ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե խաղաղության և զիջման կողմնակիցները մեր երկրին բերել են պատերազմ ու զոհեր, իսկ ահա «պատերազմի ուժեր» որակվածների իշխանության օրոք՝ 1998-2018 թվականներին, ՀՀ-ն 20 տարի ունեցել է խաղաղություն։ Սա, ըստ Սաղաթելյանի, «իրականություն է, պատմական փաստ է և բացարձակ ճշմարտություն»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 1994 թ. զինադադարից հետո բանակում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն է վարել, որտեղ ներկայացված են նաև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրված մահվան դեպքերը։
Մասնավորապես 2013-ին արձանագրվել է 5, 2014-ին՝ 26, 2015-ին՝ 41, 2016-ին՝ 110, 2017-ին՝ 23, 2018-ին՝ 7 զոհ՝ հրադադարի խախտման հետևանքով։
Նկատենք, որ Ի. Սաղաթելյանի հիշատակած «խաղաղության 20-ամյակ»-ի ընթացքում է տեղի ունեցել Ապրիլյան քառօրյան, որի ժամանակ, ըստ պաշտոնական վիճակագրության, արձանագրվել է 77 զոհ։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին civic.am-ը հարցրեց՝ իսկապե՞ս խաղաղության ժամանակաշրջան էր դաշնակցական պատգամավորի հիշատակած շրջանը։
«Տիպիկ մանիպուլյացիոն հայտարարություն է արել Իշխան Սաղաթելյանը, և նաև՝ սուտ, քանի որ 2016 թ. ապրիլյան պատերազմը ամենախոսուն փաստն է, որ խաղաղություն չի եղել։ Ավելին՝ պատերազմի և խաղաղության դիսկուրսի առումով ժամանակահատվածը պետք է փոքրացնել՝ դիտարկելով 1998-ից սկսած մինչև 2016-ը, և քաղաքականությունը, որն իրականացվել է ՀՀ այդ ժամանակահատվածի ղեկավարության կողմից ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ունեցել է միայն մեկ հիմնական նպատակ՝ ժամանակ շահելը։ Այսինքն, այն բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվեցին 1994 թ. զինադադարի եռակողմ համաձայնագրով, այդ ելակետային ռեսուրսները նախկին իշխանության քաղաքական ղեկավարության կողմից օգտագործվեցին զուտ իշխանության խմբային կարիքների բավարարման համար։ Այն հաղթաթուղթը, որը ճակատամարտում կամ պատերազմում ձեռք էր բերվել զինադադարի համաձայնագրի տեսքով, իրենք չնյութականացրին, խաղաղության պայմանագրի չփոխակերպեցին»,- նշեց Սաքունցը։
Նրա խոսքով՝ անվտանգային ռիսկերը զինադադարից հետո գնալով ոչ թե կասեցվեցին, այլ ավելացվեցին, որքան էլ նախկին իշխանությունների ագիտպրոպը փորձում է խաղաղության շրջանի պատրանք ստեղծել։
«2013 թվականին ԵՄ արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը հանգեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմին։ Կրեմլի հետ խոսակցության ընթացքում զիջելով ինքնիշխանության դիրքերը՝ իբրև թե անվտանգային նկատառումներով, այսպիսով մեծացան անվտանգային ռիսկերը, սպառնալիքները»,- նշեց մեր զրուցակից՝ հավելելով. «Կարևոր է նաև էներգետիկ անվտանգության խնդիրը՝ Հայաստան-Իրան գազամուղը անվտագային կարևոր բաղադրիչ է։ Սակայն դրա փոխարեն մենք ունեցանք «Գազպրոմի» մոնոպոլ դիրքերի ամրագրումը Հայաստանում, և որի պտուղները մենք հիմա քաղում ենք. ՌԴ-ի հանդեպ ակնհայտ պատժամիջոցների պարագայում, երբ շատ երկրներ, ռուս-ուկրաինական պատերազմի վտանգները հաշվի առնելով, ընդհուպ հրաժարվում են ուսական գազից, մենք կախվածության մեջ ենք այդ նույն Ռուսաստանից և ռուսական գազից։ Այսինքն՝ մենք, լինելով փոքր պետություն, չենք դիվերսիֆիկացրել մեր էներգետիկ անվտանգությունը, մի բան, որը պետք է արած լինեինք պատգամավորի նշած այդ «խաղաղության 20-ամյակի» շրջանում։ Եթե մենք ունենայինք իսկապես պետական այր, ազգային անվտանգության հարցերով մտահոգ, այդ անվտանգությունը երաշխավորող, դրա համար պատասխանատվություն վերցրած անձ, ապա էներգետիկ խնդիրների դիվերսիֆիկացիան լուծված կլիներ։ Խաղաղության շրջանի մասին խոսողները պետք է իմանան նաև, որ դա այն շրջանն էր, երբ զինվորների իրավունքների պաշտպանության խնդիրները գտնվում էին այն մակարդակի վրա, որ զինվորական ծառայությունը անվտանգ չէր զինծառայողի համար, դա այն շրջանն էր, երբ գեներալ-բիզնեսմենների մի ամբողջ վերնախավ էր ձևավորվել, որը1994 թ. զինադադարի համաձայնագրի վրա պարազիտանալով զբաղված էր ոչ թե բանակաշինությամբ, այլ դղյակաշինությամբ, պետական ռեսուրսների մսխմամբ։ Իսկ ի՞նչ ասել այն անմեղսունակ պահվածքի մասին, երբ սպառազինությունների ակնհայտ մրցավազքի պայմաններում ՌԴ-ն Ադրբեջանին զենք էր մատակարարում, մերոնք դա որակում էին որպես բիզնես և չէին դիվերսիֆիացնում Զինված ուժերի կատարելագործման աշխատանքները՝ ներգրավվելով այլ անվտանգային ռեսուրսներ, համագործակցության այլ հնարավորություններ։ Եվ ամենակարևորի՝ իրենց կառավարման ամբողջ ընթացքում ՀՀ անվտանգության թիվ մեկ մարտահրավերի՝ համակարգային կոռուպցիայի մասին չմոռանանք, որը ներխուժել էր ամենուր՝ բանակից մինչև կրթական հաստատություններ։ Չմոանանք նաև, որ ԱԺ-ում մինչև 2018 թվականը շուրջ 16 դոլարային միլիոնատերեր կային։ Այս ամենը անվտանգային երաշխիքների խարխլում էր, սրանք ռիսկեր էին, որոնք ժամանակի ընթացքում կուտակվելով, թուլացնելով երկրի պաշտպանունակությունը, ստեղծեցին այն համոզմունքը, որ արդեն ՀՀ-ի նկատմամբ կարելի է զինված մեթոդով խնդիր լուծել»։
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունն այս ամենը փորձում էր սքողել քարոզչական ձևակերպումներով՝ շրջանառության մեջ դնելով տարածաշրջանում ամենամարտունակ բանակի մասին միֆը, որն ի չիք դարձավ 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նույն միֆը՝ ամենամարտունակ և աշխարհում հզրությամբ երկորդ բանակի մասին, ըստ Սաքունցի, ՌԴ-ն էր դրել շրջանաության մեջ, որը ևս այս օրերին ի չիք է դառնում։
«Կներեք՝ 2003-ն էր խաղաղության ժամանակահատվա՞ծ, երբ խայտառակ ձևով ընտրությունների արդյունքները կեղծվեցին, 2004 թվականի ապրիլյան դեպքե՞րն էին խաղաղության ժամանակաշրջան, երբ հետընտրական բողոքի օրերին ջարդվեցին խաղաղ ցուցարարները, 2008-ն էր խաղաղության շրջա՞ն, երբ Երևանի կենտրոնում գնդակահարվեցին քաղաքացիական անձինք։ Էդ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- տարակուսեց Սաքունցը։
Մեր դիտարկմանը՝ Սաղաթելյանը նկատի ունի այն, որ լայնամասշտաբ պատերազմ չի եղել ՀՀ-ի դեմ, ինչպես 2020-ին էր, մեր զրուցակիցն արձագանքեց. «Լայնամասշտաբ պատերազմ է եղել պետության և քաղաքացիների դեմ՝ ի դեմս համակարգային կոռուպցիայի, ազատությունների, իրավունքների շարունակական խախտման ձևով։ Պետության կոնցեպցիան ամբողջությամբ համակարգային կոռուպցիայի կնքահոր ենթակայության տակ դնելը խաղաղության ժամանակաշրջան կոչել հնարավոր չէ։ Տեսնումք եք չէ՞, թե որտեղ են թաքնվում ու պատսպարվում նախկին իշխանության ներկայացուցիչ այն պետական այրերը, որոնց նկատմամբ կոռուպցիոն տարբեր հանցագործությունների համար քրեական գործեր են հարուցվում։ Սա է եղել խաղաղության երաշխիքը՝ կոռուպցիոն համակարգի շահերն են գերակա եղել, և ոչ թե պետության անվտանգության շահերը, դրա հաշվին է եղել իրենց ասած խաղաղությունը։ Բայց գալիս է մի պահ, որ կոռուպցիան համակարգի անվտանգության երաշխավորի՝ ի դեմս մեկ այլ, ավելի մեծ ու անպատժելի կոռուպցիոն համակարգի ներկայացուցչի, շահերը փոխվում են,և ինքը այլևս չի կարող ինչ-որ մի ծայրամասի շահերից ելնելով ձևակերպել իր քաղաքական շահերը»,- նկատեց իրավապաշտպանը։