Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մնացական Մարտիրոսյանը կգլխավորի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը

February 1, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Քաղաքական հնչեղություն ստացած տարբեր գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կգլխավորի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։

 

Չնայած իրավապաշտպանների ու փորձագետների քննադատությանը՝ նախագահ Վահագն Խաչատրյանը երեկ ստորագրել է հրամանագիրը, որով էլ 59-ամյա Մարտիրոսյանը կհամակարգի 60 դատավորների աշխատանքը։ Մարտիրոսյանն այսօր չցանկացավ մեկնաբանել իր նշանակման լուրը։

 

«Դեպարտամենտի մամուլի շատ հարգելի ներկայացուցիչ ունենք, իհարկե, ճիշտ չի, որ որևէ մեկն իմ փոխարեն պատասխանի, բայց ընթացակարգն էդպիսին է», - ասաց Մարտիրոսյանը:

 

Մինչ դատական դեպարտամենտը կպատասխանի այս հարցին, քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ հայտարարում են՝ 24 տարի աշխատող Մարտիրոսյանի քաղաքական որոշումների պատճառով Հայաստանը մի քանի գործերով պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այդ թվում՝ դեռևս ընդդիմադիր գործիչ Փաշինյանի և 2008-ի մարտի 1-ի այլ գործերով ընդդիմադիրների իրավունքները խախտելու համար։ Մարտիրոսյանի այդ որոշումների հետևանքով պետությունը ֆինանսական մեծ կորուստներ է ունեցել։

 

Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Մնացական Մարտիրոսյանն անգամ դրական գնահատական չի ստացել, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, միջազգային փորձագետի և հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել է նրա բարեվարքության՝ կենսագրության, կապերի, գործունեության և ունեցվածքի ստուգում։ Պահանջվող երեք կարծիքներն էլ բացասական են եղել։

 

«Այս տեսակետից մենք բացարձակապես որևէ բացատրություն կամ մեկնաբանություն Բարձրագույն դատական խորհրդի կողմից չստացանք: Ի դեպ, ասեմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության բարձրագույն մարմին է, սահմանադրական մարմին է և հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքը տարածվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի վրա», - նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Այսքանից հետո ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը հենց Մարտիրոսյանի թեկնածություն առաջարկեց, հարցնում է Արթուր Սաքունցն ու պնդում՝ դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը պարտավոր է բացատրություն տալ իր այդ որոշման համար։

 

Վարչապետի գլխավորած կուսակցության արդեն նախկին անդամ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդից, սակայն, արձագանքում են՝ դռնփակ նիստում կայացված որոշման մանրամասները գաղտնի են։

 

Մարտիրոսյանի առաջխաղացման թեման ակտիվացավ ամիսներ առաջ, երբ Բարձրագույն դատական խորհուրդը նրան ընտրեց որպես նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու։ Այս որոշումը նախագահական այդպես էլ չհասավ, քննադատական մեծ ալիքից հետո Մարտիրոսյանը հանեց իր թեկնածությունը՝ առանց որևէ բացատրության։

 

«Որոշակի ողջամիտ կասկածներ է մեզ տալիս, որ ուղղակի կոմպրոմիսային լուծում է եղել Հակակոռուպցիոն դատարան չգնալ, որովհետև բավականին աղմուկ բարձրացավ, բայց նրան նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ», - ասաց փաստաբան Արաքս Մելքոնյանը:

 

Օրենքով դատարանի նախագահ կարող է դառնալ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորը։ Մարտիրոսյանն ամիսներ առաջ կարող էր տույժի ենթարկվել, եթե Բարձրագույն դատական խորհուրդը քններ նրա դեմ ներկայացված բողոքը։ Բայց դատարանների անկախությունը երաշխավորող մարմինը երեք ամսվա ընթացքում այդպես էլ չի կարողացել քննել, թե ինչու է Մարտիրոսյանի կայացրած վճռի պատճառով Հայաստանը պարտվել Եվրոպական դատարանում, և գործը փակվել է։ Փաստաբան Արաքս Մելքոնյանը սա պատահականություն չի համարում։

 

«Շղթան այստեղ շատ լավ, հստակ երևում է, որ նաև այդ գործիքակազմը Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության չենթարկելու նրան, ողջամիտ կասկածներ է առաջացնում նաև այս հարցերի համատեքստում», - ընդգծեց նա:

 

Եվրոպական դատարանում պարտության պատճառով վերջերս ամենախիստ պատժի ենթարկվեց դատավոր Սուրեն Անտոնյանը՝ ԲԴԽ-ն դադարեցրեց նրա լիազորությունները։ Ինչու նույնատիպ իրավիճակում որևէ պատասխանատվության չի ենթարկվում Մնացական Մարտիրոսյանը։

 

«Միգուցե Փաշինյանին ավելի կոնֆորտ է, որպեսզի իշխանության հրահանգները կամ օրվա իշխանության հրահանգները կատարող դատավոր լինի», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

 

Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Մարտիրոսյանին բացասական գնահատական տված անկախ կազմակերպությունն է։ Իոաննիսյանը նկատում է՝ Մարտիրոսյանի առաջխաղացումը վկայում է, որ իշխանությունը չի կարողանում անկախ դատական համակարգ ձևավորել։

 

«Իշխանությունները ընկալում են, որ իրենց պետք է դատավոր, ով տեղի չի տա գրագետ և թանկարժեք փաստաբանների ճնշումներին և այդուհանդերձ հանցագործություն կատարած անձանց կուղարկի բանտ կամ կուղարկի այնտեղ, որտեղ իրենց տեղն է: Բայց սա խոսում է այն մասին, որ իշխանությունները ամբողջությամբ տապալել են դատաիրավական բարեփոխումները», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

 

Իրավապաշտպանները հիշեցնում են վարչապետ Փաշինյանի՝ երեքուկես տարի առաջվա հայտարարությունը, որը Մնացական Մարտիրոսյանի դեպքում իրականություն չդարձավ։

views: 32

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color