Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների նկարների տարածումը, նրանց և ընտանիքների հասցեին հնչող սպառնալիքները պետք է կանխվեն հենց ԱԱԾ-ի կողմից. իրավապաշտպաններ

February 16, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այս տարվա փետրվարի 10-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և մարզային  ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների և զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են  զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:


Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:



Այս հաղորդագրությունից հետո համացանցում սկսեցին տարածվել այդ անձանց նկարները, որոնց տակ սկսեցին վիրավորանք ու սպառնալիքներ հնչել տվյալ անձանց ու նրանց ընտանիքների հասցեին։  



Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի և Նինա Կարապետյանցի հետ։



Նինա Կարապետյանցի խոսքով՝ արտահոսքը կարող էր լինել և ԱԱԾ-ից, և դա առաջին արտահոսքը չէր լինի, բայց նաև պետք է հաշվի առնել, որ Հայաստանը շատ փոքր երկիր է, ու մարդիկ ճանաչում են իրար։ 



«Ամբողջ կազմն իհարկե դժվար կլիներ իդենտիֆիկացնել, բայց առնվազն նրանց, որոնց դեմքերը փակ հրապարակվեցին, կարող էին ճանաչել, ու նրանց մասին տեղեկությունը կարող էր հանրությունից դուրս գալ։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, որոնք հնչում են, դա անհապաղ պետք է կանխվի և կանխվի իրավական մեթոդներով, որովհետև անկախ նրանից, թե ինչ է արել ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչքան անընդունելի կլինի արարքը, նախ պետք է հաշվի առնել, որ կա անմեղության կանխավարկած, և երկրորդը՝ ընտանիքի անդամները դրա հետ որևէ աղերս ու կապ պետք է չունենան։ Այդ մեղադրանքներն ու սպառնալիքները, որոնք հնչում են մինչև անգամ անչափահաս երեխաների հասցեին, պետք է անհապաղ կանխվեն, և պատասխանատվության ենթարկվեն։ Հայաստանում պետք է հասկանան, որ այսպիսի մեթոդներով չենք կարող ապրել ու շարունակել զարգանալ։ Ինչո՞ւ են հնչում այդ մեղադրանքները, որովհետև կարծում եմ՝ չկա վստահություն, որ մեղավորները կարող են պատասխանատվության ենթարկվել, և սա առաջին դեպքը չի։ Նույն 2016 թվականի քառօրյա պատերազմի հետ կապված պարբերաբար տարբեր մեղադրանքներ հնչեցին, բայց գլխավոր դերակատարներից որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, «Մարտի 1»-ով որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց»,- ասաց Նինա Կարապետյանցը։  



Նա նշեց, որ պատասխանատվության չենթարկվելու պրոցեսը շարունակական է եղել, ու պատասխանատվության չենթարկելը բերելու է ինքնադատաստանի զարգացման, իսկ դա ամենաանցանկալի զարգացումն է, որը մենք կարող ենք ունենալ, և ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, դատախազությունը պետք է անհապաղ գործընթաց սկսեն՝ նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ սպառնալիքները հնչեցնողներին պատասխանատվության ենթարկեն։ 



«Եթե մի կողմից՝ իշխանությունները նպատակահարմար և արդարացված են համարում հայհոյանքն ու վիրավորանքը քրեականացնելը, և մեծ թվով գործեր են սկսվել՝ անտրամաբանական է, որ շարքային քաղաքացու վերաբերյալ հնչում են կյանքի սպառնալիքի հետ կապված արտահայտություններ, և դա չի կանխվում, ու պատասխանատվության չեն ենթարկվում»,- ասաց Նինա Կարապետյանցը։           

    

Արթուր Սաքունցը ևս անթույլատրելի է համարում սպառնալիքներն ու վիրավորանքը և նշում, որ դրա անմիջական պատասխանատվությունը կրում է քննություն իրականացնող մարմինը։



Իրավապաշտպանի խոսքով՝ այն նյութերը, որոնցով որպես մեղադրյալ են ներգրավել այդ մարդկանց, այդ ամբողջ տվյալները ԱԱԾ-ի ենթակայության տակ են, և տվյալ դեպքում իրենք թույլ են տվել անձի անմեղության կանխավարկածի իրավունքի կոպիտ խախտում։


«Ի վերջո, կարող է քննության արդյունքում պարզվել, որ այդ մարդիկ մեղավոր չեն, կամ նրանց մի մասը որևէ մեղք չունի, իսկ անձը կարող է մեղավոր ճանաչվել միայն դատարանի ուժի մեջ մտած իրավական ակտի հիման վրա։ Եվ այդ առումով իհարկե անթույլատրելի է, և հենց իր պարտավորությունն է իր կատարած սխալը շտկելը և դրա համար պետք է հանդես գա համապատասխան պարզաբանումներով։ Տեղեկատվության աղբյուրն իրենք են, և պետք է քննություն իրականացվի, թե ինչպես է իրենց տիրապետության տակ գտնվող այդ տեղեկատվությունը հասանելի եղել հանրությանը՝ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ԱԱԾ-ի պաշտոնատար անձանց անձնական ունեցվածքին, որը գաղտնի է պահվում, այլ այն մարդկանց վերաբերյալ տվյալներին, որոնց մեղադրում են լրտեսության մեջ»,- ասաց Արթուր Սաքունցը։



Նշենք, որ այս առնչությամբ մենք հարցում ենք ուղարկել նաև Ազգային անվտանգության ծառայություն և հարցումը ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք։ 

 

civic.am

views: 63

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color