Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Վազգեն Ռշտունին քաղաքական հայտարարություն է անում. ԲԴԽ-ն կդիմի նրան ճնշումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար

December 10, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բարձրաձայնում է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից դատական իշխանության վրա ճնշումների մասին։ Նա իր վերջին հարցազրույցում պատասխանելով հարցին, թե այսօր դատական համակարգն, ընդհանուր առմամբ, ունա՞կ է դիմակայել իշխանության մյուս՝ գործադիր ու օրենսդիր ճյուղերից եկող ճնշումներին, որոնց, հարցազրույցի հեղինակի կարծիքով, ականատես ենք լինում, մասնավորապես, վերջին 1-1.5 տարվա ընթացքում, Ռշտունին պատասխանել է. «Ես էլ եմ ձեզ հետ համաձայն, որ կան ճնշումներ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից։ Մինչ այսօր մենք, ընդհանուր համակարգը, կարելի է ասել, դեռևս դիմացել ենք, բայց այստեղ կարևորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները դիմակայելու համար, և ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Հիմա չխոսենք իշխանությունների տարանջատման սկզբունքի և նշանակության մասին, երևի թե կհամաձայնեք, և դա ոչ միայն իմ կարծիքն է, այլև դրա վերաբերյալ կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որ հիմնականում ամենաթույլ վիճակում մշտապես դատական իշխանությունն է, որովհետև որոշակիորեն և ոչ միայն որոշակիորեն, մեծապես կախված է օրենսդիր ու գործադիր իշխանությունների կամքից՝ սկսած դատավորների քանակից, դատարանների բյուջեից և նմանատիպ այլ հարցերից, այդ թվում նաև կարգապահական պատասխանատվության հիմքերից ու մեխանիզմներից։ Այստեղ, իմ կարծիքով, ամեն դեպքում դիմակայելու հետ կապված շատ կարևոր նշանակություն ունի քաղաքական իշխանության կամքը։ Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն համագործակցում, գուցե բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարվում է, կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք և վստահություն, նշանակում է՝ իրականում խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին, թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն, չգիտեմ։ Ավելի հակված եմ մտածելու, որ դժվար թե դիմակայի»։

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն կիսում Վազգեն Ռշտունու կարծիքը։ «Ընդ որում՝ օրենքով, եթե դատավորների նկատմամբ ճնշման փորձ, ճնշման վերաբերյալ ինչ-որ կասկածներ են լինում, իրենք պարտավոր են անմիջապես դրա մասին հայտնել։ Ասեմ ավելին, եթե դատավորը ճնշումների մասին տեղեկատվության է տիրապետում և չի հայտնում, դա նաև կարգապահական պատասխանատվության հիմք է։ Իսկ մեզ մոտ պարոն Ռշտունու կողմից նման տեղեկատվություն չի հայտնվել»,- ասաց Բեքմեզյանը՝ հավելելով. «Այդ մասին պնդումները արվել են հարցազրույցի ժամանակ, և մենք քննարկում ենք նրանից այդ հարցով պարզաբանում ստանալու հնարավորությունը կամ անհրաժեշտությունը։ Մենք կուսումնասիրենք իր հարցազրույցն ամբողջությամբ, քանի որ այդ նախադասությունից հետո այլ պարզաբանումներ է տալիս ինքը։ Երբ որ գտնենք, որ այո, հայտարարությունն առարկայացված է և դա մի քիչ վերացական կարծիք կամ գնահատական չէ, մենք անպայման կփորձենք նրանից գնահատական ստանալ»։

 

Ինչ վերաբերում է իշխանության մյուս երկու ճյուղերի կողմից դատական իշխանության վրա ճնշումներին, Բեքմեզյանն ասաց. «Ես իմ կարծիքը կարող եմ ասել և գտնում եմ, որ ճնշումներ չկան դատական իշխանության վրա»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Վազգեն Ռշտունու հարցազրույցը և հնչեցրած կոնկրետ միտքը գնահատում է որպես «ակնհայտ քաղաքական»՝ անկախ վերջինիս ջանքերի՝ խուսափելու քաղաքական գնահատականներից։ «Դատավոր Ռշտունին ակնհայտ մոռացության է մատնում նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը, որում հստակ ներկայացված էր դատական իշխանությունում տեղի ունեցող խայտառակ վիճակը՝ թե՛ կոռուպցիայի մասին, թե՛ զոնալ դատավորների մասին և թե՛ դատավորների անկախության բացակայության մասին։ Դա արվել էր նախորդ իշխանության ժամանակ։ Ռշտունին, չգիտեմ, ծանոթ է, թե ոչ, բայց առնվազն դատավորներին վերաբերող միջազգային փաստաթղթերում հստակ նշվում է դատական իշխանության կախվածության մասին գործադիր իշխանությունից։ Հայաստանի վերաբերյալ պարբերական զեկույցներում դա մշտապես նշվել է և կոչ է արվել կտրել դատական իշխանության պորտալարը գործադիր իշխանությունից։ Սա նախորդ իշխանության ժամանակ է եղել։ Ռշտունին, չգիտես ինչու, չի անդրադառնում նաև դատարանների նկատմամբ հանրային ցածր վստահության պատճառներին, չի ասում, որ դա տարիներ շարունակ դատավորների կողմից դրսևորած վարքագծի հետևանք է։ Ռշտունին առհասարակ իր գործունեության ժամանակ մինչ օրս որևէ բառ չի ասել որևէ ճնշման մասին։ Այն, որ նա հիմա է խոսում հնարավոր ճնշումների մասին, ես դա լուրջ չեմ համարում։ Ես կարծում եմ, որ իրական ճնշման պարագայում նա չէր բարձրաձայնի դրա մասին՝ իմանալով հանդերձ, թե ճնշումների պարագայում ինքը որտեղ կհայտնվեր։ Հենց այդ հանգամանքն էլ նրան կաշկանդում էր նախկինում առկա ճնշումների մասին բարձրաձայնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Կրկնում եմ, Ռշտունու գնահատականները ես համարում եմ ամբողջովին քաղաքական, ոչ օբյեկտիվ։ Ռշտունին հանդես է գալիս որպես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ և առավել քան հիմնավորում է, որ այս դատական իշխանությունը որևէ դաս չի քաղել իր պատմությունից և կամք չի դրսևորում հույս ունենալու, որ դատական իշխանությունը իրապես կամք ունի վերականգնելու դատավորների և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը»։

 

Իրավապաշտպանի խոսքերով՝ նմանատիպ պնդումները, հայտարարությունները խոսում են այն մասին, որ այսօր դատական իշխանությունը իրապես գտնվում է շատ վատ վիճակում, և իրապես արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։ «Ես ուզում եմ ավելացնել նաև, որ ոչ մի օրենսդիր կամ գործադիր իշխանություն չի կարող հեղինակազրկել, ճնշել հասարակության շրջանում հեղինակություն ունեցող իշխանությանը։ Այդ հեղինակությունը պետք է ունենալ։ Հետևաբար, նման գնահատականները օբյեկտիվ չեն»,-եզրափակեց իրավապաշտպանը։

1in.am

views: 431

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color