Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Անհետ կորածների կարգավիճակը պետք է հստակեցվի 1 փաստաթղթով»․ ԱԺ-ում քննարկմանը ՊՆ-ն վերապահումներ ներկայացրեց

March 10, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ազգային ժողովում այսօր մի շարք պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Քննարկումների փուլից հետո օրինագիծը, որը դեռ չի դրվել շրջանառման մեջ, նախատեսվում է քննարկել ԱԺ լիագումար նիստի օրակարգում։

 

Քննարկման մեկնարկին նիստը վարող, «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դիմելով մասնակիցներին՝ հայտարարեց․ «Հայցում եմ ձեր ներողամտությունը փոքր-ինչ ուշ սկսելու համար՝ կապված այն իրավիճակի հետ, որը տիրում է ԱԺ-ի հարեւանությամբ։ Իհարկե, հորդորում եմ նման կարեւոր քննարկումները չվիժեցնել։ Ցավոք, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր հրաժարվեցին ներկա գտնվել՝ անվտանգության նկատառումներով։ Այնուամենայնիվ, ԱԺ-ն աշխատում է բնականոն ռեժիմով»։

 

Պատգամավորը տեղեկացրեց, որ այս օրինագիծը մշակվել էր դեռեւս տարիներ առաջ, սակայն ավարտին չէր հասել, քանի որ որոշ գերատեսչություններ այն համարել էին ժամանակավրեպ․ «Օրենքի կարգավորման առարկայի հետ կապված խնդիրներ էլ կան, որոնք այլ իրավական կարգավորումներով են լուծվում, ինչի հետ համաձայն չեմ։ Անհետ կորածների իրավական կարգավիճակը պետք է հստակեցվի ոչ թե իրավական ակտերով, այլ մեկ փաստաթղթով։ Ցավոք, պատերազմից հետո ունենք իրավիճակ, երբ տվյալ խմբի անձանց հարազատներն ունեն սոցիալական երաշխիքների խնդիրներ, որոնցից կարեւորագույններից է տեղեկատվություն ստանալը՝ նաեւ հետագայում որոնողական աշխատանքները շարունակելու համար»։

 

Այնուհետեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախ նկատեց՝ այն պայմաններում, երբ այսօր ունենք անհետ կորածներ, պետք էր նախապես պատրաստ լինել նման իրավիճակին․ «Սա դեռեւս 2006թ․-ից է քննարկվում, երբ նախագիծը ներկայացրինք պատգամավորներից մեկին։ Անհետ կորածների վերաբերյալ դրույթն արձանագրված է ժնեւյան կոնվենցիաներով, ուստի վավերացրած պետությունը պարտավոր է հակամարտության հենց սկզբից ձեւավորել անհետ կորածների հարցով բյուրո կամ կառույց, որի նպատակն է՝ հարազատներին ապահովել տեղեկատվությամբ։ Դրան հասնելու համար ուսումնասիրություններ են պետք։ Առաջինը անհետ կորելու հանգամանքների ուսումնասիրությունն է։ Եթե սա չի արվում, փնտրտուքների հետագա երաշխիքը չեզոքանում է։ Երկրորդ կարեւոր հանգամանքը հարազատների օգնությունն է այդ ժամանակահատվածում»։

 

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սասուն Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ օրինագիծը մոտ տասը տարվա նախապատմություն ունի․ «ՊՆ-ի դիրքորոշումը հենվել է այն փաստի վրա, որ զինված ընդհարումների շրջանակում անհետ կորածների առնչությամբ արդեն իսկ կան կարգավիճակային օրենսդրական կարգավորումներ, իհարկե, ոչ հիմնական կարգավիճակի տեսքով եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության հիմքով։ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է դատական ակտի հիման վրա «անհետ բացակայող» ճանաչելու հանգամանքը, իսկ մեկ այլ օրենքով՝ զոհվածների ընտանիքների վրա տարածվող նորմերը վերաբերում են նաեւ անհետ կորածներին, որոնք «անհետ բացակայող» են ճանաչված դատական ակտով։ Սրանք են պատճառները, որ առանձին օրենքով կարիք չկա կարգավորելու անհետ կորածների կարգավիճակը»։

 

Հաշվի առնելով խնդրի նրբերանգները՝ քննարկման մնացած հատվածը տեղի ունեցավ փակ ձեւաչափով։ Ավարտին լրագրողների հետ զրույցում Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ ՊՆ-ի տեսակետին․ «Քննարկման նպատակը կարիքների գնահատումն է։ Փորձում էինք հասկանալ, թե գերատեսչություններն իրավական բացեր տեսե՞լ են։ Այո, որոշ հարցեր կարգավորված են մի շարք օրենքներով, բայց կարծում եմ՝ մեզ պետք է մեկ իրավական ակտ, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»։



aravot.am

views: 57

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color