Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) 2018-ին գրեթե ողջ բնակչությունն էր ոտքի կանգնել ընդդեմ ոչ լեգիտիմ իշխանության, իսկ այսօր լեգիտիմ իշխանության դեմ դուրս է եկել հանրային աջակցություն չվայելող ագրեսիվ փոքրամասնությունը. Իրավապաշտպան

May 11, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ընդդիմության կենտրոնական դեմքերը հանդես չեն գալիս իրենց աջակիցների կողմից ցուցաբերվող ագրեսիվ վարքն ու բռնությունները դատապարտող ուղերձով և իրենց լռությամբ առնվազն խրախուսում են նման կեցվածքը»,- civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Գյումրիում տարեց մարդկանց նկատմամբ ցուցաբերված բռնարարքներին, ինչպես նաև ավելի վաղ ընդդիմության աջակիցների կողմից ցուցաբերված բռնության գործողություններին՝ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

(Իրավապաշտպանի հետ մեր զրույցից հետո ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է «բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրել այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար, որն անգամ փոքր անհարմարություն է պատճառել մեր հայրենակիցներից որևէ մեկին»։ Նկատենք, որ ավելի վաղ տեղի ունեցած բռնության դեպքերը ընդդիմության կողմից դատապարտման չեն արժանացել և միայն այսօր է, որ Սաղաթելյանի խիղճն արթնացել է, լեզվի կապանքներն էլ՝ բացվել)։

 

Սաքունցը նկատեց, որ 2018-ի թավշյա հեղափոխության օրերին ընդդիմության առաջնորդները պարբերաբար հիշեցնում էին, որ փողոցային ակցիաները «բաց ձեռքերի» գործողություններ են և պետք է տեղի ունենան սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում՝ կոչ անելով կանխել բռնության ցանկացած դրսևորում։ «Ակնհայտ է, որ այս ուժերը իրենց հռետորաբանությամբ, խոսքով, արտահայտություններով նպատակ ունեն իրավիճակը լարված պահելու, որի պայմաններում շատ դժվար է լինելու քաղաքական որևէ գործընթաց, քանի որ քաղաքական գործընթացն ու բռնությունները միմյանց հետ անհամատեղելի են։ Թեև երրորդ շաբաթն է, ինչ ընդդիմությունը փողոցային ակցիաներ է անում, սակայն իր ակնկալած՝ աջակիցների թվաքանակը չի կարողանում ապահովել, ինչն էլ դրդում է գնալ ծայրահեղ գործողությունների՝ այդ ճանապարհով իրենց հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար։ Այս ընդդիմությունը չունի որևէ քաղաքական օրակարգ, քանի որ այն, ինչ իրենք են հնչեցնում, ըստ էության իշխանության օրակարգի այլընտրանքը չէ։ Իրենք ասում են՝ Թուրքիայի հետ երկխոսությանը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն դեմ չեն, պարզապես իրե՛նք են ուզում գալ իշխանության և իրե՛նք անել այն, ինչն այսօր անում է կամ անելու է ժղովրդի քվեն ստացած իշխանությունը։ Մյուս կողմից էլ՝ կարող ենք ասել, որ քաղաքական, քաղաքագիտական տեսանկյունից նորմալ է, որ ընդդիմությունը ձգտում է գալ իշխանության։ Սակայն այս դիտարկումը ունի շատ պարզ հակադարձում՝ քաղաքական այս ուժերը, որոնք ձգտում են իշխանության, արդեն իսկ եղել են իշխանության, եղել են բավական երկար՝ 20 տարի, և մենք տեսել ենք իրենց իշխանության նպատակներն ու արձանագրած արդյունքները։ Այդ նպատակները եղել են իշխանության, բյուջետային, տնտեսական, հանքային ռեսուրսները իրենց խմբային շահերի համար, իրենց բիզնեսները ձևավորելու համար օգտագործելը։ Իշխանության լծակներից զուրկ մնալով՝ իրենք անընդունակ են ինքնուրույն գործ ստեղծելու, դրսևորվելու, և, իմ համոզմամբ, իշխանությունից զրկվելը իրենց համար դարձել է հոգեբանական տառապանք, որը ցուցադրում է նրանց բուն էությունը։ Այդ պատճառով էլ ամեն կերպ, ամեն գնով նրանք մտադիր են վերադառնալ իշխանության, որպեսզի շարունակեն թավշյա հեղափոխության պատճառով ձախողված կոռուպցիոն բնույթի, կլանային շահերի սպասարկմանն ուղղված ծրագրերը»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Մեր հարցին՝ այս շարժումը արդյոք կապ ունի՞ Արցախի փրկության հետ, ինչպես շարժման ղեկավարներն են ներկայացնում, թե՞ Արցախի փրկությունը «կոմերցիոն» հնարք է՝ իշխանափոխությունը ավելի համոզիչ դարձնելու համար, Սաքունցն արձագանքեց. «1998 թվականի փետրվարի 3-ից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունները հիշեք, երբ այս ուժերը և իրենց ղեկավարները հայտարարում էին, թե իրենք կլուծեն Արցախի խնդիրը։ Սակայն 20 տարվա մեջ այդպես էլ որևէ լուծում չկարողացան գտնել, որևէ տեղաշարժ չարձանագրվեց Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Եկեք վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ իրենց կառավարման 20 տարվա ընթացքում. այսօր փողոցներ դուրս եկածները իբրև թե բողոքում են Արցախի անկախության նշաձողի իջեցման դեմ, սակայն իրենց կառավարման տարիներին իրենք զբաղված էին ՀՀ անկախության նշաձողի աննախադեպ իջեցմամբ՝ ի դեմս հայ-ռուսական պայմանագրերի՝ գազային պայմանագիրը ստորագրված Ռոբերտ Քոչարյանի օրոք, պաշտպանական պայմանագրերն էլ՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Ավելին՝ Սարգսյանի օրոք տեղի ունեցավ հրաժարում ԵՄ Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից, որով կասեցվեցին ՀՀ-ի զարգացման հնարավորությունները՝ այդ նպատակով ԵՄ-ի կողմից ներդրվելիք ռեսուրսների միջոցով։ Հիշեցնեմ, որ ՀՀ-ն 2008-ի մարտիմեկյան ճգնաժամից հետո զրկվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից։ Այսինքն՝ այս մարդիկ իրենց կառավարման տարիներին ոչ թե ամենօրյա, քրտնաջան աշխատանքի միջոցով ջանքեր են գործադրել Արցախի անկախության ճանաչման կամ դրան հասնելու համար, Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ-ի բազմավեկտոր զարգացման համար, այլ ընդամենը մեկ խնդիր լուծելու՝ իրենց իշխանությունն ամեն կերպ պահելու և վերարտադրվելու համար։ Այս մարդիկ ի վիճակի չեղան նաև ընդունելու մի պարզ բան, որ իրենք ձախողել են իրենց հայտարարած այն նպատակներին հասնելու տեսակետից, որի համար էլ 98-ին կատարեցին պետական հեղաշրջում։ Իրենք Արցախի հարցով են իշխանության եկել, սակայն հաջորդ իշխանությանը ժառանգել են Արցախի չլուծված, բանակցային առումով տանուլ տրված հարց»։

 

Սաքունցի բնորոշմամբ՝ ընդդիմությունը հասկացել է, որ թավշյա հեղափոխությունից հետո երկու անգամ տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով իրենք չեն կարողացել իրենց երազած տոկոսները «խփել»՝ անգամ պատերազմում պարտությունից հետո իշխանությունը նորից ստացել է ժողովրդի քվեն, ուստի որոշել են գործի դնել իշխանությունը վերազավթելու այլընտրանքային ճանապարհը՝ փողոցային պայքարի միջոցով մարդկանց դուրս հանելն ու իբրև թե 2018-ի հեղափոխության արդյունքն արձանագրելը։ «Պետությունը զավթածները, համակարգային կոռուպցիայով երկիրը կառավարածները, մարդու իրավունքների շարունակական խախտումներ թույլ տվածները երբ մնացին անպատիժ, վստահություն ձեռք բերեցին, որ իրենց անպատժելիության հիմքով կարող են նաև քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել, ինչին էլ այսօր ականատես ենք լինում։ «Այսօր շահարկում են ոչ միայն Արցախի հարցը, այլև պատերազմի հետևանքով մարդկանց կրած անդառնալի կորուստներն ու վիշտը, որը բարոյական նորմերին է հակասում և պարզապես անթույլատրելի է»,- նկատեց իրավապաշտպանը։

 

Հաշվի առնելով ընդդիմության պայքարի որակն ու շանտաժն ուղղված վարչապետին՝ «կամ դու հեռանում ես, կամ մենք կանգնեցնում ենք պետական կառավարման համակարգը», ի՞նչ ելք կարող է ունենալ այս շարժումը՝ կմարի՞, ընդդիմությունը կվերադառնա խորհրդարա՞ն, թե՞ կսադրեն բռնություններ, տեղի կունենա Մարտի 1-ի սցենարի կրկնությունը։ Ի պատասխան՝ Սաքունցն ասաց. «Այս ընդդիմության հիմնական նպատակն այն է, որ ձեռք բերի այնպիսի փաստեր,որի հիման վրա կարողանա պնդել՝ ոչ միայն իրենք են եղել վատը, այլ նաև գործող իշխանությունն է իրենց պես՝ վատը։ Սա է իրենց նպատակը, ինչի համար գնալու են ամենածայրահեղ միջոցների։ Խոսքը միայն փողոցային գործողությունների մասին չէ։ Իսկ ինչ պետք է անի իշխանությունը. պետք է հնարավորինս օպերատիվ կանխվեն փողոցային բոլոր սադրանքները, իրավապահները պետք է ցուցաբերեն բացառիկ պրոֆեսիոնալիզմ։ Այսինքն՝ քանի դեռ գործողությունները տեղավորվում են խաղաղ ցույցի տրամաբանության մեջ, կարող են շարունակվել, բայց եթե անցնեն սադրանքների, ապա իրավապահների արձագանքն էլ պետք է համարժեք լինի։ Մենք գործ ունենք ուժերի հետ, որոնք բարոյականության որևէ չափ ու սահման չունեն, և որոնց օրոք տեղի ունեցավ նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագրությունը։ Սա ևս եկեք չմոռանանք։ Այնպես որ, իրենց արսենալում ոչ միայն բողոքի առերևույթ խաղաղ գործողություններն են, այլ նաև այլ գործողություններ, որոնք իրենց համար նորություն չեն։ Հիմնվելով բոլորիս հայտնի փաստերի վրա՝ պնդում եմ, որ իրենց բնորոշ է ծայրահեղ գործողություններ կատարելու հակումը, ժողովրդավարական մեթոդները խորթ են նրանց էությանը։ Ծայրահեղական փոքրաթիվ խմբավորումների գործողությունները՝ բռնություների, սպառնալիքների ուղեկցությամբ, չեն կարող համատեղելի լինել ժողովրդավարական պետության հետ։ Եվ եթե իրենք ուզում են նաև զուգահեռներ անցկացնել կամ զուգահեռ իրականություն ստեղծել և իրենց գործողություններով հասնել 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցածի կրկնությանը, ապա պետք է շատ պարզ մի բան հասկանան՝ 2018-ին ՀՀ ողջ տարածքով էին տեղի ունենում մերժման գործողություններ, գրեթե ողջ բնակչությունն էր ոտքի կանգնել ընդդեմ իրենց ոչ լեգիտիմ իշխանությանը։ Իսկ այսօր լեգիտիմ՝ հանրության գերակշիռ մասի վստահության քվեն ստացած իշխանության դեմ դուրս է եկել հանրային աջակցություն չվայելող ագրեսիվ փոքրամասնություն։ Սա է իրականությունը, անկախ նրանից՝ դուր գալիս է իրենց, թե ոչ։ Իրենք խաղաղություն են գոռում, բայց ՀՀ-ի ներսում կատարում են խաղաղությանը դեմ գործողություններ, որոնց նպատակը ՀՀ-ին քաղաքակիրթ աշխարհից մեկուսացնելն է, ինչպես իրենց օրոք էր մեկուսացած։ Բացի պուտինյան ռեժիմի կամակատարը դարձնելուց, իրենք ՀՀ-ի կենսագործունեության այլ հեռանկար, գործիքակազմ չունեն։ Իսկ նման գործողությունները պետք է կասեցվեն օրենքի ուժով»,- եզրափակեց իրավապաշտպանը։

civic.am

views: 41

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color