Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Առաջարկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

October 3, 2019

Activities | Law Enforcement Practice Analysis | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2019 | Publications | News | Legislative Proposals | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը առաջարկներ են ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․

 

Բովանդակային առումով նախագիծն ամրագրել է քրեական և քաղաքացիական դատավարությունների զուգորդման հայեցակարգը: Մասնավորապես՝ նախագծի համաձայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու և այն քաղաքացիական դատավարության կարգով հանգուցալուծելու համար հիմքը քրեական գործի կամ նախապատրաստվող նյութերի շրջանակում անձի արարքին քրեաիրավական գնահատական տալն է կամ գոնե քրեաիրավական ընթացակարգերի շրջանակներում իրականացված որոշակի դատավարական գործողությունների իրականացումը, օրինակ` որպես մեղադրյալ ներգրավելը, քրեական գործի վարույթի կասեցումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից մեկով։ 

 

Հիմնախնդրի լուծման առաջարկվող հայեցակարգի պայմաններում կարող են առաջանալ էական հակասություններ և խնդիրներ, որոնք կարող են արժեզրկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քաղաքական նախաձեռնությունները և առաջացնել նաև փակուղիներ՝ առանց իրավական հանգուցալուծումների հնարավորության: Մասնավորապես՝

 

  • նման իրավակարգավորումը անհիմն երկարաձգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օպերատիվություն ենթադրող գործընթացը, քանի որ ուսումնասիրություն սկսելու համար ներկայացված նախագծի 5-րդ հոդվածով թվարկված հիմքերը պահանջում են ժամանակատար գործողություններ քրեական գործերի շրջանակներում կամ գոնե նախապատրաստվող նյութերով, ինչպես օրինակ՝ տարաբնույթ փորձաքննությունների իրականացումը, որոնք պահանջում են ապացուցողական բարձր շեմի հիմնավորում։ Ըստ էության նախատեսված իրավակարգավորումն էականորեն չի տարբերվում գործող օրենսդրությամբ քրեական վարույթի շրջանակներում գույքի բռնագրավման ինստիտուտից, բացառությամբ՝ օրենքի հետադարձ ուժի և ապացուցման բեռը կրող սուբյեկտների տարբերությունից: Մասնավորապես, ի տարբերություն գործող իրավակարգավորման՝ համաձայն որի ապացուցման բեռը կրում է պետությունը, առաջարկվող նախագծով այն դրված է գույքի նկատմամբ իրավունքներ կրողի վրա։

 

  • առաջարկվող տարբերակի պարագայում ուսումնասիրություն կարող է սկսվել նաև քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուց հետո։ Սակայն օրենքով կանխատեսված չեն և համապատասխան իրավակարգավորումներ նախատեսված չեն այնպիսի իրավիճակների համար, երբ անձը ներգրավված է որպես մեղադրյալ, քրեական գործով վարույթի ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը բռնագրավվելուց հետո քրեական գործի վարույթը արդարացնող հիմքով կարճվում է, կամ որոշ ժամանակ անց նոր երևան եկած հանգամանքներով գործի վարույթը վերսկսելու հիմքեր են ի հայտ գալիս։ Այլ կերպ ասած՝ քրեական գործի վարույթը և ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման վարույթը բովանդակային գործողությունների իմաստով կարող են հակասել միմյանց և առաջացնել իրավական կոլիզիաներ։  

 

Գտնում ենք, որ խնդիրն արդյունավետ կարող է կարգավորվել բացառապես ուսումնասիրության շրջանակներում հայտարարագրերի ուսումնասիրության և այլ հիմքերի համադրմամբ ապացույցները քաղաքացիական դատավարության կարգով դատարանում քննարկելու եղանակով։

 

Առաջարկ․

 

  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով այդ գործընթացը քաղաքացիական դատավարության ընթացակարգով հայցի հարուցում «գույքի դեմ»  (in rem) սկզբունքով։ Նման հայեցակարգի դեպքում կիրառելի է ապացույցների բալանսավորման (balance of probabilities) սկզբունքը, համաձայն որի՝ ապացուցման բեռը կրող կողմը դատարանում հաղթում է, եթե 51 տոկոսով ապացուցում է իր պնդումը։ Հայեցակարգային նման լուծումը վկայում է այն մասին, որ հայցերի արդյունքում կիրառվող ներգործության միջոցները կրում են ոչ թե պատժիչ կամ պատասխանատվության ենթարկելու, այլ վերականգնողական բնույթ` տնտեսական շրջանառությունից հանելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը վերադարձնելու պետությանը։ Ընդ որում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերոնշյալ մոտեցումը չի կապում այն հանցագործության փաստի արձանագրման հետ և ապահովում է օպերատիվություն:

 

Հոդված 3, 16-րդ կետ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասու մարմին

 

Ներկայացված նախագծի 3-րդ հոդվածի 16-րդ կետում նախատեսված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասությունը պատկանում է միայն ՀՀ գլխավոր դատախազությանը, բացառելով այլընտրանքի հնարավորությունը և հակակշիռների կիրառումը, ինչը կարող է տալ դատախազությանը հայեցողական լայն հնարավորություններ և առաջ բերել կոռուպցիոն ռիսկեր, քանի որ գործընթացը նախատեսվում է իրականացնել գաղտնիության ռեժիմով։ Այս առումով  նպատակահարմար է նախագծով նախատեսել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նախաձեռնման և հայցի հարուցման այլընտրանքային մարմին, ինչպես օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ 

 

Բացի այդ, իրավակիրառելիության որոշակիության տեսանկյունից ամրագրված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմնի որոշումների բողոքարկման իրավական ուղղորդիչները, ինչը օրենսդրության չիմացության պարագայում կարող է հանգեցնել իրավունքի «սահմանափակման»: 

 

Առաջարկ․

 

 

  • Բացի ՀՀ գլխավոր դատախազությունից, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասու մարմին նախատեսել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

 

  • Նախագծում ամրագրված դրույթների կիրառելիության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ամրագրել, որ իրավասու մարմինների կողմից ուսումնասիրություն նախաձեռնելու վերաբերյալ իրենց լիազորությունների շրջանակում ընդունվող որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։ 

 

 

Հոդված 3, 12-րդ կետ․ Պաշտոնատար անձի հասկացություն

 

Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում պաշտոնատար անձի հասկացությունը մեկնաբանվում է որպես «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» զբաղեցրած անձ։ Վերջին ձևակերպումից հետևում է ակնհայտ տարածական մեկնաբանություն, քանի որ համարժեքության չափելիության կոնկրետ սկզբունք նախագիծը չի նախատեսում, ուստիև հայեցողական մեկնաբանության ու կոռուպցիոն ռիսկերի հավանականությունն աճում է։ 

 

Բացի այդ, որակյալ իրավական ակտի հիմնական չափանիշներից է իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Նշված ձևակերպումը բավարար հստակեցված չէ և, այդպիսով, չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին, տարբեր մեկնաբանությունների և դրանից բխող բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ ՀՀ որևէ օրենսդրական ակտով չի տրվում պաշտոնատար անձին համարժեք պաշտոն զբաղեցնող անձի հասկացության սահմանումը, ուստի նախագծի նման ձևակերպումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։

 

Առաջարկ․

 

  • Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում հստակեցնել «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» հասկացությունը՝ իրավական որոշակիության սկզբունքի իրացումն ապահովելու համար։

 

 

Հոդված 14․ Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառում

 

Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառվում են այն դեպքում, երբ առկա են իրական ռիսկեր բռնագանձվող գույքի օտարման կամ օգտագործման ընթացքում փչացման վերաբերյալ։ Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասում առկա է խիստ վիճարկելի դրույթ, որը վերաբերում է կիրառված հայցի ապահովման միջոցը դատարանի կողմից մասնակիորեն վերացվելու հիմքերից մեկին, մասնավորապես՝ գույքը տիրապետող շահագրգիռ անձի կողմից մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն այն ծառայեցնելու նպատակով վերացմանը։

 

Նախագծի վերոնշյալ ձևակերպումն առաջացնում է տարակուսանք պետության կողմից նույն նպատակի վերաբերյալ միմյանց հակասող գործողություններ նախատեսելու առումով։ Մասնավորապես՝ մի կողմից պետությունն այդ գույքը դիտարկում է որպես ապօրինի ծագում ունեցող՝ նպատակ հետապնդելով այն հանել ապօրինի շրջանառությունից, մյուս կողմից՝ իրավական հնարավորություն է նախատեսում գույքի սեփականատիրոջ համար դրա շահագործումից շահույթ ստանալ և ծառայեցնել նույն անօրինական նպատակներին, ինչին ծառայում է թեկուզ դեռևս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Նախագծի առաջարկն այս առումով վիճարկելի է նաև այն պատճառով, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս այսպես թե այնպես իրավունք ունի անդրադառնալ այդ գույքի կիրառական նշանակությանը, ինչպես նաև գույքի վերաբերյալ ցանկացած այլ հարցի։ 

 

Առաջարկ․

 

 

  • Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասի ձևակերպումից՝ կիրառված հայցի ապահովման միջոցի վերացման հիմքերի շարքից հանել մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերը։

 

 

Գլուխ 5․ Գույքի կառավարում

 

Նախագծի 5-րդ գլուխը վերնագրված է «գույքի կառավարում», սակայն ամբողջությամբ վերաբերում է որպես հայցի ապահովման միջոց կիրառված գույքի կառավարմանը։ Մինչդեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման կարևորագույն նպատակներից մեկը հանդիսանում է բռնագանձված գույքի արդյունավետ կառավարումը՝ ի շահ պետության։ Այս առումով ներկայացված նախագիծը որևէ կերպ չի անդրադարձել քննարկվող խնդրին, ավելին՝ չի նախատեսել որևէ իրավական կարգավորում այս առնչությամբ։ Բռնագանձվող գույքի կառավարման արդյունավետությանը նպաստող մեխանիզմների ամրագրումը ոչ միայն կապահովի նախագծի գաղափարական հենքը: 

 

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6․1-րդ հոդվածը սահմանում է, որ պետական գույքի կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։ Նշված մարմինը օժտված է բավականաչափ ռեսուրսներով՝ կառավարելու ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը։ Այս պարագայում պետության վրա չի դրվում հավելյալ բեռ՝ ստեղծելու հատուկ մարմին՝ նշված գույքի կառավարումն ապահովելու համար։ 

 

Այս պարագայում կարևոր դեր է խաղում նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը՝ որպես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի հանրային հաշվետվողականությունը ապահովող տարր։ Որպես քաղաքացիական հասարակության միավոր, հասարակական կազմակերպություններին պետք է տալ հստակ իրավական լծակներ՝ հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար, հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացումը: 

 

Առաջարկ․

 

 

  • Նախագծում ամրագրել, որ դատական վարույթի արդյունքում բռնագանձված գույքի 95 տոկոսը պետք է ուղղվի պետական գանձապետարան: Մնացյալից, 2.5 տոկոսը անհրաժեշտ է հատկացնել տվյալ վարույթում ներգրավված համապատասխան աշխատակցին/աշխատակիցներին՝ որպես խրախուսում, իսկ մնացած 2.5 տոկոսը՝ փախանցել այն կառույցի բյուջե, որին ներկայացնում է աշխատակիցը/աշխատակիցները: 

 

  • Վերադարձված գույքի 95 տոկոսի առնչությամբ ՀՀ կառավարությունը պետք է կազմի հատուկ ծրագրային բյուջե և վերադարձված գումարը ուղղվի միայն այդ բյուջե: Այս առնչությամբ, ՀՀ կառավարությունը պարտավոր է ապահովել բարձր թափանցիկությունը և այդ նպատակով ստեղծել առանձին կայք/կայքէջ, որը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ, թարմացվի: 

 

  • Անշարժ և շարժական գույքի դեպքում՝ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը փոխանցվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ֆոնդ, իսկ դրա կառավարումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով:

 

 

views: 1266

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color