Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քոչարյանը մոռացել էր, որ մեղադրյալ է եւ հանդես էր գալիս որպես նախագահ

June 21, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Ինչպե՞ս եք գնահատում դատարանում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությունը, որ անհիմն ու ապօրինի դատական ակտ է կայացրել առաջին ատյանի դատարանը՝ Քոչարյանի նկատմամբ ընտրելով անձնական երաշխավորությունը։

 

Ես կարծում եմ, որ Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը մեղմ ասած  արտառոց է, որովհետև անձնական երաշխավորները որոշակի պատասխանատվություն են կրում երաշխավորյալի հանդեպ։ Բայց Հայաստանի իրավական համակարգը նրանց նկատմամբ որևէ ազդեցության լծակ չունի, եթե ասենք երաշխավորյալ անձը խուսափեց կամ փախուստի դիմեց կամ հեռացավ։ Այս առումով շատ ավելի կարևոր է հետևյալը, որ փաստորեն դատարանը կալանքի խափանման այլ միջոցների հարցը չքննարկելով, միանգամից այդ երաշխավորությունն ընդունում է որպես հիմք։ Այս քրեական գործի մեջ քաղաքական գործոնը հանձինս այդ միջնորդության առավել քան առկա է։ Նրանք դա դիտարկում են, ոչ թե իրավական հարթության մեջ, այլ հնարավոր բոլոր քաղաքական լծակներն օգտագործում են իրավական գործընթացը խափանելու, խոչընդոտելու համար։

 

Ազատության մեջ գտնվող Քոչարյանը սպառնալի՞ք է, վտանգ ներկայացնո՞ւմ է։

 

Քոչարյանն ինքը իր գործունեությամբ միշտ վտանգ է  ներկայացրել շրջապատի համար, թե Լեռնային Ղարաբաղում, թե Հայաստանում։ Այնտեղ, որտեղ ինքը գտնվել է, միշտ ինչ-որ տհաճ ու վատ իրավիճակներ են ստեղծվել շրջապատող մարդկանց համար։ Ասենք Պողոս Պողոսյանի հայտնի սպանությունը։ Ընդհանրապես, շրջապատին ու մարդկանց վերաբերվելու տեսակետից նույնիսկ այս դատական պրոցեսի ընթացքում ինքը մոռացել էր, որ մեղադրյալ է և հանդես էր գալիս որպես նախագահ, որը նշանակել է այդ դատավորին և հրահանգում է, որ հրաժարվի այս գործի քննությունից։ Այսինքն ինքն իր նշանակած կադրերի վրա մինչև հիմա փորձում է ազդեցություն ունենալ։ Նա ունի բավական լուրջ ֆինանսական ռեսուրսներ, վերջիվերջո այդ բողոքի ակցիաները՝ պիցցայով, հովանոցներով, այդ մարդիկ հո գաղափարի համար չե՞ն եկել։ Եթե հիմա նրանց հարցնեն, թե ինչպիսի՞ արժեքներ է դավանում Ռոբերտ Քոչարյանը, նրա գործունեության մասին, բացի ընդհանուր իռացիոնալ բառերից, որևէ կոնկրետ բան չեն կարող ներկայացնել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը գաղափարի կրող չի էլ եղել։ Ընդամենը եղել է իշխանության կրողը։

 

Դա ցույց է տալիս, որ եթե նա անազատության մեջ գտնվելով կարողանում էր այդպիսի խառնաշփոթ կամ որոշակի դիմադրություն ստեղծել, ապա հիմա, երբ ազատության մեջ է, բնականաբար, հիմա ժամանակ ունի դա կազմակերպելու, մոբիլիզացնելու։ Նա ունի այնպիսի հովանավոր հանձինս Կրեմլի և Պուտինի, ՌԴ դեսպանի, որոնք անթաքույց իրենց աջակցությունն են հայտնում ծանր, պետության դեմ  հանցագործության մեջ մեղադրվող անձին։ Այսինքն նա նաև նման աջակցություն ունի և իհարկե, լուրջ ազդեցություն կարող է ունենալ։ Նա նաև Արցախի նախկին ու գործող նախագահների վրա ազդեցություն ունի։ Սրանք են ազդեցությունների փաստերը։

 

Արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը։ Արդեն կա քննադատություն, որ նա բավականին երիտասարդ է։ Դուք ինչպես եք գնահատում այդ նշանակումը։ 

 

Ես ընդհանրապես կցանկանայի մեկընդմիշտ պատասխանել երիտասարդ լինելու փաստարկին։ Նախկին կառավարման համակարգի որևէ փորձառու ներկայացուցիչ բացարձակապես պիտանի չէ նոր ժողովրդավարական, իրավական պետության կառավարման կարևոր օղակներում մասնակցելու համար։ Ես չեմ ասում բոլորն են անպիտան, բայց որոշիչ դիրքերում, որը ենթադրում է քաղաքականության մշակում և իրականացում, նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ պիտանի չէ։ Ոչ թե մասնագիտական առումով, այլ մտածելակերպի, վարքագծի, բնույթի, բովանդակության տեսակետից են անպիտան։ Նրանք բոլորը գործել են ավտորիտար, կոշտ կառավարման տրամաբանության շրջանակում, փորձառությունը ձեռք են բերել այդ շրջանակում։

 

Ես ողջունում եմ ընդհանրապես նոր երիտասարդ կադրերի մուտքը, որոնք հեղափոխության իրական շահառուներն են, նորանկախ Հայաստանի քաղաքացիներն են, իրենք իրենց մասնագիտական բնագավառում ներգրավվեն և ղեկավարեն։ Նախկին փորձառությունը մեզ պետք չի, մեզ պետք է նոր փորձառություն, իսկ դրա համար պետք է ներգրավել։ Մենք էլ կաջակցենք։

 

Իշխանությունը խոստանում է այս ամառվա ընթացքում հստակ ներկայացնել վեթինգի մեխանիզմները։ Ինչպե՞ս է պատկերացնում դրա իրականացումը։ Դա առողջացնելո՞ւ է դատական համակարգը՝ հաշվի առնելով, որ դատավորների հիմնական մասը հենց նախորդ իշխանության ներկայացուցիչներն էին։

 

Գիտակցումը կար, որ հեղափոխությունից հետո պետք է ամբողջ պետական ապարատը բարեփոխվի, և մենք շատ շուտ էինք ասում, որ պետք է փոփոխվի նաև դատական համակարգը, բայց երևի Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը խթան հանդիսացավ, որ մի փոքր իրենց էյֆորիայից դուրս գան և գիտակցեն այդ փոփոխության անհրաժեշտությունը։ Իսկ վեթինգը ընդամենը գործիքներից մեկն է։ Դա այս պահին անհրաժեշտ վիրահատական միջամտության գործիք է, որը անհրաժեշտ է առնվազն դատական համակարգում թարմ, նոր ուժեր ներգրավելու համար։ Բայց շատ կարևոր է այդ գործիքի մշակվածությունը։

 

Ցավոք, մենք տեղյակ չենք, թե ինչ աշխատանքային խումբ ձևավորվեց, այսինքն ներառական չէ, մասնակցային չէ։ Մի բան է, որ վեթինգի կիրառմամբ դու ազատվեցիր հին կադրերից, մեկ այլ բան է նոր դատավորներ ներգրավելը։ Ասենք դատավորների 15-20 տոկոսն ազատվեց համակարգից, բայց պետք է նոր դատավորներ ներգրավել։ Չափանիշները պետք է հստակ ու օբյեկտիվ, հասկանալի լինեն։ Ես ակնկալում եմ, որ մինչև վերջնական որոշում ընդունելը գոնե առնվազն մենք տեղյակ լինենք այդ նախագծին, որ կարողանանք պատշաճ մասնակցություն ունենալ այդ վեթինգի իրականացման նախագծին։ Վեթինգը ընդամենը բառ է, և այն գործիք է դառնում, երբ հիմնավորված է լինում, համակողմանի է լինում։ Ցավոք սրտի, ես տեղյակ չեմ, թե ինչ փաստաթուղթ է մշակվում և հույս ունեմ, որ հրապարակային գործելակերպի սկզբունքը, մասնակցայնության սկզբունքը պատշաճ կապահովվի, որպեսզի մենք ևս կարողանանք մասնակից լինել գործընթացին։

 

lragir.am

views: 987

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color