Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արդյո՞ք աշխատավարձի չափը ստույգ արտահայտում է մարդու տաղանդը և խելացիությունը․Անտոն Իվչենկո

May 1, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման մասնագետ Անտոն Իվչենկոն։ Նա մասնավորապես ասաց․

 

«Դեռևս մի տարի առաջ ես և շատերդ նույնիսկ չէինք մտածի գալ Ազգային ժողով հանրային լսումների, պարզապես միամտություն կթվար։ Այսօր մենք եկել ենք հուսալով, որ խորհրդարանը կհաստատի իր հավատարմությունը սոցիալական արդարության, համերաշխության և մասնակցայնության սկզբունքներին։

 

Այս քննարկմանը հասնելու համար մենք ոչ թե տաս, այլ տասնմեկ ամիս ժամանակ ենք կորցրել։ Հարկային բեռը եկամտից դեպի անուղղակի հարկեր տեղափոխելու մասին առաջին հիշատակումը եղել է ժամանակավոր կառավարության ծրագրում, որտեղ այն նախորդում էր յուրաքանչյուր քաղաքացու իր վրա տնտեսական զարգացումը զգալու կառավարության մասին պարբերությանը։

 

Արդեն բազմիցս ասվել է և ես էլ հիշեցնեմ՝ անուղղակի հարկերը հիմնականում ազդում են և բացասաբար են ազդում առաավել լայն շրջանակների վրա՝ քաղաքացիների 65 տոկոսի վրա, որոնք ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։

 

Համահարթ եկամտահարկի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց սեպտեմբերի 6-ի իր ելույթում։ Այն ժամանակ այդ խոսքին երկու արձագանք է եղել՝ Արտակ Մանուկյանը խոստանում էր կենսական ծախսերի համար անհրաժեշտ գումարը չհարկելու մասին առաջարկություն անել, որը դեռևս չի արել։

 

Այդ գումարը կարծես թե պիտի հավասար լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, որի արժեքը ինչպես արդեն նշվել է 7500 դրամով ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձինը։

 

Մյուս կողմից, գործատուների միության հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց այն, ինչ վերջերս կրկնել է որոշակի փոփոխություններով պարոն Վարչապետը․ «Մենք չպետք է մտածենք, որ ինքը շատ է ստանում, ուրեմն, պետք է հարկ վճարի ավելի շատ․ նա ավելի տաղանդավոր է, ավելի խելացի»։

 

Այս տրամաբանությամբ կարելի է նաև պնդել, որ պետական սեկտորում աշխատողները նվազ տաղանդավոր են և խելացի, իսկ կանայք, որ ստանում են տղամարդկանց աշխատավարձի մոտ 65 տոկոսը, ավելի քիչ տաղանդավոր են և ավելի քիչ խելացի։

 

Հիշեցնեմ, Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակուի մոտ 13 տոկոսը կազմել են չաշխատող անձինք, 58 տոկոսը՝ պետական, այդ թվում, համայնքային մարմիններում աշխատողները։

 

Դժվար թե նրանց աշխատավարձը լիներ «մեր ժամանակների հերոս» կոչվելու համար բավարար։ Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների նախընտրական ցուցակները մոտավորապես նույն վիճակում էին։

 

Այդ թեկնածուներին, որոնց մի մասը արդեն պատգամավոր է, ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք աշխատավարձի չափը ստույգ արտահայտում է մարդու տաղանդը և խելացիությունը։ Այդ հարցը շատ հետաքրքիր կլինի գիտաշխատողների, ուսուցիչների, բժիշկների այն շերտի համար, որը աշխատում է աշխատավարձով, որը Հայաստանում չպիտի լինի, աշխատողը չպիտի համաձայնի աշխատել, իսկ գործատուն չպիտի մտածի, որ հնարավոր է աշխատեցնել։

 

Հույս ունեմ՝ մի օր մի բանիմաց տնտեսագետ վերջիվերջո կբացահայտի աշխատուժի գնագոյացման առեղծվածը և այդ հարցը այլևս երբեք չի լինի։

 

Պարոն Բաբկեն Թունյանը վարչապետի սեպտեմբերի լայվից յոթ ամիս անց հրապարակեց առաջարկությունների փաթեթ, որով կարծես թե փորձում էր փարատել համահարթ հարկման հարցով մտահոգված որոշակի խնդիրները։ Աշխատավարձի չհարկվող շեմի մասին խոսակցությունը, ցավոք, դեռևս առկախված է մնացել։ Հուսով եմ, որ այժմ արդեն պատգամավոր Արտակ Մանուկյանը հետևողական կլինի և կներկայացնի չհարկվող շեմի մասին առաջարկություններ։

 

Կարծիք կա, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 74 տոկոսը քվեարկել են Իմ քայլը դաշինքի ծրագրին, որի 6-րդ բաժնի 6-րդ կետում ամրագրված է եկամտային հարկի համահարթեցման մասին դրույթը։

 

Ընկերնե՛ր, նույնիսկ եթե դա լիներ 666-րդ դրույթը կամ չլիներ ընդհանրապես, Իմ քայլը ստանալու էր իր մանդատը։ Իմ քայլը ստացել էր իր մանդատը հեղափոխությունից, իսկ գործունեության երաշխիքն է սահմանադրությունը։

 

Միաժամանակ, այդ ընտրողների մեծ մասը դեռևս իրազեկված չէ այս նախագծի այժմյան տեսքով ընդունվելու դեպքում իր կյանքի որակի վրա երկարաժամկետ բացասական սոցիալական ազդեցության մասին։

 

Ավելին, նույնիսկ կառավարությունը դեռևս տեղյակ չէ, քանի որ սոցիալական ապահովության նախարարությունը դեռևս չունի եզրակացություն և չի արտահայտել նախնական կարծիք։

 

Մենք չենք կարող մեզ թույլ տալ սոցիալական այնպիսի անարդար վիճակի ստեղծում, որտեղ մարդը կրկին իր բողոքը կարտահայտի՝ Հայաստանից խոպան գնալով, եկամուտը թաքցնելով, «նիսյայով» առևտուր անելուց հետո ՀԴՄ չպահանջելով և «մեկ ա, բան չի փոխվելու» ասելով։

 

Իրազեկեք հանրությանը, լսեք՝ թե՛ մասնագետների, թե՛ «հասարակ մարդկանց» մտահոգությունները։ Հե՛տ ուղարկեք նախագիծը, փոխարենը՝ գործուն մեխանիզմներ, պրոգրեսիվ հարկային օրենսդրություն և արդյունավետ հարկային վարչարարություն նախատեսող մեխանիզմներ մշակեք»։ 

 

infocom.am

 

Տեսանյութը

 

views: 754

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color