Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 23, 2023

Activities | Legal Support | Legal Support | Rights | Media about us | Right to Property

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց փախստականի կարգավիճակ շնորհելը։ Սակայն Հայաստանի կառավարությունը, կարծես, խուսափում է գնալ նման քայլի։

 

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց մի մասն այսօր ձգտում է կառավարությունց ստանալ փախստականի կարգավիճակ՝ վստահ լինելով, որ իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար լրացուցիչ հնարավորություններից բացի, այն կարող է որոշակի իրավական լծակ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց ունեցվածքին տեր կանգնելու, կամ ընդհանրապես՝ հարազատ բնակավայրեր վերադառնալու համար, եթե, իհարկե, համապատասխան պայմաններ ստեղծվեն։

 

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայիրյանը ընտանիքով Հայաստանում է դեռ 2020 թվականից, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին հայրենի Մեծ Թաղեր գյուղը։ Ավելի քան 1 400 բնակիչ ստիպված տեղահանվեց։

 

«Մենք փախստականի կարգավիճակ ուզում էինք նրա համար, որպեսզի միշտ հնարավորություն լինի էդ կարգավիճակը օգտագործել՝ հայրենիք վերադառնելու համար։ Տեսեք՝ էն նոյեմբերի 9-ի կոչված զզվելի թուղթը, որը հիմա արդեն խնդալու էլ ա էլի, որ ինչ-մեկը դրան անդրադառնում ա, էնտեղ գրված ա՝ փախստականները և բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենիք։ Եթե ես ստատուս չունեմ փախստականի կամ բռնի տեղահանվածի, ի՞նչ ստատուսով պտի վերադառնամ իմ հայրենիք»,- ասում է Լևոն Հայիրյանը։

 

Այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով, ինչպես հայտնի է, մոտ 100 հազար հայեր հարկադրված թողեցին հարազատ բնակավայրերը՝ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն։

 

Ավելի քան 20 հազար մարդ էլ թողել էր Լեռնային Ղարաբաղը երեք տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի պատճառով։

 

«Փախստականի կարգավիճակ մեր համայնքի ժողովուրդը սկզբից ուզում էր ձեռք բերել նրա համար, որովհետև մենք որևէ կարգավիճակ չունենք։ Էն որ դուք ասում եք Հայաստանի քաղաքացի․․․ մեզ երբ ուզում ա Հայաստանի իշխանությունները դեմ են անում, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, կարգավիճակ չենք տալիս։ Երբ ուզում են, ասում են՝ դուք Հայաստանի քաղաքացի չեք։ Մասնավորապես, շատ լսած կլինեք, որ բանկերում մեզ հիպոթեքներ-բան չեն տալիս, ասում են՝ ձեր անձնագիրը բան չի․․․ ։ Երբեմն աշխատանքի վերցնելուց՝ ոչ շատ հաճախ, բայց էդպիսի պրոբլեմներ էլ է եղել»,- նշում է Լևոն Հայիրյանը։

 

Հայիրյանի ներկայացմամբ, Հայաստանի իշխանությունները խուսափում են փախստականի կարգավիճակ շնորհել Լեռնային Ղարաբաղը թողած մարդկանց։

 

Թե այս առումով ինչ են մտածում կառավարությունում, կամ նախորդ երեք տարիներին Լեռնային Ղարաբաղիղ տեղահանված որքա՞ն մարդ է ստացել փախստականի կարգավիճակ, «Ամերիկայի ձայնին» չհաջողվեց պարզել․ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այս հարցի վերաբերյալ։

 

Մոտ տասը տարի առաջ՝ Սիրիայում բռնկված ռազմական գործողությունների պատճառով Հայաստանը դարձյալ բախվել էր հայերի զանգվածային գաղթին։ Ծառայության պաշտոնական կայքէջի համաձայն, 2012-2014 թթ-ին Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց թիվը հասել էր 23 հազարի, սակայն փախստականի կարգավիճակ շնորհվել է հազարից քիչ անձնանց։

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը զանգվածային ներգաղթի պայմաններում հատուկ ընթացակարգերի ներդրմամբ (քաղաքացիության ձեռքբերման դյուրացված կարգ) իրավիճակային լուծում տվեց այս թիրախ խմբի իրավաբանական կարգավիճակը սահմանելու ուղղությամբ»,- կարդում ենք կայքէջում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանի խոսքով, փախստականի կարգավիճակի պարագայում մարդիկ կարող են ստանալ դեռ 1951 թվականին ընդունված ՄԱԿ-ի՝ «Փախստականների կարգավիճակի մասին» փաստաթղթով սահմանված «որոշ իրավունքների փաթեթ», քանզի այդ կոնվենցիային մաս կազմող պետությունները, ներառյալ Հայաստանը ստանձնել են որոշակի իրավական պարտավորություններ։ Կան սոցիալական, կրթության որոշ արտոնություններ, բայց այդ իրավունքների շարքում գլխավորը, ըստ ամենայնի, հարազատ բնակավայր վերադառնալու իրավունքն է։

 

«Անհատական հանդիպումներ ենք ունենում բռնի տեղահանված անձանց հետ և փաստաթղթավորում ենք իրավունքի խախտման դեպքերը՝ սեփականության իրավունքի խախտման հիմքով, քանի որ մարդիկ ոչ իրենց կամքով թողել են իրենց տունը, ունեցվածքը, էն, ինչ ունեցել են, իսկ սեփականությունը պաշտպանվում է կոնվենցիոն նորմերով։ Տեղահանվածների իրավունքների պաշտպանություն ենք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասում է Անի Չատինյանը։

 

Այդուհանդերձ, Չատինյանը չբացառեց, որ փախստականի կարգավիճակ ստացած անձինք կկարողանան ավելի դյուրին տեղափոխվել արտերկիր (օրինակ՝ եվրոպական երկրներ)՝ որոշակի իրավունքներով, հնարավորություններով (փախստականի համար նախատեսված է ճամփորդական հատուկ փաստաթուղթ), և պետք չէ բացառել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մի մասի մոտ առկա է նման նպատակ։

 

views: 118

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color