Նոր օրենսդրական կարգավորմամբ կարգելվի զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, ինչպես նաև կարգելվի զինվորական համազգեստով հավաքների, կամ հանրային բողոքի ցույցերի մասնակցել։
«Զինված ուժերը որևէ կերպ չպետք է խառնվի քաղաքական հարցերին։ Սա ժողովրդավարական պետության սահմանադրական նորմ է և կայունության կարևոր սկզբունք։ Ներքաղաքական բախումներ զինված ուժերի մասնակցությամբ, քաղաքացիական պատերազմներ և, բնականաբար, պետությունը կայունությունն է կորցնում, զարգացման հնարավորությունները և մարդկային մեծ զոհեր տալիս: Իհարկե, պետք է զինված ուժերը և զինվորականությունը չօգտագործվեն, չմասնակցեն քաղաքական գործընթացներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ միայն օրենքով սահմանված դեպքերում արտաքին վտանգները կանխելու գործառույթը ունի բանակը, կամ ինչ-որ արտակարգ իրավիճակներում, այն էլ խիստ սահմանափակ ժամանակահատվածներում և դեպքերում կարող է օգտագործվի, բայց ո՛չ թե զենքի կիրառման նպատակով, ա՛յլ կանխելու որոշակի վտանգներ:
«Այնպես որ, այո՛, սպաները չպետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, և չպետք է քաղաքական հայտարարություններով հանդես գան: Մարդու ընտրությունն է, եթե որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պետք է դադարեցնի զինվորական կարիերան: Ժողովրդավարական պետություններում կան որոշակի պաշտոններ, որոնք հստակ պետք է լինեն ոչ միայն ապակուսակցական, այլև ապաքաղաքական: Օրինակ՝ դատավորը չպետք է ունենա քաղաքական դիրքորոշումներ, ինքն անձնական կարող է դա ունենալ, բայց չի կարող հրապարակային քաղաքական հայտարարություններով հանդես գալ: Ինքը պետք է իրավունքի սկզբունքների հիման վրա իր դիրքորոշումները ներկայացնի: Դատախազությունը, իրավապահ մարմինները, նաև զինված ուժերի սպաները, իհարկե, չեն կարող նման դիրքորոշումներ հայտնել»,-ասաց իրավապաշտպանը:
Հարցին՝ արդյոք այս փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, Սաքունցը նշեց, որ սա պայմանավորված է մեր շատ վատ պատմության փորձով, որը մենք 30 տարում ունեցել ենք, և որի գագաթնակետը հանդիսացավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո բարձրաստիճան սպաների հայտարարությունը.
«1996-ի սեպտեմբերին, 2008-ի մարտի 1-ին զինված ուժերի ներգրավումը, քարոզչությունը, երբ միշտ զինված ուժերը քաղաքական իշխանությանը կողմ էին քվեարկում․ Ունեցել ենք վատ ժառանգություն և վատ ավանդույթ, երբ զինված ուժերը ներգրավվել են ներքաղաքական խնդիրների կարգավորման մեջ: Դա միշտ էլ հետ է գցել պետությունը»:
Նրա խոսքով՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմությունը օգտագործել է զինված ուժերը, : Այս փոփոխության անհրաժեշտությունը, նրա խոսքով, միշտ է եղել. ժողովրդավարական պետության հիմնական սյուներից մեկը դա է: «Դրա համար ենք ասում, որ պետությունը զավթված է եղել, որովհետև զինված ուժերի օգտագործումը իշխանությունը պահելու համար հենց զավթման ցուցանիշներից մեկն է, ինչն էլ ժողովրդավարության կարևոր սկզբունքների ոտնահարում է»:
Սաքունցի կարծիքով՝ քաղաքական զսպվածության, ներքին քաղաքական իրադարձություններին զինված ուժերի և զինծառայողների մասնակցության արգելքը կարևոր սկզբունք է. հիմա թե դա ինչ մեխանիզմներով կապահովվի, կլինի քրեական պատասխանատվության, թե վարչական, թե ծառայողական պատասխանատվության եղանակով, բոլոր դեպքերում տարբեր գործիքակազմ պետք է կիրառվի:
«Անպայման չի ամեն ինչը քրեական պատասխանատվության տիրույթում դիտարկել: Կախված հայտարարության կամ գործողության ազդեցությունից ու նշանակությունից՝ կարող է լինել, օրինակ, ծառայության անհամատեղելիության հիմքով պաշտոնավարման դադարեցում և հեռացում ԶՈՒ-ից: Կարող են լինել վարչական պատասխանատվության, կարգապահական պատասխանատվության մեխանիզմներ, կարող են լինել նաև քրեական, եթե հայտարարության կամ գործողության հետևանքները ծանր են եղել: Հետևանքները կարող են տարբեր լինել, ինչպես այդ քաղաքական բնույթի գործողությունները միատեսակ լինել: Մի բան է, ասենք, շարքային սպայի հայտարարությունը, մեկ այլ բան է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կամ տեղակալի կամ զորահրամանատարի հայտարարությունը»,-նշեց իրավապաշտպանը: