Helsinki Citizens' Assembly-Vanadzor

Քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած 3 ոստիկանների գործն ուղարկվել է դատարան

February 12, 2021

Multimedia

Պետք է քրեական հետապնդում սկսել բոլոր ոստիկանների նկատմամբ, որոնք մասնակցել կամ ներկա են գտնվել երկու քաղաքացիների ծեծին, «Ազատության» հետ զրույցում նշում են իրավապաշտպանները։

 

Համացանցում երեկ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ բռնություն գործադրում քաղաքացիների նկատմամբ՝ ձեռքերը կապում, ոտքերով, ձեռքերով հարվածներ տեղում։ Ծեծը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսին, գործն էլ հարուցվել է մի բանի օր անց, բայց դեպքի մասին հայտնի դարձավ միայն տեսանյութի տարածումից հետո։



Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել քաղաքացիներին ծեծի ենթարկած ճանապարհային ոստիկանության միայն 3 աշխատակիցներին։



«Ինչո՞ւ է Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցել միայն բռնություն կատարող երեք ոստիկանների հանդեպ այն դեպքում, երբ որ մնացած ոստիկանները, որոնք ներկա էին և նրանք էլ մասնակից էին բռնություններին, ավելին՝ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, բացարձակապես որևէ մեկը չի փորձում կանխել իրենց ծառայակցի կողմից այդ խայտառակ, բարբարոս վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Ըստ այդ տարածված տեսանյութի, այդ ամբողջ բաժինը պետք է փակել, այդ բաժնի ամբողջ աշխատակազմը պետք է հեռացնել համակարգից։ Հակառակ դեպքում դուրս է գալիս, որ միայն երեք հոգու, այն էլ, նորից եմ կրում, թե ինչ հիմնավորումներով հենց երեք հոգին այն դեպքում, երբ որ ոչ միայն մնացած աշխատակիցների ներկայությամբ է տեղի ունենում, այլ նաև մնացած աշխատակիցները չեն կանխում այդ բռնությունները և նույնպես կատարում են հանցագործություն։ Այսինքն՝ նրանք էլ պաշտոնեական անգործության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2 քաղաքացու նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներ, ովքեր ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից ու ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին և Տիգրան Մեսրոպյանին։ Ըստ ՀՔԾ-ի, քաղաքացիներից մեկը պարզաբանումներ էր պահանջել տեսուչներից իր ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ, հայհոյել էր ոստիկաններին, իսկ ոստիկանները, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել քաղաքացու ու նրա ազգականի նկատմամբ, մարմնական վնասվածքներ պատճառել նրանց։ Քննիչի որոշմամբ 3 ոստիկանների պաշտոնավարումը դադարեցվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։



Համացանցում հայտնված տեսանյութում նաև երևում է, թե ինչպես են բժիշկները փորձում ծեծված քաղաքացուն ուշքի բերել։

 

Ոստիկանների կողմից տղամարդկանց նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը․ - «Բոլոր դեպքերում, երբ ակնհայտ է, որ կա խոշտանգում, եթե մասնակիցը ուսադիր կրող ա, էդ խնդիրը փակում են։ Դա առաջինը։ Երկրորդը, ընդամենը երեք անձի վերաբերյալ է քրեական գործ հարուցվել։ Եկեք հասկանանք՝ արդյո՞ք նրանք, ովքեր որ տեսել են, չեն կանխել, ավելին՝ մասնակցել են, բայց․․․ լռել են ու հանցագործության մասին հայտարարություն չեն արել, արդյո՞ք նրանք հանցագործ են թե ոչ։ Այո՛, հանցագործներ են։ Եվ եթե մի անգամ գոնե Հայաստանում իրավապահ մարմինները, կամ վարույթ իրականացնող մարմինը, կամ հետագայում նաև դատարանը մի անգամ խիզախություն ունենար ճիշտ որակում տալ և ճիշտ պատասխանատվության ենթարկել գոնե մի խումբ անձանց, ես ձեզ հավաստիացնում եմ, որ էս խնդիրը մենք այլևս․․․ ոչ թե չէինք ունենա, կունենայինք առանձին դեպքեր, բայց դրանք կլինեին հատուկենտ դեպքեր»։

 

Իրավապաշտպանը նշում է, որ իշխանափոխությունից հետո իրենք բազմաթիվ նման դեպքերի մասին են ահազանգել, սակայն գործող իշխանությունը որևէ կերպ չի ընդունել այդ փաստը. – «Գործող իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել էդ փաստը, որ հեղափոխությունից հետո եղել են նաև խոշտանգման դեպքեր, խոշտանգումները կոծկելու դեպքեր դատական համակարգում, իրավապահ համակարգում, դատախազության մակարդակով։ Դա խոսում ա նրա մասին, որ խնդիրը լուծված չի, և խնդրին լուծում չի տրվելու»։

 

Արթուր Սաքունցն էլ ընդգծում է՝ այս ամենը տեղի է ունենում ոստիկանությունում բարեփոխումների իրականացման ժամանակահատվածում․ - «Ոստիկանապետը անձամբ պատասխանատու է, որ այդ բաժնի աշխատողները, բացառությամբ այդ երեքի, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել և որպես մեղադրյալ են ներգրավվել, մնացածները շարունակում են աշխատել այդ ծառայությունում․․․ բոլորին պետք է հեռացնել համակարգից»։

 

views: 93

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color