Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Կուտոյանի ինքնասպնության շարժառիթներն ու դրդապատճառները պետք է հիմնավորել քննության արդյունքում, որ հասարակության մոտ հարցեր չմնան»․ Իրավապաշտպան

January 30, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով քննչական մարմինները պետք է քննությամբ հիմնավորեն դրդապատճառները, որպեսզի հանրության շրջանում հարցեր չմնան։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Ես կարող եմ հղում կատարել Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ անձնական պատճառներ կան այս գործում։ Այսինքն՝ նման գործողության գնալու համար՝ ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու կամ սպանության դեպքում, անկախ նրանից, թե ինչպես կորակվի, շատ կարևոր է շարժառիթը, դրդապատճառը բացահայտելը։ Հիմա, փաստորեն, ըստ իրենց հրապարակած տեղեկության, դրդապատճառը անձնական է։ Բայց, այնուամենայնիվ, դա խոսք է, հասկանալու համար պետք է քրեական գործի նյութերին ծանոթ լինել, եթե, իհարկե, դա անձնական գաղտնիք չի պարունակում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

 

Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը 1in.am-ին ասել էր, որ Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական դրդապատճառով։

 

Ըստ նրա՝ Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է շուրջ 10 փորձաքննություն։ Այս պահի դրությամբ հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, հարցումներ են ուղարկվել տարբեր միջազգային կազմակերպություններ։

 

«Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը, դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ ինֆորմացիա չհայտնենք: Այս պահին սպանության վարկածը չի քննարկվում։ Այս պահին ուղղությունը տարվում է ինքնասպանության վարկածով։ Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը՝ ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, որովհետև կա տուժողի իրավահաջորդի դիմում»,- ասել էր Հայկ Գրիգորյանը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ եթե պաշտոնյաների մոտ անձնական դրդապատճառներ են առաջանում՝ նման քայլի դիմելու համար, այդտեղ արդեն իսկ մտածելու խնդիր կա։ «Ինքնասպանության կարող են դիմել շատերը, բայց այն, որ նախկին պաշտոնյաներն են ինքնասպանություն գործում, դրա շարժառիթներն ու դրդապատճառները պետք է հիմնավորել քննության արդյունքում»,- ասում է Սաքունցը։

 

Նշենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին իր բնակարանում։ Ըստ քննչական մարմնի՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թ. դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

 

Հարուցվել էր քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ քննչական մարմինն ու դատախազությունը պետք է իրենց կողմից ընդունվելիք որոշումներում հիմնավորեն այդ ինքնասպանության շարժառիթը, առանց որի հստակեցման ու հիմնավորման հնարավոր չէ ասել, որ հանցագործությունը բացահայտված է։

 

«Դրա համար մենք պետք է ունենանք այդ քրեական գործը կարճելու մասին որոշումը։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրվածությունը՝ այդ որոշումը պետք է հրապարակել, որպեսզի հանրության մոտ կասկածներ չմնան»,- հավելում է նա։

 

Ըստ Սաքունցի՝ եթե պարզվում է, որ այս գործով չկա որևէ արտաքին ազդակ, ուղղակի մարդը որոշել է ինքն իր կյանքին վերջ տալ, այս քրեական գործը կարճման ենթակա է։

 

Բայց եթե նույնիսկ անձնական շարժառիթներ են եղել ինքնասպանության համար, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա։ Ինչո՞ւ այդ անձնական շարժառիթները 3-4 տարի առաջ չկային, հարցադրում է անում իրավապաշտպանը։

 

«Բոլոր դեպքերում շատ կարևոր է, որ ոչ թե ձևական հղում կատարվի անձնական շարժառիթներին, այլ դրանք պետք է հիմնավորվեն, որպեսզի նաև ապահովված լինի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության սկզբունքը»,- հավելում է Սաքունցը։

 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ եթե ընտանիքի անդամները չեն ցանկանում, որ իրենց նեղ անձնական կամ ընտանեկան գաղտնիքը հրապարակվի, դրա դեմ ոչինչ անել չեն կարող։

 

«Որքան հասկացա Քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունից, նախաքննություն իրականացնող մարմինն արդեն հանգել է եզրակացության։ Իսկ մնացածը պետք է իրականացվի օրենքի շրջանակներում։ Իհարկե բոլորս էլ կցանկանայինք իմանալ ամբողջ պատկերը, բայց այստեղ կա անձնական կյանքի գաղտնիության հարց»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով գործի հնչեղությունը, հետագայում գուցե որոշ փակագծեր բացվեն։

 

medialab.am

views: 369

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color