Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կրեմլը բացահայտում է իր գործակալներին ՀՀ-ում, իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի այդ բացահայտված գործակալների հակապետական գործունեությունը ՀՀ-ում կանխվի. Արթուր Սաքունցը՝ ОРТ-ի հաղորդման ու Անդրանիկ Թևանյանի մասին

October 25, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ռուսական ОРТ հեռուստաընկերությամբ երեկ հեռարձակվել է «Նիկոլ Փաշինյան. աղետի ավետաբերը» վերտառությամբ հաղորդում, որի թիրախում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին տիկին Աննա Հակոբյանը, մի շարք հայաստանյան գործիչներ, սակայն հաղորդումը իրականում հակահայաստանյան է։ Այն պատրաստվել է կեղծ թեզերի հիման վրա, որը հասարակության մեջ դժգոհությունների առիթ է դարձել, նաև՝ էլ ավելի գրգռել հակառուսական տրամադրությունները։



Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ում մասին հաղորդման մեջ ևս անդրադարձ է եղել։



- Պարոն Սաքունց, հաղորդումը վստահաբար  նայել եք. ի՞նչ եք կարծում՝ դա ի՞նչ ազդեցություն է թողնում հասարակության վրա։  Կարծիք կա, որ սա հակառակ էֆեկտ է ունենում և հենց ռուսական իշխանությունների դեմ  է դժգոհություն  առաջացնում։



- Հարցը երևի թե հենց ռուսական կողմին պետք է տալ, ОРТ-ին մասնավորապես հարցնել, թե ինչ նպատակ են հետապնդում՝ այդ ակնհայտ ապատեղեկատվությունները տարածելով։ Քանի որ անհնար է որևէ ողջամիտ պատասխան ակնկալել, պետք է բացատրել երևույթը որպես ՀՀ-ի դեմ Կրեմլի հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկը, որը իրականացնում են ապատեղեկատվությամբ՝ ներգրավելով տարատեսակ փորձագետների, այդ թվում՝ նաև հայաստանյան գործիչների, որոնք փաստորեն դառնում են ՀՀ-ի դեմ Կրեմլի հիբրիդային պատերազմի գործիքը։ Եվ մի բան էլ նշեմ։ Ես հասկանում եմ, որ ես և Լարիսա Մինասյանը Սորոսի հետ կապ ունենք, չնայած այդ մարդը իր հիմնադրամը փակել է ՀՀ-ում, բա մնացածը ի՞նչ կապ ունեն Սորոսի հիմնադրամի հետ։ Սա շատ վիրավորական եմ համարում, որովհետև եթե մնացածն էլ կապ ունենային Սորոսի հիմնադրամի հետ, ապա ОРТ-ն և ռուսական որևէ քարոզչական այդպիսի գործիք  ՀՀ-ում չէր հեռարձակվի։



- Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ էֆեկտ ունեցավ այդ հաղորդումը։



- Ինչ էֆեկտ կարող է ունենալ  ապատեղեկատվությունը՝ բացառությամբ ՀՀ-ում կրեմլյան գործակալների հրճվանքի։ Ոչ մի այլ ազդեցություն։  



- Պարոն Սաքունց, սրանով նաև լյուստրացիա տեղի չի՞  ունենում։ Այսինքն՝ այն հայաստանյան գործիչները, ովքեր մասնակցում են նման հաղորդումների, երևում է նրանց՝ Կրեմլի հովանավորության տակ լինելը։



- Հովանավորության տակ լինելը ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Կրեմլը այդպիսի տխմար գործողություններով բացահայտում է իր գործակալներին ՀՀ-ում։ Իսկ ինչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի այդ բացահայտված գործակալների հակապետական գործունեությունը ՀՀ-ում կանխվի։ Մենք ժամանակին առաջարկում էինք լյուստրացիա իրականացնել պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում և քաղաքական դաշտում։ Համակարգային օրենքի հիման վրա ստեղծված գործիքներով լյուստրացիան կհանդիսանա ոչ միայն բացահայտելու հնարավորություն, այլև միջոց՝ ձեռնարկելու, որպեսզի ՀՀ  իշխանության դեմ նման ոտնձգությունները օրենքի հիման վրա ստեղծված մեխանիզմներով պատասխան ստանան։ 



- Եթե Կրեմլից հրաման են տալիս, որ հեռուստաեթերով այդպիսի հաղորդում հեռարձակվի, ապա ինչո՞ւ էր Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը վերջերս նշում, որ Հայաստանն ու ՌԴ-ն շարունակում են մնալ դաշնակիցներ։



- Ինձ չի հետաքրքրում, թե Պուտինը ինչ է ասում։ Դա հերթական իր խաբեության դրսևորումն էր։ Ինձ համար ավելի կարևոր է, թե ՀՀ իշխանությունը ինչ է մտածում, երբ նման ռեժիմի հետ շարունակում է մնալ դաշնակցային հարաբերությունների մեջ։



- Որովեհտև ռիսկեր է պարունակում, պարոն Սաքունց։



- Նման հանրային կարծիքի ձևավորումը ՌԴ-ում ևս մեծ ռիսկեր է պարունակում։ Դա ՀՀ քաղաքացիների հանդեպ է նաև ռիսկ, ովքեր գործի բերումով գտնվում են Ռուսաստանի տարածքում։



- Պարոն Սաքունց, եթե ՀՀ-ն խզի այդ դաշնակցային հարաբերությունները, ի՞նչ կոնկրետ ռիսկերի դիմաց կկանգնեն ՌԴ-ում ապրող և աշխատող մեր հայրենակիցները։ 



- Նման երևույթի ականատես ենք եղել, երբ Վրաստանի դեմ 2008 թվականի օգոստոսի 7-ին ՌԴ-ի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո տեսանք, թե ինչպես վերաբերվեցին Վրաստանի քաղաքացիներին ՌԴ-ում, երբ անգամ բեռնատար ռազմական ինքնաթիռներով էին մարդկանց վտարում դեպի Վրաստան։ Բնականաբար, նման երևույթներ կլինեն և շատ ավելի կխորանան։ Սա նաև անվտանգային սպառնալիք է։ Սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն, դիմագրավելու, կանխելու և վերացնելու ուղղությամբ։ Այլ հարց է նաև, թե ինչպես են այդ քաղաքացիները դիրքավորվելու, որովհետև մի օրինակ հիշեցնեմ. Վախթանգ Կիկաբիձեն  հրապարակավ հրաժարվեց Կրեմլի բոլոր շքանշաններից, պարգևներից և տեղափոխվեց Վրաստան։ Նա թողեց իր աշխատանքը, տունը,  վերադարձավ իր հայրենիք ու հստակ դիրքորոշում հայտնեց, իսկ թե ինչ դիրքորոշում են հայտնելու ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են ՌԴ-ում հիմա, դա արդեն հարց է։ Արդյոք նրանք կմնա՞ն պուտինյան ռեժիմի հպատակներ և մասնակիցներ ՀՀ-ի դեմ Կրեմլի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի, թե՞ կունենան արժանապատվություն ու կմերժեն այդ հպատակությունը։ 



Դավիթ Լևոնյան

Civic.am

views: 100

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color