Գործը կվերսկսվի
2018թ. մայիսի 5-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Սահակյանի որոշմամբ քննության առնվեց Ասյա Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելու հարցը: Հայցը ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դեմ էր, երրորդ անձինք էին «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, «168.am» լրատվամիջոցներն ու henaran.am լրատվական գործակալությունը:
Դատարանի որոշմամբ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու եւ պատվի ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գործն ընդունվեց վարույթ: Մեկ տարի հետո՝ այս տարվա մայիսի 10-ին դատարանը նշանակել էր վճռի հրապարակման օրը:
Չորս նախնական դատական նիստ էր տեղի ունեցել, երկու՝ դատաքննական:
Հայցվորը հայտնել էր, որ անցյալ տարվա մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասել է. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»: Գ. Իսագուլյանն ակնարկել էր նաեւ, որ առկա է եղել ԱՀ նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ինչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հայցվորը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում: Պահանջելով հերքում, հայցվոր կողմը իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ է պահանջում:
Վայոց ձորի եւ Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը «անհրաժեշտ համարելով պարզել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով» գործի դատաքննությունը օգոստոսի 19-ին վերսկսելու որոշում է կայացրել: