Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իրավապաշտպանները հարցեր են բարձրացնում «Զվարթնոց»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

May 3, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական են ծառայություն իրականացնում, պնդում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ մատնանշելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992 թվականին կնքված պայմանագիրը: Փաստաթղթով ռուս սահմանապահները ծառայություն պետք է իրականացնեն միայն Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին։

 

«92 թվականին ստորագրվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիր՝ Հայաստանում ռուսաստանյան սահմանապահների գործունեության վերաբերյալ, որով ամրագրվեց, որ Թուրքիայի և Իրանի սահմանները պաշտպանելու են Ռուսաստանի սահմանապահները: Պայմանագրում նաև հստակ գրված է, որ այլ գործառույթներ իրականացնելու համար սահմանապահները չեն կարող ներգրավվել», - մեկնաբանում է նա:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հավելում է․ - «Որևէ հիմնավորում, թե ինչու պետք է «Զվարթոնց» օդանավակայանում սահմանային ծառայություն իրականացվի ՌԴ ՖՍԲ-ի ծառայության կողմից, չկա։ Այդ առումով, եթե դիտարկվի պայմանագրի սահմանադրականությունը, ապա ինքը պետք է ճանաչվի հակասահմանադրական»:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրով ռուս սահմանապահները կարող են ՌԴ անցանկալի անձանց ցուցակը կիրառել նաև Հայաստան մուտք գործող օտարերկրացիների նկատմամբ:

 

«Փաստորեն Հայաստանի վրա տարածվում է սանկցիոն ցուցակը, որը անցյալ տարվա նոյեմբերի 1-ին Մեդվեդևի հրամանով հաստատված ցուցակ է», - ասում է Դանիել Իոաննիսյանը:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը նման եզրահանգման է եկել օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ուկրաինացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Հակակոռուպցիոն միջազգային քննարկմանը մասնակցելու համար մայիսի 1-ի գիշերը Հայաստան ժամանած Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին սահմանապահները շուրջ երկուսուկես ժամ թույլ չէին տվել մուտք գործել երկիր: Ուկրաինացի պատգամավորի խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանցի սահմանապահները մանրամասնել են, որ ինքը «անցանկալի անձ» է երրորդ երկրի համար, չեն նշել այդ երկրի անվանումը: Պատգամավորը ենթադրում է՝ այդ երրորդ երկիրը Ռուսաստանն է, որի համար անցանկալի անձանց շարքում է ինքը:

 

Թեև ուկրաինացի պատգամավորը ի վերջո կարողացել է մուտք գործել Հայաստան, միջադեպը, իրավապաշտպան Արթուր Սաքունց կարծիքով, կարող է ազդել ՀՀ-ԵՄ մուտքի վիզայի դյուրացման գործընթացի վրա։

 

«Որովհետև հենց Եվրոպական միության անդամ երկրների քաղաքացիներ կարող են անցանկալի համարվել Ռուսաստան Դաշնություն մուտք գործելու համար և դա կիրառվի ՀՀ-ի նկատմամբ», - ասում է իրավապաշտպանը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն, ի դեպ, կոչ է արել խորհրդարանականներին դիմել Սահմանադրական դատարան ՀՀ-ՌԴ պայմանագրի սահմանադրականությունը ճշտելու համար։ Սաքունցի դիտարկմամբ՝ պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածին՝ ինքնիշխանության սկզբունքին:

 

«Ազատությունը» երեկ դիմել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն ուկրաինացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ մեկնաբանություն ստանալու համար: Գերատեսչությունից դեռ չեն պատասխանել։ Իսկ այսօր էլ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խուսափեց որևէ մեկնաբանություն տալ։

 

azatutyun.am

views: 1101

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color