Բռունցքներով, ոտքերով, մահակներով հարվածներ, քաշքշոց բերման ենթարկելու ժամանակ. այս տեսարաններն են արձանագրել եվրոպացի պատգամավորներն ու եզրակացրել՝ Հայաստանի ոստիկանության վերաբերմունքը հավաքների անցկացման նկատմամբ մտահոգիչ է։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ եվրոպացիները գրել են այն, ինչի մասին իրենք են բարձրաձայնում։
«Թեկուզ մեկ քաղաքացու իրավունքը խախտվեց, թեկուզ մեկ խոշտանգման կամ բռնության դեպք եղավ, դա արդեն իսկ ինձ համար հիմք է պնդելու, որ համակարգում կա բարեփոխումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Հեղինակներն ընդգծում են՝ հավակնոտ բարեփոխումների մասին հայտարարած հայաստանյան ոստիկանությունը եթե նույնիսկ ուժ է կիրառում, պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի։
Փաստաթղթում հիշատակվել են անցած աշնանը Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանմանը զուգահեռ Երևանում սկսված հակակառավարական ցույցերը։
«Նշում են, որ այո, պետք է ոստիկանները ունենան հատուկ պատրաստվածություն, այսինքն՝ նրանց պետք է սովորեցնեն, որ հավաքների ժամանակ կարողանան իրենց դրսևորել այն իմաստով, որ կարողանան հավաքի խաղաղ ընթացքը խանգարողներին մեկուսացնելու, առանձնացնելու, խաղաղ հավաքի ընթացքը երաշխավորելու ուղղությամբ համապատասխան կարողություններ ունենալ», - նկատեց Արթուր Սաքունցը։
Ավելին՝ Ազատություն ռադիոկայան