Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ըստ ԲԴԽ նախագահի, չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության կամ ընդդիմության ցանկությունը

December 30, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դատական համակարգում չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության կամ ընդդիմության ցանկությունը, կամ էլ հանրային ազդեցությամբ են ղեկավարվում, վստահ է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նման պնդման համար պաշտոնյան սեփական հիմքերն ունի։

 

«Ինչո՞ւ եմ ասում՝ վստահաբար եմ ասում չկան, որովհետև չունենք նման վարույթ։ Եթե նման դատավորներ լինեն, ապա կլինի կա՛մ կարգապահական վարույթ, կա՛մ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ», - հայտարարեց Վարդազարյանը։

 

Քաղաքականացված որոշումներ կայացնելու համար դատավորներին մեղադրում են և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը։ Հատկապես վերջին շրջանում դատարանների կողմից բազմաթիվ կալանավորման միջնորդությունների մերժումը իշխանության մոտ հարցեր է առաջացրել։ Վարչապետը հայտարարում է, որ դատական համակարգը պսևդոէլիտայի մաս է, իսկ արդարադատության նախարարն էլ դատավորներին մեղադրում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ օբյեկտիվ արդարադատություն իրականացնելու համար։ Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համաձայն չէ վարչապետի գնահատականի հետ, իսկ արդարադատության նախարարի հայտարարությունն էլ անընդունելի է համարում։

 

«Արդարադատության նախարարն ունի այն բոլոր լծակները, որոնցով կարող է, եթե վտանգված է, ապա վարույթների հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարող է նախատեսել, ապա՝ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն», - նշեց ԲԴԽ նախագահը։

 

Ռուբեն Վարդազարյանը համոզված է՝ այդ առումով դատական համակարգում որևէ խնդիր չկա, բայց իր մոտ էլ որպես հասարակ քաղաքացի այս կամ այն միջնորդության բավարարումը կամ էլ մերժումը հարցեր է առաջացրել։

 

«Քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում դատական իշխանությունը հարմարվում է քաղաքական այդ իրավիճակներին, այսինքն՝ անկախ նրանից կա հրահանգ, թե հրահանգ չկա, հենց ինքը հարմարվում է», - հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Դատարաններն անկախ չեն, դատական համակարգն ամբողջությամբ խնդիր է, իրավապաշտպան Արթուր Սաքունցի արձագանքն է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարություններին։ Իրավապաշտպանը մեկ օրինակ է բերում իր ասածը հիմնավորելու համար. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների զգալի մասն ընդդեմ Հայաստանի վերաբերում են քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքերին։

 

«Ամբողջությամբ դատական համակարգի նկատմամբ այդ վստահությունը չկա։ Իհարկե, իշխանությունը ունի լծակներ, բայց իշխանության թուլության դեպքում այդ լծակները նվազում են, ընդդիմությունն ունի կապեր, որովհետև այս դատական համակարգը հենց ընդդիմության կողմից է տարիներ շարունակ ձևավորվել», - նշեց Սաքունցը։

 

Ըստ իրավապաշտպանի, իշխանությունները 2,5 տարում հնարավորություն ունեին համակարգն առողջացնելու՝ վեթինգի միջոցով, ինչը չարեցին։ «Այն համակարգը, որը ձևավորվել է պետության զավթման ժամանակահատվածում, այդ համակարգը մնացել է այդպիսին և այնտեղ գերակայում են հենց քաղաքական նպատակահարմարությամբ մոտեցող դատավորները», - ընդգծեց Արթուր Սաքունցը։

 

Որևէ խմբակցությունում չընդգրկված Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը օրերս անդրադարձել էր դատական համակարգի կողմից վերջին շրջանում միջնորդությունների մերժմանը, հայտարարելով, որ երկրում դատական իշխանությունը աջակցում է նոր հոկտեմբերի 27-ի, նոր պետական ահաբեկչությանը։ Պատգամավորը համարում է, որ համակարգն այլևս հնարավոր չէ առողջացնել վեթինգով, լյուստրացիայի անհրաժեշտություն կա։ Վարդազարյանն ասաց, որ Արման Բաբաջանյանի խոսքը չի լսել ու չի էլ պատրաստվում: Հայտարարեց՝ եթե նման հիմք կա, պատգամավորը կարող է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ ԲԴԽ նախագահը նշեց՝ ինքը լյուստրացիայի անհրաժեշտությունի չի տեսնում։

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նաև անցած ամիս արած իր հայտարարությունը պարզաբանեց։ Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին՝ առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, ու հավելել էր՝ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ «Վնգստացող դատավորներ» որակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր տվել դեռ 1 տարի առաջ։

 

«Ամսի 15-ի իմ կոչում ես անդրադարձա, օգտագործեցի այն արտահայտությունը, որը 1,5 տարի առաջ օգտագործել էր վարչապետը, դա պատահական չէր, ես իմ խոսքն ավելի հնչեղ լինելու, ավելի սուր լինելու համար եմ այդ բառակապակցությունն օգտագործել իմ նոյեմբերի 15-ի կոչի մեջ», - ասաց նա։

 

ԲԴԽ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո ձերբակալությունից ազատ էին արձակվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։ Ի դեպ, Արթուր Վանեցյանը, ինչպես ԲԴԽ նախագահը հայտնեց, իր ընկերն է դեռ 90-ականներից։ Վանեցյանն ու Բաղդասարյանը մեղադրվում են իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։

 

azatutyun.am

views: 49

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color