Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մեղադրանքների համար պետք է ունենալ նաեւ բարոյական իրավունք

September 17, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

 

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունցնախօրեին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ ասելով՝ թե տղամարդ ես` արի ինձ հետ բանավիճի, առանց Նիկոլի։ Մյուս կողմից նա անվանական ձեռնոց նետեց Փաշինյանին՝ ասելով, թե «Իմ Քալը» դաշինքի ցուցակում հիմնականում Սերժ Սարգսյանի «մարդիկ» են։ Ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ է սա ընտրապայքարի և որքանո՞վ է հակահեղափոխականության տրամաբանության մեջ։

 

Անկախ նրանից՝ դա կլինի հեղափոխական, թե մինչ հեղափոխական, թե հետհեղափոխական, ամեն մի կուսակցություն ու թեկնածու պետք է կարողանա իր խոսքը, իր դիրքորոշումն ու գնահատականները կառուցել բացառապես ընտրողների նկատմամբ հարգանքի հիման վրա, որովհետև ցանկացած փորձ, որը կարվի մեկը մյուսին սևացնելու, վարկաբեկելու, կարծում եմ՝ առաջին հերթին, իհարկե, ընտրողը գնահատելու է ոչ թե որպես դրական կամ ինչ-որ ցանկալի քայլ, այլ չի ողջունելու նման մոտեցումները։ Ինչ վերաբերում է մեկը մյուսի ցուցակներում ինչ-որ դրածոներ գտնելուն, ապա մենք բոլորս քաջատեղյակ ենք Հայաստանի քաղաքական իրադարձություններին, պատմությանը, առնվազն գոնե վերջին 15-20 տարվա ընթացքում, նկատի ունեմ հիմնական քաղաքական ուժերը, որոնք առաջադրել են իրենց թեկնածությունը Երևանի ավագանու ընտրություններին, ապա մենք գիտենք, թե ով ում հետ է համագործակցել, ով է իշխանության թելադրանքին ենթարկվել, ով է գործարքի գնացել, ով չի գնացել, ով է եղել սկզբունքային, ով է եղել հետևողական, ով է հետապնդվել, ինչի համար, ով է ընտրակաշառք  բաժանել, ով է ստացել իշխանության հովանավորությունը կամ չի ստացել, ով է հետապնդվել, ընդհուպ մինչև ազատազրկվել, ով է ընդհանրապես իր գոյությունը պահել, անգամ բարգավաճել, ովքեր են իրապես եղել ժողովրդի կողքին, երբ ժողովրդին հետապնդել են, ովքեր են ժողովրդին օգտագործել  իրենց քաղաքական նպատակների կամ ավելի ճիշտ քաղաքական անվանումով իրենց անձնական նպատակների համար։

 

Այս ամենը բոլորիս աչքի առջև է եղել։ Ու հիմա հեղափոխությունը բոլորին է ազատել ՀՀԿ-ական իշխանության դիկտատից։ Հեղափոխությունն ազատեց քաղաքական դաշտը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դիկտատից։ Ի դեպ, այդ ազատագրումը պետք է հանգեցներ ոչ թե նախկին քաղաքական համակարգը ոչնչացնելուն ուղղակի մասնակցություն ունեցած քաղաքական ուժերի վերածննդին կամ ռեինկարնացիային, այլ պետք է իրապես հնարավորություն տար, և այդ հնարավորությունն օգտագործեին թարմ ու նոր խոսք, քաղաքացու շահերից բխող խոսք և նաև շահագրգիռ խոսք ու ծրագիր ասելու համար։ Բայց երբ այնպիսի քաղաքական ուժեր են խոսում ժողովրդի շահերից, որոնք այդ նույն ժողովրդին հալածել են, հետապնդել, աղքատության հասցրել, ընտրակաշառքների մեխանիզմներ կիրառել, ինձ համար մի քիչ տարօրինակ է։ Ինչպես ուզում են, թող գնահատեն, ինչ ուզում են ասեն, բայց որպես դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություն՝ ես բոլորին կհիշեցնեմ, թող կարդան նախորդ ժամանակահատվածներում ընտրությունների ժամանակ որ կուսակցությունն իրեն ինչպես է դրսևորել։ Նկատի ունեմ ընտրակաշառքները, ընտրողների նկատմամբ ճնշումները, իշխանության լծակների մի մասը օգտագործելը։ Իշխանության մեջ գտնվածները որևէ բարոյական իրավունք չունեն անգամ իսկ հայտ ներկայացնելու նոր Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության կառուցման համար։ Առնվազն պետք է քաջություն ունենան ներողություն խնդրելու իրենց սխալների, իրենց նախկին վարքագծի համար։ Եթե չեն գտնում, որ ներողություն խնդրելու, վերագնահատելու կարիքը կա, ապա դա նույնպես գնահատական է, որը ընտրողը պետք է իմանա։

 

Իսկ այսօր փոխադարձ մեղադրանքների համար պետք է ունենալ նաև բարոյական իրավունք։ Խոսքի իրավունքի մասին չէ խոսքը։ Խոսքի իրավունք բոլորը ունեն, բայց ընտրական պրոցեսում մասնակցել և ակնկալել այն նույն քաղաքացիների ձայներն ու աջակցությունը, որոնց շահերի պաշտպանության համար մատը մատին չեն տվել, այլ աստղաբաշխական ունեցվածք են դիզել, ապա իր բովանդակությամբ անհարգալից վերաբերմունք է այդ նույն ընտրողների նկատմամբ։ Ես, իհարկե, չէի ուզենա սև-սպիտակի որակումներով գնահատվեր, ավելի շատ խոսքը վերաբերում է ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական ուժերին՝ բովանդակությամբ, իրենց պատմությամբ և պետության ու քաղաքացիների նկատմամբ իրենց վարքագծով։ Սա է իրական ջրբաժանը. ովքեր են, որոնք իրենց բովանդակությամբ, իրենց մոտեցումներով պատասխանատվությամբ կարող ենք գնահատել որպես ժողովրդավարական, և ովքեր են, որոնք հակաժողովրդավարական են, որոնք ժողովրդավարական քաղաքական համակարգի հայտ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունեն։ Ես հասկանում եմ, որ գայթակղիչ է օգտվել, դրսևորել ազատագրված տարածքում սեփական տեղը արևի տակ պահպանելու համար, բայց պետք է  հարգանք ունենալ այդ ազատագրված տարածքի նկատմամբ, և ոչ թե այն աղճատել, բարոյազրկել հերթական անգամ՝ չունենալով դրա բարոյական իրավունքը։

 

Ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը, սևերի ու սպիտակների վերջնական տարանջատմա՞ն։

 

Այստեղ կա փոփոխությունների համար պատասխանատվություն վերցնող ուժերի և ազատագրված այդ դաշտում իշխանության ձևավորման համար եղած հնարավորություններից օգտվողների միջև պայքար։ Որքան էլ փորձեն Երևանի ավագանին որակել որպես համայնքային նշանակություն ունեցող մարմին և ընտրությունները համարել համայնքային ընտրություններ, այնուամենայնիվ, այս ընտրություններում առաջին անգամ պետք է ՀՀ քաղաքացին հստակ գնահատի քաղաքական ուժերին, թե որ քաղաքական ուժն ունի պատասխանատվություն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և ունի պատախանատվություն ընտրողի առջև։ Ընտրողի առջև պատասխանատվություն ունի այն ուժը, որը նրան չի կաշառել, նրան չի օգտագործել, չի մասնակցել նրա հետապնդմանը, կամ անգործություն չի ցուցաբերել, երբ օրը ցերեկով մարդկանց աչքի առջև ուղղակի ոչնչացնում էին և ծպտուն անգամ չի հանել այդ բոլոր փորձերի ժամանակ։ Այստեղ կարծում եմ՝ հիմնական ջրբաժանը ոչ թե սև ու սպիտակի մեջ է, այլ ժողովրդավարական և հակաժողովրդավարական ուժերի միջև։ Մեր քաղաքական անցած պատմությունը ցույց է տվել, թե ով ով է, ով երբ է եղել ժողովրդի կողքին, երբ է փախել ժողովրդից, ովքեր են, որ քաղաքական կարծիքի ու գործողությունների համար հետանդվողներին աջակից են եղել, և ովքեր են նրանց թողել միայնակ։ Ովքեր են քրեական աշխարհի հետ համագործակցում, և ովքեր չեն համագործակցում։ Այդ մասին կան բազմաթիվ փաստեր, արտահայտություններ, խոսքեր։ Հիմա փորձել Երևանի ավագանու ընտրությունը կուսակցական հարթությունից տեղափոխել միջանձնային հարթություն, նշանակում է  խեղել հենց բուն էությունը։ Սա պայքար է ոչ թե անձերի միջև, այլ նոր ծրագրերի, ժողովրդի առջև պատասխանատվություն վերցնելու պատրաստակամություն հայտնած ուժերի և այդ նույն ժողովրդի քվեները սեփական խմբային շահերի համար պայքարող ուժերի միջև։ Շատ լավ հասկանալի և ընկալելի է սա։ Փորձել այս ամբողջ պրոցեսը տեղափոխել միջանձնային հարթություն՝ իր էությամբ հակաժողովրդավարական է։

 

Շատերը նշում են, որ այս ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստուգատես է։ Հիմա ստեղծված իրավիճակն ինչի՞ կհանգեցնի։

 

Ես չեմ կարծում, որ ինչ-որ բանի կհանգեցնի։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, իրենց պատասխանատու համարող քաղաքական ուժերն իրենց պետք է կոռեկտ պահեն, չհակադարձեն, որովհետև նման վարքագիծն ու բառապաշարը համարում եմ ակնհայտ սադրանք, և գտնվել բացառապես բարեկրթության և քաղաքակիրթ դիրքերում։ Իսկ որևէ իրավախախտման դեպքում անպայման իրավապահ մարմինները պետք է լրջորեն արձագանքեն և կասեցնեն։ Անպատժելիության համակարգին բնորոշ որևէ վարքագիծ, լոթիության և հաբռգածության որևէ վարքագիծ անթույլատրելի է ազատ և արդար ընտրությունների տեսակետից։

 

Երբ Նիկոլ Փաշինյանը սևերի ու սպիտակների է բաժանում պայքարը՝ դրանով ավելի չի՞ խորացնում այս տարանջատումը, թե՞ ինքն էլ է տեսնում վտանգներ։

 

Բացարձակ համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի՝ սև և սպիտակի տարանջատման մոտեցմանը։ Ես կարծում եմ, որ դա անհաջող ձևակերպում է այն բովանդակային խնդիրներին, որոնք մենք ունենք։ Չկա սև ու սպիտակի խնդիր, կա ժողովրդավարական փոփոխություններին հակված, տրամադրված և դրանց համար պատասխանատվություն վերցնող ամբողջ հանրություն, որի ջանքերով հեղափոխությունը եղավ, և կա ժողովրդավարական այս փոփոխությունների հնարավորություններից օգտվողներ, որոնք իրենց բովանդակությամբ ժողովրդավարական չեն և չեն էլ կարող լինել։ Այսինքն՝ կա  ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական ուժերի միջև հստակ պայքար, բայց ոչ թե սև ու սպիտակի։ Սև ու սպիտակը շատ հարաբերական է։ Ես կարծում եմ, որ  գնահատականն ու բառապաշարը պետք է այդպես լիներ։

 

Հեղափոխության համար վտանգ կա՞ այսօր, թե՞ այդ խոսակցություններն էլ են չափազանցված։

 

Կան ռիսկեր։ Ես հակահեղափոխական որակումը չեմ ընդունում. կան հակաժողովրդավարական բովանդակություն, գործելակերպ ունեցող ուժեր և փաստ է, որ հանձինս ԱԺ-ի, այդ ռիսկերը կան, թեկուզ նրանք պասիվ են, բայց կա ՀՀԿ-ական մեծամասնությունը, նույն ԲՀԿ-ն, ու Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ Ռոբսոնի հետ են նկարված։ Իհարկե, ռիսկը կա, տրոյական ձիու այդ տարբերակը միշտ էլ կա։ Դիմացինին մեղադրել մի բանում, որի մեջ դու կաս, առնվազն պետք է փոքր ինչ բարոյականություն ունենալ։

 

Ռոբերտ Քոչարյանն արդեն բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով, թե Փաշինյանը կփոշմանի, որ իր հետ «գլուխ է դրել»։ Որքանո՞վ նա կկարողանա դժգոհ քաղաքական ուժերին կոնսոլիդացնել։

 

Քոչարյանին և ընդհանարապես բոլոր այն քաղաքական անվանումով կամ քաղաքական արտահագուստով, բայց իրենց բովանդակությամբ կրիմինալ խմբավորումներին ես բազմիցս անվանել եմ մաֆիա։ Մաֆիան քաղաքականության հետ որևէ առնչություն չունի։ Քոչարյանն իր ունեցվածքը, տարիներով իր անձեռնմխելիությունը պահպանելով պատրաստ է նույն մաֆիոզ կազմակերպություններին բնորոշ գործիքներով հակադարձել։ Այդ ռիսկը կա, որովհետև Քոչարյանը չի ասում՝ ես ունեմ բավական վստահություն, ունեմ բավական լուրջ ծրագրեր երկիրը փրկելու, քաղաքական նպատակներ։ Նա ուղղակի անձնական սպառնալիք է հղում, թե իզուր է ինձ հետ «գլուխ է դրել»։ Բայց դու գլուխ ունե՞ս, որ քո հետ գլուխ դնեն։ Նա գլխակեր է, և իհարկե, գլխակերից պետք է զգույշ լինել։ Բայց գլխակերների տեղը քրեական արդարադատության բնագավառն է, ոչ թե քաղաքական։

 

Այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ նրան չեն կալանավորում։

 

Դա իրենց իսկ ստեղծած ամբողջ դատական համակարգն է։ Օրենսդիր իշխանությունն, ըստ էության, դեռևս չի փոխվել, և իրենք օգտվում են իրենց կողմից ստեղծված, փչացված կրիմինալացված, բարոյազրկված դատական իշխանության ռեսուրսներից։ Իրենք շատ լավ գիտեն իրենց կադրերից, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում՝ իրենց հաճախորդներին։ Իրենք իրենց այդ գնահատականներով, իրենց հաբռգածությամբ փորձում են իշխանությանը մղել նրան, որ նա էլ դիմի նույն մեթոդներին, ինչին ժամանակին իրենք են դիմել։ Բայց դա կլինի աղետ։ Տվյալ դեպքում իշխանությունները պետք է զուսպ, սկզբունքային, հետևողական լինեն բարեփոխումների ուղղությամբ, գործողությունների առումով։ Քոչարյանն իրապես կարող է միմիայն կրիմինալ խմբերին կոնսոլիդացնել, որոնց գործիքները կարող են ունենալ միմիայն կրիմինալ բնույթ։ Իշխանությունը չպետք է թույլ տա այնպիսի բացթողումներ, որ այդ կրիմինալ խմբավորումները կարողանան դրան քաղաքական երանգ տալ և իրենց քաղաքական ռեաբիլիտացիան անել։

 

Բայց կան իրավական ընթացակարգեր, որոնց իրականացնողները իրենց իսկ կողմից տարիներով բարոյազրկված, բարոյալքված, կառուպցիայի մեջ թաղված մարմիններ են՝ հանձինս դատական իշխանության, Ազգային ժողովի։ Այս պայմաններում, իհարկե, շատ դժվար է։ Դրանում գործադիր իշխանությանը մեղադրելն առնվազն անհեթեթություն է։ Բայց որ քաղաքական իշխանությունը պետք է ջանքեր գործադրի, անընդհատ փոփոխությունների ուղղությամբ քայլեր կատարի, դա միանշանակ է։ Նախաքննական մարմինները պետք է ջանքեր գործադրեն շատ ավելի հետևողական քայլեր իրականացնելու, փաստաթղթավորելու համար՝ հաշվի առնելով բազմաթիվ ռիսկերը, հնարավոր խոչընդոտները։ Պետք է նկատի ունենալ, որ Քոչարյանը բավական լուրջ հակազդող և կրիմինալ ռեսուրս է։ Մենք դա տեսանք հայտնի ձայնագրությամբ, բայց դա որևէ ազդեցություն չի ունենալու։ Քոչարյանն ու իր գլխավորած բանդան միանշանակ դատապարտվելու են։

 

lragir.am

views: 904

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color