Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արդեն 8-րդ անգամ հետաձգվեց գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը

March 7, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

💬 Որևէ իրավական ակտով սահմանված չէ ամբաստանյալի և նրան ուղեկցող անձանց անվտագության երաշխիքներ ներկայացնելու պահանջ՝ ՀՀ որևէ պետական մարմնի համար․ ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը՝ Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու մասին

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին՝ արդեն 8-րդ անգամ հետաձգվեց գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստը: Մեղադրյալին՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին բազայի հրամանատարությունը հրաժարվում է դատարան ներկայացնել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով անվտանգության գրավոր երաշխիքներ:

 

Այսօրվա դատական նիստին ո՛չ ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանն էին ներկա, ո՛չ դատախազության ներկայացուցիչը:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը կարծում է, որ ռուսական կողմը զինծառայողին դատարան չներկայացնելով խոչընդոտում է արդարադատությանը, հետևաբար միջնորդեց դատարանին միջոցներ ձեռնարկել: Միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ էր ծանոթանալ կողմերի դիրքորոշմանը։

 

Փաստաբան Հայկ Հակոբյանը պնդեց, որ ռուսական կողմի անվտանգության գրավոր երաշխիքի պահանջը իրավաչափ չէ:

 

«Որևէ իրավական ակտով սահմանված չէ քրեական գործով ամբաստանյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության երաշխիքներ ներկայացնելու պահանջ Հայաստանի Հանրապետության որևէ պետական մարմնի համար, հետևաբար նման պահանջն իրավաչափ չէ, և այդ հիմքով պայմանավորելը և ամբաստանյալին դատարան չներկայացնելը, բնականաբար, մենք համարում ենք և դա այդպես է, որ չի կարող դիտվել որպես օրինական պահանջ և չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի իրենք ամբաստանյալին դատարան չներկայացնեն», - ասաց փաստաբանը։

 

Տուժողի իրավահաջորդի փաստաբանական խումբը դիմել է նաև Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։ Այժմ սպասում են դատախազության պատասխանին՝ քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ:

 

«Ռազմաբազայի գործողությունները՝ ամբաստանյալին դատարան չներկայացնելու փաստացի խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, որովհետև ռազմաբազան փաստացի չի կատարում դատարանի օրինական պահանջը և չի ներկայացնում դատարանին, իսկ դա պայմանավորելը անվտանգության երաշխիքներ չներկայացնելով Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից, իրավաչափ չէ, որովհետև որևէ իրավական ակտով նման բան մենք սահմանված չունենք։ Այս ամենն իրենց համակցության մեջ պետք է քրեաիրավական գնահատականը ստանան, այս պահանջով մենք դիմել ենք Գլխավոր դատախազությունը», - նշեց Հակոբյանը։

 

Հնարավոր է, որ ռուսական կողմը այդպես էլ դատարան չներկայացնի ամբաստանյալին և դատական նիստը տեղափոխվի բազա: Այնտեղ ընթացավ, օրինակ, մի քանի տարի առաջ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը։

 

«Մեր դիրքորոշումը և պնդումը հստակ է, որ այս գործով դատական նիստերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության դատական ատյանում, տվյալ դեպքում Շիրակի մարզի իրավասության դատարանում», - ընդգծեց Հակոբյանը։

 

Դատական նախորդ նիստին էլ փաստաբաններից Արայիկ Զալյանն էր միջնորդել բերման ենթարկել ամբաստանյալին, սակայն, թե ինչպես է դա հնարավոր իրականացնել, մեխանիզմ չկա: Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, գործը հասնի բերման ենթարկելուն, ո՞վ է իրավասու մտնել ռուսական ռազմաբազա:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը նման կարգ չի նախատեսում, բայց ամեն դեպքում մեր դիրքորոշումը մնացել է նույնը և մնում է նույնը», - ասաց փաստաբանը։

 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ռուսական կողմը ի՞նչ գրավոր երաշխիքներ է ուզում, ասաց, որ հարցը քննարկվում է:

 

«Խնդիրը ես համոզված եմ, որ շուտով լուծում է ստանալու, բարձրացված բոլոր հարցերին էլ պատասխան կտան։ Որոշակի խնդիրներ կան, որոնք դեռ լուծում չեն ստացել, բայց համոզված եմ՝ շուտով կստանան», - նշեց Գրիգորյանը։

 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին:

 

Ի դեպ, ռուսական ռազմաբազան դատարան գրություն էր ուղարկել, թե ինչու դատարան չի ներկայացրել Ռազգիլդեևին՝ կրկին նշելով, որ չեն ստացել անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ:

 

azatutyun.am

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

views: 553

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color