«Եթե նրանք գտնվում են հոսպիտալային պայմաններում, դժվար թե կարողանան արդեն իրենց նախընտրած հոգեբանի հետ աշխատել։ Չնայած մենք նաև մի գործով դիմել էինք Պաշտպանության նախարարությանը, որպեսզի այդ հնարավորությունը ընձեռվեր նրանց կողմից արդեն սկսած բուժումը ավարտելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։
Նրա գնահատմամբ՝ Կանազի հոգեբուժական հիվանդասենյակները հիշեցնում են ադրբեջանական բանտը. - «Մարդկանց բնակվելու պայմանները պետք է լինեն տարբեր։ Ծանր խոշտանգման ենթարկված անձինք հիմա գտնվում են մի վայրում, որը իրենց հիշեցնում է Բաքվում գտնվելու իրենց պայմանները, իրավիճակը»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այժմ զբաղվում է 17 հայրենադարձվածներից մի քանիսի խնդիրներով։ Սադիկյանն ասում է, որ գերության մեջ խոշտանգված զինվորներին երկար ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար, մի քանի շաբաթվա բուժումը բավարար չէ։ Անգամ Դիլիջանի կենտրոնում բուժում անցած նախկին ռազմագերիներից մի քանիսն այնտեղից դուրս էին եկել խնդիրները չհաղթահարած. - «Որքանով որ ես եմ տեղյակ, այնպես չէ, որ այդ անձինք ամենօրյա հոգեբանական աջակցություն են ստանում։ Հնարավոր է ստանում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես որ կստանային, եթե լինեին հոսպիտալից դուրս։ Ինչո՞ւ եմ ես սա մեջբերում։ Որովհետև մենք արդեն իսկ զբաղվում ենք գերության մեջ գտնված և վերադարձած մի քանի անձանց հետ, այս բժշկական... իրենց կողմից դիմած հոգեկան առողջության հետ կապված մասնագետներին դիմելուց հետո ըստ եզրակացությունների, նրանք ունեն բավականին երկարատև բուժման կարիք, և համալիր բուժման կարիք»։
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված ռազմագերիները հայրենադարձվելուց հետո, այս խնդիրներից բացի, բախվել են նաև վատ վերաբերմունքի։ Ծնողներից մեկն «Ազատությանը» պատմել էր, որ ռազմական ոստիկանության մի պաշտոնյա ակնարկել էր, թե՝ նռնակ չունեի՞ք, որ գերի եք ընկել։ Պաշտպանության նախարարությունը «Ազատությանը» հայտնում է, որ Ռազմական ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու այս դեպքի մանրամասները։
Մինչ այս, Պաշտպանության նախարարությունն անպատասխան է թողել մեր այն հարցը, թե ի վերջո, ինչու չեն քննարկում ռազմագերիներին առհասարակ ծառայությունից ազատելու հարցը։ Օրենքով նման իրավունք չկա։ Այս հարցը իրավապաշտպանները բարձրացնում են արդեն երկու տարի՝ 44-օրյա պատերազմից ի վեր։