Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կառավարությունը չի մեկնաբանում Պետական պահպանության պետի պաշտոնանկությունը

September 12, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Կառավարությունը չի մեկնաբանում, թե ինչու վարչապետ Փաշինյանը երկու օր առաջ որոշեց աշխատանքից ազատել պետական պաշտոնյաների ու իր անվտանգությունն ապահովող ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին։

 

Գեներալ-մայորը այդ պաշտոնում նշանակվել էր չորս ամիս առաջ, նրա ղեկավարած ծառայության ուղիղ պարտականությունն էր պետական պահպանության տակ գտնվող օբյեկտների անվտանգությունը, դրանց սպառնացող վտանգի կանխատեսումն ու բացահայտումը, օտարերկրյա հյուրերին ուղեկցելը և այլն։

 

Թերացե՞լ է այս պարտականություններում, թե՞ այլ խնդիր է եղել, պաշտոնական որևէ կառույց դեռ չի մեկնաբանում։

 

Մեզ հանդիպած անցորդներն էլ ասացին, որ հետևում են օրվա պրահոսին ու մինչև հիմա պատճառը չգիտեն։ Նրանցից ոմանք սեփական ենթադրություններն ունեին՝ գուցե երկրին վտա՞նգ է սպառնում։

 

«Շատ տարբեր դրդապատճառներ կարա ունենա։ Կարող ա ինչ-որ տեղ թերացել է, կարող ինչ-որ տեղ չի վստահում, չգիտեմ։ Էդ շենքից էկող ցանկացած լուր անհանգստացնում ա, մտածելու տեղիք ա տալիս», - ասաց մի տղամարդ։

 

Մեկ այլ երևանցի նշեց. - «Երկիրը ամենավտանգավոր վիճակում ա գտնվում»։

 

Հովհաննիսյանին պաշտոնից ազատման հրամանագիրը վարչապետը ստորագրել է երկու օր առաջ։ Նույն օրը նրա կինը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել Հայաստանի Պետական պահպանության ծառայության և Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին՝ պատերազմի մեջ գտնվող երկրում իր տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։

 

Երկու ամիս առաջ էլ Փաշինյանն էր շնորհակալություն հայտնել ու պարգևատրել ծառայության մի քանի աշխատակիցների՝ ասելով. - «Ես էլ եմ կիսում ծառայության պետի այն գնահատականը, որ պետական պահպանության ծառայությունը կատարել է, կատարում է իր առջև դրված խնդիրները»։

 

«Քանի դեռ չգիտենք ազատման իրական հիմնավորումները, կարող ենք միայն ենթադրություններ անել», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ լուրջ խնդիր համարելով նախ այն, որ պետական պահպանության ծառայությունը անցած ապրիլին դուրս բերվեց ԱԱԾ-ի կազմից։

 

Որքան էլ հիմնավոր լինեն ազատման պատճառները, ըստ Սաքունցի, կարևոր է, որ խորհրդարանական երկրում խորհրդարանը ևս վերահսկի ՊՊԾ-ն ու անգամ ԱԱԾ-ն, որ պաշտոնանկություններն ու նշանակումները միայն մեկ մարդու որոշմամբ չլինեն. - «Ժողովրդավարական պետությունում գործադիր իշխանության ճյուղում և հատկապես անվտանգային մարմինների նկատմամբ պառլամենտական վերահսկությունը, թեկուզ հատուկ կոմիտեի կամ հատուկ հանձաժողովի կողմից, դա անհրաժեշտ է, որպեսզի ծառայությունը իր գործառույթների իրականացման շրջանակում չարաշահումներ թույլ չտա։ Հիմա միայն գիտենք փաստը, բայց ի՞նչ գործառույթների կատարման թերացման, կամ ի՞նչ խնդիրների հետևանքնով է հեռացվել ծառայության ղեկավարը, տեղյակ չենք։ Դա սուբյեկտ՞վ գործոնով է պայմանավորված, թե՞ օբյեկտիվ»։

 

Այս փուլում, երբ Հայաստանը կանգնած է մարտահրավերների ու դժվարին որոշումների առաջ, փորձագետներից շատերը ահազանգում են՝ հնարավոր է արտաքին ուժերը փորձեն միջամտել ներքին խնդիրներին։

 

Սաքունցը առաջին հերթին վտանգ է տեսնում հյուսիսից՝ դաշնակից Ռուսաստանից, ասում է՝ պակաս հավանական չէ, որ Հայստանում հեղաշրջման փորձեր կարվեն և ոչ միայն. - «Իր դաշնակցային պարտականությունները չկատարող Կրեմլի հետ Ղարաբաղի կոնտեքստում, եռակողմ հայտարարությամբ վերցրած պարտավորությունների չկատարման հետ կապված, Լաչինի միջանցքի բլոկադայի, ռազմագերիների չվերադարձնելու... այսինքն՝ հարցերը կամ խնդիրները առավել քան շատ են, որոնցով պայմավորված Հայաստանի իշխանությունների քննադատական և արդեն հստակ դիրքորոշման հետ կապված այլ գործիքակազմ Ռուսաստանի Դաշնության ռեժիմը, պուտինյան ռեժիմը և Կրեմլը չունի, քան սպառնալիքները և ուղղակի նաև գործողությունները, որոնք կարող են ուղղված լինել կյանքին ու առողջությանը։ Հասկանալի ա, որ էս ֆոնին անվտանգային խնդիրները բավական լուրջ են»։

 

Դեռ անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզության ծառայություն՝ նաև արտաքին վտանգները չեզոքացնելու համար։ Մինչև օրս սակայն այս ուղղությամբ հրապարակային որևէ քայլ չի արվել։

 

views: 37

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color