Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իշխանությունները կարող էին առայժմ բավարարվել ծառայողական քննությամբ, ոչ թե գերությունից տուն վերադառնալուց հետո նրանց կալանավորել. Արթուր Սաքունց

December 31, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադառնալուց 24 ժամ էլ չանցած 5 ռազմագերիներից Արման Խաչատրյանը ձերբակալվեց։ Քննչական կոմիտեն զինվորականին մեղադրանք է առաջադրել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:

 

Նոյեմբերի 16-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում տեղի ունեցած արյունալի բախումների ժամանակ գերեվարված, ապա հայրենադարձված արդեն 6-րդ զինվորականն է մեղադրվում այս հոդվածով։

 

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ի երեկոյան Հունգարիայի միջնորդությամբ հայրենիք վերադարձված 5 ռազմագերիներն էլ հարցաքննվել են, իրավապահներն այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդում։

 

Իրավապաշտպանները մեծ զայրույթով են ընդունում Հայաստանի իշխանությունների այս գործելաոճը, հատկապես երբ 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած ամենաարյունալի բախումներից հետո վարչապետ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ քննադատեցին գերեվարված զինվորների վարքագիծը՝ պնդելով քրեական գործեր հարուցելու անհրաժեշտության մասին։

 
 

«Կարող էին առայժմ բավարարվել ծառայողական քննությամբ»

 

Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասում է՝ անկախ պաշտոնյաների հայտարարություններից, իրավապահները պետք է ուշադրության տակ պահեն նման դեպքերը, բայց դա ամենևին չի նշանակում, որ հատկապես հիմա, երբ ադրբեջանական գերության մեջ էլի բազմաթիվ զինվորականներ կան, պետք է այդ մասին բարձրաձայնել։ Իշխանությունները կարող էին առայժմ բավարարվել ծառայողական քննությամբ, ոչ թե գերությունից տուն վերադառնալուց հետո նրանց կալանավորել։

 

«Սա հենց այն դեպքն է, որը, կարծում եմ, հաշվի առնելով անձանց անվտանգության նկատառումները և նաև պետական հնարավոր ենթադրյալ գաղտնիքը, այս ծառայողական քննությունը կարող էր գաղտնիության ռեժիմով իրականացվել, և՛ ծառայողական քննությունը, և՛ նաև քրեական գործը։ Սահմանին չպետք է կանգնի զինվորը, որը հեշտությամբ հանձնվող է, այսինքն՝ դու զինվորին պետք է պատրաստես, և դա պետության պարտականությունն է։ Ի՞նչ է նշանակում զինվոր՝ դա նշանակում է հոգեբանորեն, ֆիզիկապես, պատրաստվածության տեսակետից պատրաստի մարդ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն, իր հերթին, քննում է նույն մարտերին մասնակցած Ռոբերտ Նալբանդյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Վայոց ձորի հատվածից գերեվարված պայմանագրային զինծառայողը հայրենադարձվել էր դեկտեմբերի 4-ին և կրկին անմիջապես ձերբակալվել։ Նույն՝ մարտական ծառայության կանոնները խախտելու հոդվածով մեղադրվող զինվորականին դատարանը մեկամսյա ժամկետով էր կալանավորել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ քննիչը կարծում է, որ շարքային զինծառայողն ազատության մեջ կխոչընդոտի քննությանը։

 

«Մի ժամանակ գերիները հերոսներ էին, հիմա էլ արդեն դարձան թշնամիներ»

 

Մելիքյանը, չցանկանալով նախաքննական գաղտնիք բացել, միայն ասաց՝ իր պաշտպանյալն ու մյուսներն արել են հնարավորը հակառակորդին անցած դիրքը պահելու համար։

 

«Առաջինը՝ տեսեք, թե ինչպիսի կահավորման պայմաններում են գտնվում այդ դիրքերը, և երկրորդ՝ եղանակային պայմաններ։ Յուրաքանչյուրը թող իրեն դնի այդպիսի պայմաններում ինքնաձիգը ձեռքին կանգնած մարդու փոխարեն», - ասաց փաստաբանը։ - «Ես այդ մարդկանց գործողություններում ոչ իրավական և ոչ էլ, որը շատ կարևոր է, բարոյական որևէ խախտում չեմ տեսնում»։

 

 

«Մենք ունենք երկու տեսակի պնդումներ, որոնք իրար հակասում են՝ մի ժամանակ գերիները հերոսներ էին, նրանց լուսանկարներն էին դրվում, եղբայրներ են, հիմա էլ արդեն գերիները դարձան թշնամիներ։ Ճիշտ չէ, որ գերի հանձնվելը լավ բան է՝ բնականաբար դա լավ բան չէ, պետք չէ հերոսացնել այդ մարդկանց, բայց մյուս կողմից նաև՝ ինքնին այդ փաստի ուժով չպետք է նրանց դատել, ասել թշնամի», - ընդգծեց Մելիքյանը։

 

Օրերս էլ Վերաքննիչ դատարանը կալանավորել էր դեկտեմբերին հայրենադարձված՝ նույն հոդվածով մեղադրվող մայոր Նարեկ Երիմյանին։ Նրա փաստաբանը ևս պնդում է՝ նրանք չեն հանձնվել, ստացվել է այնպես, որ գերեվարվել են, բայց դիրքը չեն լքել, փախուստի չեն դիմել։

 

Նոյեմբերի 16-ի բախումներից հետո հայրենիք է վերադարձվել 26 ռազմագերի։ Համաձայն Եվրադատարանին Ադրբեջանի տրամադրած տվյալների՝ նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 6 զինծառայող շարունակվում է պահվել Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում են պահվում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված ևս 40 հայ գերիներ։

 

azatutyun.am

views: 36

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color