2024թ.-ից Հայաստանում ներդրվելու է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Բացի պաշտոնատար անձանցից, իրենց եկամուտները կհայտարարագրեն նաև ոչ պաշտոնատար անձինք, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։
Այս մասին Ազգային ժողովում 2021թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ. «Պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին՝ 2023-ի եկամուտների համար»:
Ըստ վարչապետի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը և տնտեսական, և քաղաքական, և քաղաքակրթական նշանակություն ունի։
Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դեռևս պետք է քաղաքական որոշումներ կայացնեն՝ արդյոք բոլոր քաղաքացիների նկատմամբ ամբողջությա՞մբ են ներդնում համակարգը, թե՞ փուլ-փուլ են գնում այդ քայլին։
Ռուստամ Բադասյան. «Օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, ովքեր համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվի պաշտոնյաների ցանկը»։
Ազգային ժողովը այս թեմայով դեռևս լսումներ կկազմակերպի ֆինանսների նախարարության հետ։
Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգը ներկայումս աշխատանքային քննարկումների փուլում է։ Նախագծին վերջնական տեսք տալուց հետո միայն ֆինանսների նախարարությունը հանդես կգա դիրքորոշումներով։
Ռոնա Ահարոնյան. «Մենք շատ սեղմ ժամկետներում հանդես կգանք հայտարարությամբ, որ պատրաստ է նախագիծը ԱԺ և կառավարություն ներկայացնելու։ Մոտ ժամանակներս աշխատանքների վերջնականացումից հետո հրապարակային կդառնա նախագիծը»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եկամուտների համընդհանուր հայտարարագրերի համակարգի ներդրման անհրաժեշտություն տեսնում է, բայց նշում է, որ ի տարբերություն պաշտոնատար անձանց հայտարարագրերի՝ ոչ պաշտոնատար անձանց հայտարարագրերը պետք է պաշտպանված լինեն, այսինքն՝ ոչ հասանելի։
Արթուր Սաքունց. «Եթե կլինեն ինչ-որ կասկածելի հանգամանքներ, ապա միայն այդ դեպքում կարող են հարցեր բարձրացնել։ Հայտարարագրերի ընդհանուր համակարգը հարկային հաշվետվության, բյուջեի եկամուտների, ժողովրդագրական այլ տվյալների՝ կենսամակարդակի գնահատման համար շատ կարևոր նշանակություն կունենա՝ ընդհանրապես քաղաքականություն մշակողների համար»:
Արթուր Սաքունցը շեշտում է՝ պետությունը պետք է ապահովի անձնական տվյալների գաղտնիությունը։ Իրավապաշտպանի խոսքով՝ հայտարարագրման համընդհանուր համակարգը թեպետ կարևոր խնդիր է լուծում ստվերային տնտեսության ծավալների կրճատման հարցերում, բայց չի լուծելու չգրանցված եկամուտների խնդիրը։
«Օրինակ՝ դա կարող է ծառայություն լինել, տների վերանորոգում, մարդը իր աշխատավարձն ստացել է, իրացրել է տարբեր ծառայությունների վրա, որը հանդիսացել է եկամուտ այդ աշխատանքները կատարող քաղաքացիների համար, որոնք գրանցված չեն, հիմա ինչ են անելու՝ հասկանալի չէ»։
Արթուր Սաքունցն ընդգծում է՝ համակարգը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա հարկային դաշտում ավելի հեշտ ձևով գտնելու չգրանցված աշխատողներին ՝ խնայելով ռեսուրսներ։
Նշենք, որ Հայաստանը բոլոր գործարքներն անկանխիկ դարձնելու ճանապարհով է գնում։ Հուլիսի 1-ին կանխիկ դրամով վճարելու սահմանափակման օրենքն է ուժի մեջ մտնում։ Օրենսդրական կարգավորումներ են ընդունվելու նաև բնակարանի և ավտոմեքենայի առքուվաճառքը միայն անկանխիկ եղանակով կատարելու համար։