Activities | Publications | State Institutions | Multimedia
Factor TV-ի եթերում ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բարձրացրել է մի շարք հարցեր հակակոռուպցիոն նոր ռազմավարության ստեղծման վերաբերյալ։
- Իրապես ռազմավարության մշակման աշխատանքները բավականին ինտենսիվ են, բայց ռեսուրսները սահմանափակ են, ժամկետները՝ սեղմ։
• Մի բան է ստեղծել ռազմավարություն՝ որպես փաստաթուղթ, մեկ այլ բան է այն իրավիճակը, որտեղ այդ փաստաթղթում ամրագրված խնդիրները պետք է լուծվեն և գործողությունները իրականացվեն։ Օրինակ՝ մինչև 2018 թվականը պետական գնումների մեծ մասը՝ մոտ 80%-ը, մեկ անձից են կատարվել։ Հեղափոխությունից հետո 2019- 2020-ին տոկոսը նվազում է, այնուհետ՝ 2021-2022-ին նորից ավելանում։ Ի՞նչ ռազմավարություն է պետք, որ այդ պրակտիկան փոխվի։ Ամեն գնման դեպքում պետք է հիմնավորվի, թե ինչով է պայմանավորված եղել մեկ անձից գնում կատարելը։ Պետք է լինի փաստաթղթային հիմնավորում և ներկայացվեն այն հանգամանքներերը, որոնցից ելնելով գնումը կատարվել է։ Բայց նման հիմնավորումներ մենք չենք տեսնում։ Դիցուք՝ Երևան քաղաքի տոնակատարության գնումները, որոնք կատարվել են մեկ անձից։
• Արդյո՞ք ընդլայնվել է տնտեսվարողների կամ պոտենցիալ գնումներ կատարողների շրջանակը, թիվը։ Ոչ ոք նման հաշվետվություն չի ներկայացնում։ Արդյո՞ք այժմյան քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ լինի մրցակցություն, ինչը կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի կարևոր նախադրյալներից մեկն է։ Հայաստանում չի վերացել հովանավորչությունը։
• Կաշառքի ինստիտուտը՝ որպես համակարգային կոռուպցիայի դրսևորում չկա, բայց համակարգային հովանավորչությունը գոյություն ունի։ Կոռուպցիան միայն փող վերցնելը չէ, հովանավորչությունն ինքնին նույնպես կոռուպցիա է։ ՀՔԱՎ-ը բազմիցս բարձրացրել է այն հարցը, որ ԱԺ նախագահի եղբայրը կամ նրա անվան հետ առնչվող ընկերությունը հաճախ մրցույթներում հաղթում է։ Նախկինում էլ էր այդպես, հիշում ենք Սաշիկ Սարգսյանին։ Փոխվե՞լ է մոտեցումները։ Գնացեք և տեսեք ինչպես են համայնքային մակարդակում որոշումները իրականացվում։ Կա ակնհայտ հովանավորչություն տարածքների տնօրինման հետ կապված։ Ավելին՝ հովանավորչության և կոռուպցիոն ռիսկերով գործարքներին դեմ դուրս եկողները անգամ պաշտպանություն չեն ստանում, դիցուք Սպիտակի ծեծկռտուքի դեպքը, որի հիմքում հովանավորչությունն էր և որի մասին ոչ ոք չէր խոսում։
• Ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ անհանդուրժողականությունը թելադրում է հակակոռուպցիոն վարքագիծ ամենաբարձր քաղաքական մակարդակում և ոչ թե հայտարարել՝ ինչ է թե իմ եղբայրն է, ուրեմն իրավունք չունի՞ լինել մասնավոր բիզնեսի ոլորտում։ Եվ, առհասարակ, ինչպես ստացվեց, որ եղբայրը դարձավ 4 տարբեր ընկերությունների տնօրեն։ Նախկինում էլ էին դառնում։ Խնդիրը մտածողության մեջ է։ Որոշ հարցերում անհրաժեշտ է ոչ թե գրել ռազմավարություն, այլ ունենալ քաղաքական կամք։
• Կոռուպցիայի մեխանիզմի ամբողջ հիմքը դրված է սահմանադրության մեջ, մասնավորապես՝ երաշխավորված չէ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Ինչու՞․ պառլամենտի կողմից գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն գոյություն չունի, մեծամասնությունը բացարձակ իշխանություն է ստացել ։ Այս սահմանադրությունն իրենից կոռուպցիայի մեխանիզմ է ենթադրում։ Երբ դու ընտրում ես դատավորներին ձայների բացարձակ մեծամասնությամբ, սա դատական իշխանության ձևավորման բնագավառում քաղաքական մեծամասնության բացարձակ և չվերահսկվող իշխանություն է։ Սա պետության զավթման սահմանադրություն է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է կոռուպցիոն դրսևորումների։
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հայտարարում է, որ հարուստները ինչքան հարստանան, այդքան լավ։ Պետության կայունության և զարգացման կարևոր մեխանիզմը հանդիսանում է միջին խավի տեսակարար կշիռը ամբողջ հանրության մեջ, առնվազն՝ 80-90%։ Իսկ կոնցեպտուալ նման մոտեցումը հրամցնելը նշանակում է սոցիալական բևեռացում, իսկ սոցիալական բևեռացումը հենց հովանավորչություն է։ Լուծելո՞ւ է ռազմավարությունը այդ խնդիրը, ո՛չ։ Հակակոռուպցիոն մեխանիզմներ ստեղծելու համար առաջնային պայմանը պետք է լինի նման քաղաքական կամք ունենալը: