Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ընդդիմությունն է մեղավոր՝ մթնոլորտը հասցնելու համար այն իրավիճակին, որ բռնությունը համարվի խնդրի լուծման միջոց. իրավապաշտպանը՝ զոհվածի ծնողի ձերբակալման մասին

May 19, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաներին զուգահեռ՝ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված ու անհետ կորած որոշ զինծառայողների ծնողներն են իրենց դժգոհությունը ներկայացնում՝ ուղղված իշխանությանը։ Նրանցից մի քանիսն արդեն իսկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, այսօր՝ մայիսի 18-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց, որ երեկ մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պահանջին՝ հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասսայե շշով հարվածելով դեմքին: 



Իրավապահ մարմինները պարզել են նրանց ինքնությունը, որոնցից մեկը զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրն է՝ Գարիկ Գալեյանը, մյուսը՝ հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, և մեկ այլ զոհված զինծառայողի մայր՝ Ազգուշ Մարտիրոսյանը:


 
Նշենք, որ Գարիկ Գալեյանը, որը, ըստ իր փաստաբանի, ունի առողջական խնդիր՝ սիրտը ստենտավորված է, ձերբակալվել էր, իսկ հիմա գտնվում է հիվանդանոցում։  Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք երեկ գնացել էին նշված վայրը՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով, սակայն իրենց պահանջը ոչ թե քաղաքական, այլ իրավական է։ 



Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով զոհված զինծառայողների հարազատների հույզերին, ընդգծեց, որ բնական է համարում մարդկանց կորստի հետևանքով ստեղծված իրավիճակը, բայց կրակի վրա յուղ լցնելու այդ տարբերակն ամենևին չի կարող օգտակար լինել ոչ այդ մարդկանց, ոչ էլ որևէ մեկին. «Ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու այդ պրակտիկան դատապարտելի է։ Կոնկրետ այս դեպքում չգիտեմ՝ անձին դրդել են, թե ոչ, բայց երբ մթնոլորտը հասցնում են այն իրավիճակին, որ բռնությունը համարվում է միջոց խնդիրը լուծելու կամ խնդիրներին ընթացք տալու, դրա համար միանշանակ ընդդիմությունն է պատասխանատու»։  



Այսօր զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք օրեր առաջ, ըստ իրենց դիմումի, ճանաչվել էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի հետ միասին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ էին։ Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջ էին ներկայացրել, սակայն տեղեկացել են, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու և հարցաքննելու միջնորդությունների քննարկումը՝ հետաձգել։ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց խնդիրն այն է, որ պարզվի թե պատերազմն ինչից եղավ, պատերազմի ժամանակ ինչի զոհվեցին հայ երիտասարդները, և ինչու տարածքներ կորցրինք։ Նրա խոսքով՝ խնդրի առաջին հարթությունը կապված է պատերազմի ժամանակ այնպիսի գործողություններ կատարելու հետ, որը հանգեցրել է աղետալի վիճակի, և սա կապված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Եվ այս մասով, իր համոզմամբ, քննչական մարմիններն անկարողունակ են հասնել վարչապետին։  


Արթուր Սաքունցի տեսանկյունից՝ քանի որ Արա Զոհրաբյանը նաև հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ, այստեղ արդեն ոչ թե զուտ իրավական գործընթացի ապահովման հարց է, այլ քաղաքական մոտեցում՝ իր նպատակներին հասնելու միտում։ 
 


Հարցին՝ այն զոհված զինծառայողների ծնողները, որոնք ընդդիմության կողքին են և ունեն իշխանափոխության ակնկալիք, թե ընդդիմությունը, թե իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի նրանք չշահագործվեն և իրենց հայացքներն արտահայտեն խաղաղ պայմաններում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ընդդիմության նպատակն է ամեն ինչ անել՝ ընդհուպ գնալ առճակատման, իրենց նպատակներին հասնելու համար, որին չեն հասնելու։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա պետք է լինի սկզբունքային, հետևողական քննություն իրականացվի, քանի որ քննության օբյեկտիվությունը կարող է երաշխավորել, որ մարդիկ ստանան պատասխաններ։ Իսկ քննիչ հանձնաժողով ասվածը պետք է թափանցիկ աշխատի։ Օրինակ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվեր, որովհետև երբ թափանցիկ չեն աշխատում, դա պարարտ հող է ստեղծում տարբեր մանիպուլյացիաների համար»։ 

civic.am

views: 62

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color