Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Գործ ունենք ընտրովի արդարադատության ակնհայտ փաստի հետ, և որ օրենքը չի կիրառվում համախոհների նկատմամբ, բայց կիրառվում է ընդդիմադիրների կամ հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ»․ Արթուր Սաքունց

August 27, 2024

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Այստեղ գործ ունենք ընտրովի արդարադատության ակնհայտ փաստի հետ, և որ օրենքը չի կիրառվում համախոհների նկատմամբ, բայց կիրառվում է ընդդիմադիրների կամ հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ։ Այնպես որ, օրենքի կիրառելիության ակնհայտ ու ցայտուն տարբերակված մոտեցման ցայտուն օրինակի հետ գործ ունենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել, իսկ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը մնաց անպատիժ։

 

Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցը նշեց՝ այն, որ Ալեն Սիմոնյանի կողմից այդ գործողությունը կատարելը պատասխանատվության չենթարկվեց, դա դեռ չի նշանակում, որ նույնանման գործողությունները չպետք է պատասխանատվության ենթարկվեն։


Հետաքրքրվեցինք՝ խնձոր նետելը խուլիգանությո՞ւն է, քանի որ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության հոդվածով, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Իհարկե, խուլիգանություն է, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ պետության ղեկավարները, իշխանության ներկայացուցիչները կարող են նման վերաբերմունքի արժանանալ։ Ես ուղղակի քրեական հետաքննման գործընթաց չէի նախաձեռնի, ավելի շատ վարչական պատասխանատվության կենթարկեի»։

 

Մեր դիտարկմանը՝ անընդհատ խոսվում է դատաիրավական բարեփոխումների մասին, իշխանությունները խոստումներ են տալիս և հարցին՝ այդ ամենը իրավակիրառ պրակտիկայում ստացվում է չի՞ գործում, կարո՞ղ ենք այդպիսի եզրահանգում անել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե թեկուզ նման աղաղակող փաստ կա, դա նշանակում է՝ պետք է խոսել, որ իրապես դատաիրավական բարեփոխումների գործընթացն արդյունավետ չէ։ Բայց մի փաստով որակում տալ դժվար է։ Ուղղակի հիշեցնեմ, որ դատաիրավական բարեփոխումների շրջանակում, ցավոք, քննչական մարմիններ, դատախազություն ներառված չեն, և այստեղ ակնհայտ խնդիր եմ տեսնում։ Բայց եթե միաժամանակ էլ հիմա բարեփոխումներ անցկացվեին, արդյոք դա երաշխի՞ք էր, որ նման ընտրովի արդարադատության հետ գործ չենք ունենա, դժվար թե ես նման պնդում անեմ»։

 

Հետաքրքրվեցինք՝ հետևաբար այստեղ ավելի շատ քաղաքական կամքի՞ խնդիր է, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Որ ասեմ քաղաքական կամք չունենք բարեփոխումներ անելու, դժվար է դա ասել։ Իրավապահ մարմնին ես ինչո՞ւ քաղաքական կամքի հարց դնեմ, ուղղակի իրավապահ մարմինը՝ տվյալ դեպքում քննչական մարմինը, պետք է գործի օրենքի գերակայության սկզբունքով և ոչ թե ընտրողական մոտեցմամբ, թե չէ Ալեն Սիմոնյանի դեպքում քննիչը կամ հսկող դատախազը գտնում է, որ հիմքեր չկան պատասխանատվության ենթարկելու, կամ վարչական մարմինը՝ տվյալ դեպքում ոստիկանությունը, իսկ այս դեպքում գտնում են։ Դա, իհարկե, անթույլատրելի է»։


Հետաքրքրվեցինք՝ խնձոր նետելու դեպք Ձեր պրակտիկայից հիշո՞ւմ եք, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Ես նման դեպք չեմ հիշում։ «Առագաստ» սրճարանում «Ռոբ, պրիվետ»-ի համար մարդ են սպանում, ես նման դեպք եմ հիշում, ուղղակի սպանեցին, ոչ թե խնձոր էր, այլ ընդհանրապես արտահայտություն էր»։


 

Հարցին՝ Բելառուսի դեսպանատան ուղղությամբ ձվեր, պոմիդորներ և կարտոֆիլներ նետելու հետ են զուգահեռներ տարվում՝ դա տեղի՞ն է, Արթուր Սաքունցը պատասխանեց՝ ոչ․ «Շենքի վրա նետելն ու մարդու վրա նետելը նույնը չեն։ Չնայած ասեմ՝ երկրներ կան, որ փչացած ձու էլ են նետում վարչապետի կամ նախագահի ուղղությամբ։ Կրտսեր Բուշի նկատմամբ լրագրողներից մեկը կոշիկ նետեց, նրան քրեական պատասխանատվության ենթարկեցին։ Նման դիպվածները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց խնդիրը ոչ թե այն է, որ եթե մի դեպքում պատասխանատվության չեն ենթարկվում, մնացածում էլ չպետք է ենթարկել, այլ նման գործողությունները պետք է միշտ էլ պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ նրանից՝ ում կողմից է արվում»։

 

Մեր դիտարկմանը՝ չեք կարծո՞ւմ, որ պաշտոնյան, հանրային դեմքը պետք է նաև պատրաստ լինի, որ հնարավոր է իր դեմ այդպիսի բողոքի կամ անհամաձայնության դրսևորումներ լինեն, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Կրտսեր Բուշն էլ էր հանրային դեմք, կոշիկ նետեցին։ Վերաբերմունքը կարող է լինել տարբեր․ բայց միշտ էլ մարդը, որը որոշ գործողություններ կատարում է, պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, երբ կա մի դեպք, երբ կատարում է գործողություն, բայց պատասխանատվություն չի կրում, իսկ մյուս դեպքում նույն գործողության համար պատասխանատվություն է կրում, այ, դրանում է խնդիրը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 https://www.aravot.am/2024/08/26/1439602/

views: 34

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color