Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Երկու բռնապետական ուժեր՝ ՌԴ-ն և Ադրբեջանը, խաղեր են տալիս. Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության ուղարկման խոչընդոտողը ՌԴ-ն է. Սաքունց

February 15, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Շուրջ երեք  ամիս շրջափակված  Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու  առաջարկը, որը քանիցս հնչեցվել է  Հայաստանի կողմից՝ թե վարչապետի, թե ԱԳ նախարարի մակարդակով, առայժմ պատասխանի  չի արժանացել։  Փաստահավաք առաքելությունը, որը կդիտարկեր միջանցքում ստեղծված իրավիճակն ու վերջ կդներ ալիևյան վարչակազմի սպեկուլյացիաներին, թե՝ միջանցքը կիսով չափ է բաց կամ փակ, չի շտապում ճգնաժամի վայր։  

 

Հիշեցնենք, որ   օրերս Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին բարձրացրեց այս հարցը՝ մասնավորապես նշելով.  «Ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից  հստակ գործողությունների և համապատասխան միջազգային մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն:
Այս առումով կարևորում ենք նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»:

 

Ի՞նչն է պատճառը, որ համապատասխան փաստահավաք խմբի ժամանումն ուշանում է, եթե չասենք՝ կանխարգելվում է՝ Բաքվին հնարավորություն տալով  շարունակել փակած պահել միջանցքն ու, փաստորեն, անորոշ ժամանակով առկախել  լաչինյան  ճգնաժամի  հանգուցալուծումը։ Civic.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս հարցին պատասխանելիս նախ նշեց, իր ձևակերպմամբ, անկյունաքարային մի հանգամանք՝  Հայաստանը պետք  է շատ հստակ դիրքորոշում ձևակերպի առ այն, որ ինքը միանշանակ, անվերապահ կանգնած է միջազգային իրավունքի պաշտպանության դիրքերում, և միջազգային, քաղաքակիրթ  ինստիտուտների մասը դառնալու ձգտումը պետք է համոզիչ լինի։  «Երբ դու մի ձեռքով պահանջում ես բռնապետական ռեժիմի՝ հանձին Ալիևի երկրի դեմ պատժամիջոցներ, իսկ մեկ այլ ձեռքով դու բացարձակ անգործություն ես ցուցաբերում մեկ այլ՝ ավելի խոշոր  բռնապետական ռեժիմի կողմից  նմանատիպ գործողությունների դեմ և ակնկալում ես  պատժամիջոցների կիրառում, դու շատ տարօրինակ ընկալում ես ունենում միջազգային հանրության կողմից։ Դու ռազմավարական դաշնակից պետություն ես համարում մի պետության, որը ագրեսիա է  իրականացնում (հասկանալի է, որ դու ձեռնպահ ես կարողանում քվեարկել ՄԱԿ-ում), բայց դա այլևս չի ընկալվում որպես համոզիչ ընկալում, հիմնավորում, որ դու իրապես միջազգային իրավունքի և ինստիտուտների սկզբունքների պաշտպանության դիրքերում ես։  Սա լուրջ հարց է, և այստեղ քո երկակիությունը  քո դիվանագիտական ջանքերի համոզիչ լինելը կամ դրանց արդյունավետությունը  նվազեցնում է։  Ուզենք, թե չուզենք, պետք է հաշվի նստել այս երկակիության բացասական հետևանքների հետ»,- նշեց  իրավապաշտպանը։ Սաքունցն այս համատեքստում հիշեցրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետևյալ հայտարարությունը. «Վարչապետն իր հրապարակային խոսքում վերջերս մի բացահայտում արեց, թե՝ միջազգային ատյաններում Ալիևը և Ադրբեջանը հայտարարում են, թե ՀՀ-ն պրոռուսական է, իսկ Կրեմլում մեզ ներկայացնում են որպես պրոարևմտյան։ Ինչ է ստացվում՝ Ադրբեջանը կարողանում է օգտագործել մեր երկակիությունն ու աշխատել դրա վրա։ Այսինքն՝ դու խնդիր ունես հստակ լինելու. հարցը դիվանագիտական քայլերի կամ խոսակցությունների մասին չէ, որոնք կարող են ունենալ խորհրդապահական էլեմենտներ, հարցը դիրքորոշման մասին է։ Այս առումով դու պետք է կարողանաս լինել վստահելի պարտնյոր, որպեսզի  քո կողմից առաջարկվող գործողություններն ու խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան։ Եթե,  օրինակ,  Ուկրաինայի ղեկավարությունը հստակ չդիմադրեր, նույնսկ գնար որոշակի կոմպրոմիսի ՌԴ-ի հետ, պարզ չէ՞, որ  որևէ աջակցություն չէր ստանալու, վերանալու էր որևէ աջակցության նույնիսկ տեսական հնարավորությունը։  Այսինքն՝ բոլորը սկզբում կարծում էին, որ Ուկրաինան չի դիմադրի, չի դիմանա,  և Ուկրաինայի հենց այդ՝ խեղճության վրա էին կառուցել իրենց վերլուծությունը։ Սակայն տեսանք հակառակ պատկերը, և Ուկրաինայի կամքը, ձգտումը՝ պաշտպանել իր ազգային անվտանգության շահերը, հանդես գալով  ժողովրդավարության սկզբունքների պաշտպանության դիրքերից, դարձավ երաշխիքը, որ այդ աջակցությունը ստացավ»։  Իրավապաշտպանն այս համատեքստում  այն միտքը զարգացրեց, որ ՀՀ-ն այլևս չի կարող մնալ ՀԱՊԿ-ում։  

 

Սաքունցն այնուհետ անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկին՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: «Ո՞վ էր ապահովելու այս կետի իրագործումը․  ՌԴ-ն։  Պարզ է՝ այս կետը ՌԴ-ն ձևի համար թղթի վրա գրել էր, բայց ինքը ջանք գործադրե՞լ է այդ ուղղությամբ։ Խաղաղապահները նույնիսկ մեր լրագրողներին կամ օտարերկրյա այցելուներին  թույլ չեն տալիս այցելել Արցախ։  Եվ հիմա դու  բարձրացնում ես փաստահավաք առաքելության այցելության հարցը, սակայն ունես, ի դեմս ՌԴ-ի, դրա իրական խոչընդոտողը, բայց խոչընդոտողի  հետ կապված հարց չես բարձրացնում, արդյունքում ունենում ես այն, ինչ ունես»։ 

 

Սաքունցը նշեց նաև,  որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կետերը  Ադրբեջանն ու ՌԴ-ն չեն կատարել, իսկ  ՀՀ-ի վերաբերյալ հատվածը՝ մեր կողմից  կատարվելիք  քայլերի, գործողությունների առումով, կատարվել են։  Մասնավորապես ՌԴ-ն իրեն վերաբերող առաքելությունը չի իրացրել  մինչև իսկ ուկրաինական պատերազմը, անգամ չի կարողացել հասնել նրան, որ Ադրբեջանը հաստատի խաղաղապահների մանդատը։  «Արցախում կա, այսպես կոչված, մոնիտորինգային կենտրոն, ի՞նչ է անում այդ կենտրոնը, որևէ մեկը այս մասին հարց բարձրացրե՞լ է։ Ասում են՝ էկոակտիվիստները եկան, կանգնեցին ռուսական զորքի դիմաց։  Սա ի՞նչ  հեքիաթ է։ ՌԴ-ում երբ մեկը «օդինոչնի» պիկետ է անում, թևերը միանգամից ոլորում տանում են։  Կամ՝ Ադրբեջանում ի՞նչ ակտիվիզմ կա, որ մի հատ եկել, Լաչինի միջանցքում է ակցիա անում։ Բաքվում հենց մեկը փորձի ակցիա անել, կհավաքեն, կտանեն։ Այսինքն՝ երկու բռնապետական ուժեր խաղեր են տալիս։  ՀՀ-ն, այո՛, պետք է հստակ, աներկբա  հայտարարի, որ նոյեմբերի 9-ի հայտարարության երկու կողմերը՝ ՌԴ-ն և Ադրբեջանը, բացահայտ խախտում են իրենց վրա վերցրած պարտավորությունները։ Եվ բացի դա՝ ՀՀ-ն իր սահմանների պաշտպանության առանձին հատվածներ վստահել է ՌԴ-ին, իսկ միջազգային խաղաղապահ ուժերի մանդատի հարց բարձրացրե՞լ է՝ գոնե իր սահմանների ուղղությամբ։  ԵՄ-ի դիտորդական առաքելություն է եկել, որը շատ կարևոր քայլ է,  բայց հարցը միայն առաքելության գալը չէ,  այդ առաքելության գործունեության պատասխանատվությունը պետք է վերցնել՝ երաշխիքներ տալու, ապահովելու, մթնոլորտ ձևավորելու առումով։  (Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչպիսին են ԵՄ երկամսյա դիտորդական առաքելության տվյալները)։  Տեսեք՝ ՌԴ-ն ո՞նց է դեմ կանգնում դիտորդական առաքելությանը, և այդ ֆոնի վրա Արցախի նախագահը կոչ է անում  միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Ահա, միջազգային հանրությունը եկել է։ Ինչպե՞ս կարող ես դու, գտնվելով ՌԴ-ի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ, դիմել միջազգային հանրությանը»,- նկատում է իրավապաշտպանը, հավելելով, թե Արցախի նախագահի բերանով խոսում է ՌԴ-ն, իսկ մենք չպետք է թույլ տանք, որ հերթական անգամ մեզ օգտագործեն։  

 

Հեղինե Մանուկյան

views: 40

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color