Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ահազանգեր ենք ստանում, որ դատապարտյալներին չեն տրամադրում պաշտպանիչ, ախտահանիչ նյութեր կամ տասն օրը մեկ են բաժանում». Ռոբերտ Ռևազյան

April 9, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մթնոլորտ, որ կա ռիսկ, չնկատեցինք, պահվածքը, ապահովվածությունը, լրջությունը չէր զգացվում»,- «Մեդիա կենտրոնի» կողմից տեսակապի միջոցով կազմակերպված «ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը. դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց» թեմայով քննարկմանը, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դրության օրերին գրանցված իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

 

Նա կարևորեց արտակարգ դրության պայմաններում կառավարումը և ասաց. «Արտակարգ դրության օրերին, պարզ է, որ քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններն արգելվեցին: Բայց դրանք պետք է այլ ձևով փոխարինվեին՝ օրինակ՝ տեսակապով ապահովվեին: Սակայն մենք նման ուղերձ չստացանք քրեակատարողական հիմնարկների ղեկավարներից: Դրա համար գոնե արդարադատության նախարարության կողմից համապատասխան իրավական ակտը, հրահանգը պետք է լիներ:

 

Վարակի ներթափանցումը կանխելու համար այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի բնույթով պետք է շփվեն արդեն մեկուսացած անձանց հետ, ապահովված պիտի լինեն անվտանգության բոլոր միջոցներով: Ես պնդում եմ, որ նման միջոցներով ապահովված չեն, խոսքը վերաբերում է նաև բժիշկների արտահագուստին: Գիտեմ, որ ռեսուրսների սղություն կա, բայց հատկապես այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ կա առողջական ֆոն և բժշկական անձնակազմը՝ չորս- հինգ հոգի են, գոնե կարելի էր ապահովել»:

 

Ամփոփելով ճգնաժամային իրավիճակներոմ կառավարման թեման՝ Արթուր Սաքունցն ասաց. «Պետք է այս հակաճգնաժամային կառավարումը մշակել շատ ավելի երկար ժամանակի համար: Պետք է բոլոր խնդիրները լուծվեն մարդու իրավունքների նվազագույն չափանիշների ապահովման տեսակետից: Չի կարող ընդունելի լինել որևէ լուծում, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտմանը: Նույնիսկ կորոնավիրուսը: Ճիշտ է՝ ժամանակին ասում էին, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է,  որ մեզ հաղթի, բայց իրապես կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մարդու իրավունքների վրայով անցնի: Այս առումով պետության պարտավորությունն է»:

 

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների մասով արձագանքն ուշացած էր. «Միայն այս շաբաթվա սկզբին մենք դատախազության կողմից հայտարարություն տեսանք այն մասին, որ մինչդատական փուլում և դատական քննության փուլում որոշակի տարիքային խմբի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի: Երկու օր առաջ հրապարակվեցին ազատ արձակված  կալանավորված անձանց մասին տեղեկություններ: Առանձին վերցված չի կարող ազատազրկված անձանց հարցը քննարկվել: Ինքնին ՔԿՀ-ների արձագանքը պետք է դիտել վարույթն իրականացնող մարմին, ոստիկանություն և դատարաններ համատեքստում, թե ինչպիսի արձագանք են տալիս նրանք իրավիճակին: Ես պետության արձագանքը գնահատում եմ չափազանց ուշացած: Միայն ապրիլի 3-ին, 7-ին դատախազության կողմից նման հայտարարություն տեսանք»:

 

Դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը բարձրացրեց ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցը. «Համակարգը պետք է պատրաստ լիներ այս իրավիճակին: Սա նշանակում է , որ բոլոր առումներով պետք է պատրաստ լինեինք: Եթե պայմաններ չենք կարողանում ապահովել, որ անձինք իրացնեն իրենց կրթություն ստանալու իրավունքը, փաստացի դա հանգեցնում է այդ իրավունքների խախտմանը»: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ տեսակապի միջոցով տեսակցության ապահովման իրավունքը շատ դեպքերում ևս խախտված է, քանի որ ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներն ունեն անհրաժեշտ թվով համակարգիչներ»: Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն արձանագրեց. «Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներից շատերը չունեն ձեռնոցներ, դիմակներ: Մինչդեռ արդարադատության նախարարությունից ունենք գրություն, որ տասնյակ հազարավոր դիմակներ են բաժանվել: Ուստի ի՞նչ կարգով են բաժանվում դիմակներն ու ձեռնոցները: Օրինակ՝ ինձ համար հետաքրքիր է մեկ աշխատանքային օրվա մեջ քանի՞ դիմակ պետք է փոխի անձը: Դատապարտյալները նախարարությունից դիմակ ստանո՞ւմ են, թե՝ ոչ: Տարբեր ահազանգեր ենք ստանում, որ նրանց չեն տրամադրում պաշտպանիչ, ախտահանիչ նյութեր կամ տասն օրը մեկ են բաժանում: Ռիսկը ՔԿՀ-ներում շատ մեծ է՝ հաշվի առնելով այնտեղի բնակչության խտությունը: Եթե համաճարակը թափանցեց ներս, այլևս չես կարող կանխարգելել. ամբողջ ՔԿՀ-ն պետք է մեկուսացնել»:

 

ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը հավաստիացրեց՝ կառավարությունը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է, որպեսզի բացառվի վարակի տարածումը քրեակատարողական հիմնարկներում: Նա մանրամասնեց. «Այն բոլոր քայլերը, որ ողջ հանրապետությունում են ձեռնարկվել, ձեռնարկվել են նաև հավասարապես բանտային բնակչության շրջանում:  Առնվազն մեկական խցեր են առանձնացվել  մեկուսացման համար այն անձանց համար, որոնց մոտ առկա են ախտանիշներ: Վարդաշեն ՔԿՀ-ի աշխատակիցների շրջանում հայտնաբերվել են կորոնավիրուսի տարածման դեպքեր, ուստի բոլոր այն անձինք, որոնք շփվել են նրանց հետ, մեկուսացված են բժշկական հաստատություններում: Նրանք անվտանգության աշխատակիցներ են, որոնք չեն շփվել ազատազրկված անձանց հետ: Երկարաձգվել են կարանտինի օրերը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ի հայտ գալու ժամանակահատվածի հետ կապված առանձնահատկությունները»:

 

Արձագանքելով ուշացած քայլերի մասին մտահոգությանը՝ Արփինե Սարգսյանը նշեց, որ դեռ մարտի 16-31-ը 18 դատապարտյալ է ազատվել քրեակատարողական հիմնարկներից: Դրանից հետո ևս 40 ազատազրկված անձ է ազատ արձակվել: Հետո հավելեց. «Բնական է, որ պետության համար պարտականություն չէ, որ անձինք պարտադիր պիտի ազատ արձակվեն: Մենք բանտային բնակչության խտության առումով նվազագույն խտության տոկոս ունենք: ԵԽ տարեկան վիճակագրությունը ևս փաստում է, որ ՀՀ-ում մինուս 36 տոկոս նվազում է գրանցվել. շուրջ 42 տոկոս է բանտային բնակչության խտությունը: Բայց նաև պետք է հաշվի առնելով, որ օրինակ,  չենք կարող քրեակատարողական հիմնարկ մուտք գործած ամեն անձի թեստավորել, թեև ուժերի գերլարման պայմաններում ունենք վերահսկելի իրավիճակ»:



aravot.am

views: 569

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color