Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Գնացե՛ք, ես իմ մարդկանց եմ բերում». Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մի խումբ աշխատակիցներ չգիտեն՝ ինչու են ազատվել աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

July 16, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Շուրջ 32 տարի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բուժքույր աշխատող Աննա Հարությունյանը հերթական արձակուրդից հետո ազատվել է աշխատանքից՝ այդպես էլ չհասկանալով՝ որն է պատճառը։

 

«Մարտ ամսին, երբ հիվանդները քչացան, մեզ արձակուրդ ուղարկեցին, մեր այս տարվա մեր հերթական արձակուրդին։ Մեկ ամիս հետո` ապրիլին, ասացին՝ բոլորդ եկեք, ազատման դիմումներ գրեք, որովհետև հիվանդանոցը վերաբազավորվելու է, հետո նորից պայմանագրեր կկնքենք, նորից դիմումներ․․․»,- նշում է Աննա Հարությունյանը։ Հիվանդանոցի բուժաշխատողները, տեսնելով, որ դիմում գրելու և ազատվելու առաջարկը բոլորին է արվում, չեն կասկածել, որ այսպիսով փորձ է արվում իրենց զրկել աշխատանքից։

 

«Մայիսի վերջին արդեն կանչեցին կադրերի բաժին ու ասացին, որ տնօրինությունը չի ուզում ձեզ հետ աշխատել։ Հարցնում ենք բաժնի վարիչին՝ ի՞նչն է պատճառը, ասում է՝ խորհուրդն է որոշել։ Ասում ենք խորհուրդն ո՞վ է։ Էդպես նրանք գցում են խորհրդի վրա, խորհուրդը՝ կադրերի բաժնի, ոչ մի պատասխան չիմացանք»։ Հիվանդանոցի նախկին աշխատակիցը պնդում է՝ երբեք նկատողություն չեն ունեցել, բացատրագիր չեն պահանջել իրենցից, նույնիսկ բաժանմունքի լավագույն բուժքույր է ճանաչվել տարիներ շարունակ։

 

«Երկար տարիներ մեծ սիրով աշխատել ենք, կորոնավիրուսի ժամանակ՝ առավել ևս, այդ ծանր փուլերն անցել ենք ու ցավալի է, որ սրան արժանացանք»,- նշում է Աննա Հարությունյանը։ Նա հիվանդանոցում միակը չէ, ով հայտնվել է նման իրավիճակում։ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» հիվանդանոցի միայն ինֆեկցիոն բաժանմունքից նույն պայմաններում ազատվել են շուրջ 14 աշխատակիցներ:

 

Հետաքրքրական է այն, որ ազատված աշխատակիցները տարբեր՝ իրար հակասող բացատրություններ են ստացել։ «Մայիսի 19-ին մեր բաժնից մի 14 հոգու կանչում են կադրերի բաժին ու տալիս են մի  հրաման, որտեղ նշված է, որ ես և մեր գործատուն համաձայնության ենք եկել՝ իմ աշխատանքային  պայմանագիրը լուծարելու։ Ասում եմ՝ ո՞նց, էս ի՞նչ խաբեություն ա, դուք մեզ խաբե՞լ եք։ Ես չգիտեմ, ասում ա կադրերի վարիչը, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- պատմում է հիվանդանոցում երկար տարիներ որպես բուժքույր աշխատած կինը՝ չցանկանալով ներկայանալ։

 

Աշխատողները, չհասկանալով ինչ է տեղի ունեցել, դիմում են տնօրենին, հետո փոխտնօրենին, սակայն որևէ պարզաբանում չստանալով դիմում են արդեն բաժանմունքի վարիչին։ «Միակ նախադասությունը, որ ես կարողացել եմ որպես պարզաբանում լսել, սա է․ գնացեք, ես իմ մարդկանց եմ բերում, որ էստեղ աշխատեն»,- նշում է հիվանդանոցի նախկին աշխատակիցը։ Սրան զուգահեռ՝ հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվում նոր աշխատակիցներ փնտրելու վերաբերյալ։

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցների ներկայացրածի  հետ կապված  Factor TV-ն դիմեց  բժշկական կենտրոն։ Այստեղ կատարվածի առնչությամբ այլ բացատրություն ներկայացվեց։  Բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Աիդա Կարապետյանը նշեց․ աշխատանքից ազատման պատճառը աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ ու անփույթ իրականացումն է։ «Աշխատանքից ազատման որոշումը եղել է համալիր խնդիրների հետևանք, կարգապահական, մասնագիտական, դեղերի շրջանառության կանոնակարգերի առերևույթ կոպիտ խախտումը»,- նշեց նա։ 

 

Իսկ գրավոր նկատողություններ, զգուշացումներ ունեցե՞լ են, հարցին ի պատասխան, նշեց, որ առհասարակ, բուժկենտրոնի ղեկավարությունը կարող է և՛ նկատողություններ տալ, և՛ չտալ, դա որևէ ձևով պարտադիր պահանջ չէ․ «Եղել է կոպիտ խախտում, որից հետո կարգապահական մի շարք խախտումների հետևանքով բուժքույրերը սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են»։ Հարցին՝ իսկ ո՞րն է պատճառը, որ ոչ թե աշխատանքից ազատման հրաման է ներկայացվել, այլ աշխատակիցներից ազատման դիմում են պահանջել, հիվանդանոցի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել։ Նշենք, որ աշխատանքից ազատված բուժքույրերն ունեցել են անժամկետ աշխատանքային պայմանագրեր։

 

Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ կարգապահական խախտման հիմքով պայմանագիրը լուծարելու դեպքում պետք է պահպանվել սահմանված կարգը․ գործատուն պետք է գրավոր բացատրություն պահանջի աշխատողից, իսկ աշխատողը պետք է ներկայացնի, որի հիման վրա գործատուն կարող է որոշել՝ նկատողություն տալ, իսկ 3 նկատողությունից հետո՝ պայմանագիրը լուծել։

 

Ինչ վերաբերում է կարգապահական խախտումների համար աշխատողին ներկայացված ազատման դիմում գրելու պահանջին, ապա «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի փորձագետ Տիրուհի Վարդանյանը նշում է․ «Այստեղ, հավանաբար,  գործ ունենք աշխատանքային իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի հետ»։

 

«Շատ հաճախ այդ պահին չգիտակցելով իրավական հետևանքները՝ գրվում է դիմումը, ու երբ մի քանի օր հետո գիտակցում է, որ չէ, չպետք է գրեի, ուշ է լինում, հետդարձի մեխանիզմ, որպես էդպիսին, չկա, դիմումը գրված է, հրամանը տրված է»,- նշում է փաստաբանը։ Նրա խոսքով՝ աշխատողի կողմից ազատման դիմում գրելու կարևորագույն նախապայմանը ազատ կամքի արտահայտումն է․  «Հետևաբար` եթե աշխատողը չի ցանկանում լուծել աշխատանքային պայմանագիրը, ոչ ոք չի կարող ստիպել նրան»:

 

«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում հասարակական հետազոտությունների առաջատար խմբի՝ APR group-ի իրականացված հետազոտության համար կատարված հարցման ժամանակ աշխատողներից միայն 2 %-ն է նշել, որ հաճախ լինում են դեպքեր, երբ գործընկերները համախմբվում են՝ ընդդեմ գործատուի՝ աշխատավայրում որևէ խնդրի լուծման կամ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։ Նրանցից միայն 0․6 %-ն է նշել, որ դիմել են դատարան իրենց աշխատանքային իրավունքների վերականգնման հարցով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժաշխատողները պատրաստվում են գնալ մինչև վերջ՝ վերականգնելու իրենց իրավունքները․ նշում են՝ և’ դիմելու են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, և’ դատարան։

 

Ինչ վերաբերում է մոլորեցնելու միջոցով աշխատողից ազատման դիմում ստանալուն, փաստաբան Տիրուհի Վարդանյանը նշում է․ դատական ճանապարհով հնարավոր է վիճարկել աշխատանքից ազատման հրամանը։ «Ո՞նց պետք է հետագայում ապացուցվի մոլորեցված լինելու հանգամանքը, որ քո կամքով չես գրել և այլն, սրանք հետագայում ենթակա են քննարկման։ Պետք է վիճարկվի աշխատանքից ազատման հրամանը, բայց էստեղ՝ ո՞նց կվիճարկվի հրամանի ոչ իրավաչափ լինելը , դա արդեն դատական պրոցեսում կերևա»,- նշում է փաստաբանը։ Արդյոք աշխատակիցներին կհաջողվի՞ վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները, պարզ կլինի հետագայում, այնուամենայնիվ, փաստաբանը նշում է՝ նմանատիպ իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը քաղաքացիների շրջանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է։




© factor.am

views: 83

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color