուծման գործիք Հայաստանում, որովհետև քաղաքացին կարող է նաև աշխատանքային խնդիր ունենալ պետական մարմինների հետ, և քանի որ ԱԱՏՄ-ն Կառավարությանն առընթեր մարմին է, քաղաքացին կարող է կասկածե՞լ նրա օբյեկտիվության վրա։ Հաշտարարության գործիքի առաջարկն արդյո՞ք այս ռիսկից է բխում։

 

-Կարծում եմ, որ այդքան էլ չէ, որովհետև Տեսչական մարմինը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով կարող է կիրառել տույժ-տուգանքներ, եթե խախտումները չեն վերացվում։ Ես վստահ եմ, որ դա վնասում է գործատու-աշխատող հարաբերությունները և կարող է հանգեցնել հետագա աշխատանքային հարաբերությունների անհնարինությանը։ Այդ համատեքստում ես կարևորում եմ հաշտարարության ինստիտուտի ներդրումը։ Ես Ձեր ակնարկը շատ լավ հասկանում եմ և գիտակցում․ իհարկե՝ մեր առաջարկությունների մեջ կա նաև բարեվարքության, շահերի բախման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման լայնածավալ միջոցառումների ցանկ։ Իմ մտավախությունն այդտեղ չէ, այլ գործատու-աշխատող հարաբերություններում։

 

-Դուք առաջարկում եք նաև Ֆրանսիայի օրինակով Տեսչական մարմնի համար առանձին նախատեսել սեռական կամ բարոյական ոտնձգությունների գրանցման գործառույթը: Այն մարդիկ, որոնք այդպիսի ոտնձգության են ենթարկվում, այսօր կարո՞ղ են աջակցություն ստանալ Տեսչական մարմնից և ի՞նչ կտա այս կարգավորումը։

 

-Ֆրանսիայի այդ օրինակը վերաբերում է իրենց Տեսչական մարմնի գործիքակազմերին՝ Ֆրանսիայի ընդհանուր համակարգի մեջ։ Ոստիկանության, դատախազության կողքին կա նաև մի մարմին, որն արձագանքում է հենց նման դեպքերում և կարողանում է ոչ միայն գործն ինքը հասցնել, այլ գործընկեր կառույցներին է կարողանում ներգրավել նման խնդիրների լուծման շրջանակում։ Իրականում սա չափազանց նուրբ հարց է, և ոչ միշտ է, որ գործատուի կողմից աշխատողին նմանատիպ վերաբերմունքի արժանացնելու մասին բարձրաձայնվում է, նույնիսկ կարող է ընտանիքին չհայտնել մարդը, ուր մնաց՝ Տեսչական մարմին հասնի գործը։ Այդպիսի խնդիր կա նաև մեր հասարակության մտածելակերպի մեջ, և կարծում ենք, որ․․․ նաև իմ գործընկերներն են այս առումով Ֆրանսիայի օրինակը բարձր գնահատել, որ հնարավոր է՝ այդ գործիքակազմը հետագայում նույնպես ներառվի ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործիքակազմի մեջ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


views: 26

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color