Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Որևէ հիմնավորում, լինի արտակարգ դրություն, թե պատերազմական իրավիճակ, չի կարող արդարացնել անձի խոշտանգումը. Արթուր Սաքունց

March 30, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Շաբաթավերջին լրատվամիջոցներն ահազանգեցին, թե ոստիկանությունում խոշտանգման է ենթարկվել քաղաքացի Տիգրան Կարապետյանը։

 

Մասնավորապես, քաղաքացու փաստաբանը նշել էր, որ իր պաշտպանյալին, որն ըստ տեղեկատվության երեկոյան մի փոքր ալկոհոլ օգտագործելուց հետո երեխային դեղ գնելու նպատակով ստիպված է եղել մեքենայով դեղատուն գնալ, կանգնեցրել են ոստիկանները, այնուհետև ծեծել նրան ու տարել ոստիկանության Մալաթիայի բաժին։

 

Ավելի ուշ ոստիկանության տարածած  տեղեկանում ենք, որ դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ)։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը քաղաքացու խոշտանգման մասին թեժ գծին ստացված ահազանգից հետո հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։

 

«Հոդված 3» ակումբը թեմայի շուրջ խոսել է փորձագետների հետ: Բանախոսներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը:

 

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ. Որևէ հիմնավորում, լինի արտակարգ դրություն, թե պատերազմական իրավիճակ, չի կարող արդարացնել անձի խոշտանգումը, արժանապատվության նվաստացումը, որը կարող է ուղեկցվել հոգեբանական կամ ֆիզիկական բռնություններով: Այս առումով ոստիկանության գործողությունները միանշանակ անհամաչափ են, եթե անձի կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ ակնհայտ սպառնալիք, բռնություն կամ նրա կյանքը վտանգող որևէ գործողություն չկա:

 

Ոստիկանության գործողությունները պետք է լինեն հիմնավորված առ այն՝ արդյոք այդ բռնությունների գործադրումը նպատակ է հետապնդել կանխելու քաղաքացու կողմից որևէ անձի կամ ոստիկանության աշխատակցի կյանքին սպառնացող գործողությունները: Տվյալ պարագայում ոստիկանության գործողություններն իրավաչափ ու համաչափ չեն: Ընդհանրապես, արտակարգ դրության ժամանակ շատ հստակ նշված է այն իրավունքների ցանկը, որ սահմանափակվում է կամ կարող է սահմանափակվել:

 

Օրինակ, տեղաշարժի իրավունքը: Բայց նույնիսկ դրա սահմանափակումն ունի իր հիմնավորվածությունը: Դա չի կարող լինել կամայական: Տվյալ քաղաքացու խոշտանգման դեպքով ոստիկանության գործողությունները իրավական հետևանքներ կունենան: Որևէ արտակարգ կամ պատերազմական դրություն, չի կարող կասեցնել կամ սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Ավելին՝ նման իրավիճակներում ավելի հստակ պետք է գործեն այդ մեխանիզմները՝ քրեական գործի հարուցումը, քննության իրականացումը և դատաքննությունը:

 

Ոստիկանությանը կհորդորեի պարզաբանումներ չտալ, որ քաղաքացին է հարվածել ոստիկանին և դրանից հետո են կիրառվել գործողություններ: Ամեն բան պետք է պարզվի քրեական գործի շրջանակներում: Եթե նույնիսկ քաղաքացին հարվածել է, ապա այն միջոցները, որ ոստիկանության աշխատակիցներն են կիրառել, որոնց մասին պատմում է քաղաքացին, եղել են խիստ անհամաչափ և ոչ հիմնավորված: Եթե մարդը ձերբակալվել է, նրա գործողություները կանխվել են, ապա դրանից հետո ի՞նչ նպատակ էին հետապնդում մնացած գործողությունները: Ինչպես կարող են համարվել իրավաչափ՝ մարդու վրա թքելը, նրան նվաստացնելը և բռնությունների շարունակությունը ոստիկանության բաժնում:

 

ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Ոստիկանների կատարած գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար, նախ պետք է հաշվի առնենք թե ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հնարավոր իրավախախտում թույլ տվող անձը, և այդ վտանգն ինչքանով էր ազդելու հասարակական հարաբերությունների վրա։ Ոստիկանության գործողությունների իրավաչափություն ասելով հասկանում ենք գործողություն՝ ուղղված վտանգի կանխարգելմանը և վտանգի գնահատմանը։

 

Երկրորդ․ իրավաչափության մասին խոսելիս պետք է հասկանանք, թե ով էր այդ գործողություն կատարողը։ Պետք է հասկանալ՝ արդյոք քաղաքացիական հագուստով օպերլիազորն իրավունք ուներ կանգնեցնել մեքենան և պարետի ցուցումների շրջանակում ինչ-որ բաներ ստուգել։ Կարծում եմ, որ ոչ, թեպետ օպերները միշտ կարող են մեքենա կանգնեցնել և ինչ-որ բաներ ստուգել, եթե գործ ունենք հանցագործության կանխման հետ։ Ո՛չ հրապարակված տեսագրությունից, ո՛չ էլ որևէ գրառմամբ չի երևում, որ հանցագործություն է կանխվել։ Այդ մարդն այլ բանի մեջ կասկածվելիս չի եղել։ Ընդամենը արագ է վարել, որն իրավախախտում է, և դրա համար համարժեք քննություն պետք է անցկացվի։

 

Երրորդ․ Ոստիկանության որևէ գործողություն չպետք է դիտարկվի որպես վրեժխնդրություն, անգամ եթե դիմացինը իրեն պահում է «անվայել», կատարում է որևէ, այդ թվում վարչական իրավախախտում, հասարակական վայրում հայհոյում է կամ հասարակական կարգ է խախտում։ Անգամ վերը նշված դեպքերում բացառվում է ոստիկանի՝ պաշտոնատար անձի կողմից դիմացինի արարքը զսպելու որևէ գործողություն, որը կարող է որակվել որպես անմարդկային վերաբերմունք կամ խոշտանգում։ Բոլոր դեպքերում սա պետք է բացառել։

 

Կարծում եմ՝ մեքենան կանգնեցնող ոստիկանը, ըստ ոստիկանության մասին օրենքի, ունի ներկայանալու երկու ձև՝ իր համազգեստը և վկայականը, որը պետք է ցույց տա և ասի, թե ինչի շրջանակներում է կանգնեցնում մեքենան։ Բարեվարքությունը, որի մասին այսօր խոսվում է և ներառվում է որոշ ռազմավարությունների մեջ, մեկ օրվա անելիք չէ, և ոստիկանները ևս պետք է հասկանան, որ քաղաքացին, որը նույնիսկ առերևույթ հանցագործություն է կատարել, նրա նկատմամբ հարգալից վերաբերմունքի բացակայությունն անթույլատրելի է՝ անկախ ոստիկանի պաշտոնից և այն հանգամանքից, թե ինչ հանցագործության մեջ է կասկածվում անձը։ Այս դեպքում հանցանքի մեջ կասկածելիություն չկա։ Եթե մարդուն  կանգնեցնում են պարետի որոշմամբ նրա ելումուտի թուղթը ստուգեն, ապա նրա նկատմամբ պետք է լինել հարգալից։ Մարդը, որն այդ պահին գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ըստ ոստիկանության պարզագույն էթիկայի նորմի՝ պետք է թողնել, որ ալկոհոլի ազդեցությունը նվազի, հետո կատարել հարցադրումներն ու գործողությունները։ Եթե արարքն այնպիսին չէ, որ կարող է իրականացվել վարչական ձերբակալություն երեք ժամով, պետք է վերջինիս տուն թողել։

 

Եթե իրավախախտումն այնպիսին է, որ պետք է օրենքով սահմանված կարգով անձին ժամանակավորապես զրկել ազատությունից, ապա պետք է կայացնել որոշումը և միևնույնն է՝ սպասել մինչև մարդն ազատվի ոգելից խմիչքի ազդեցությունից։ Եվ ոստիկանությունը դա կարծես արել է՝ բժիշկ հրավիրելով, որը հնարավորության դեպքում հնարավոր բոլոր միջոցներով պետք է նաև անձին սթափեցներ։ Սթափեցնելու ժամանակը և ոստիկանության ողջամիտ համբերատարությունը պետք է հաշվի առնվի։ Հայհոյանքը մի կողմ, քանի որ սա կարող է ձևակերպել վարչական իրավախախտումների մեջ, նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել, բայց անձի արժանապատվությունը նվաստացնելը, խոշտանգելը կամ որևէ անմարդկային վերաբերմունք, ուղղակի անթույլատրելի է։ Թե ինչ հետևանքներ պետք է լինեն, ոստիկանության, հետաքննության ու նախաքննության մարմինների որոշելիքն է։ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն անդրադարձ է կատարել, հուսանք ուսումնասիրությունները կշարունակեն։ Տվյալ անձի գործողությունները, որտեղ նա հարվածում է ոստիկանին կամ խոչընդոտում է ոստիկանի ծառայության իրականացումը (պետք է հստակ հասկանալ, թե ինչ ծառայություն է այդ պահին մատուցում ոստիկանը) պետք է ուսումնասիրել, եթե իրապես խոչընդոտել է և ֆիզիկական ուժ է գործադրել, ապա դրա համար կա և՛ վարչական իրավախախտումների մասին օրենքը և՛ քրեական օրենսդրությունը։

 

«Հոդված 3» ակումբ


aravot.am

views: 362

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color