Activities | Media about us | Publications
2022-2026 թվականների Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ամբողջական իրականացման ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, սակայն ռազմավարական ոչ բոլոր նպատակներն են իրագործվել։ Օրինակ՝ անցումային արդարադատությունը ներառված էր նաև 2019-2023 թվականների ռազմավարության մեջ, որը, սակայն, ճանաչվել է ուժը կորցրած։ Անցումային արդարադատության հանձնաժողով չստեղծվեց ո՛չ նախորդ, ո՛չ էլ գործող ռազմավարության շրջանակում։
Անկատար է նաև Սահմանադրության նոր նախագծի մշակման խոստումը, չնայած դեռ 2023-ի ամռանը բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը պետք է պատրաստած և հրապարակած լինեին Սահմանադրության նոր նախագիծը, իսկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս պահին անգործության է մատնված։
Դատավորների բարեվարքությունը ստուգելու նպատակով պետք է ստեղծված լիներ պարբերական գնահատման համակարգ, սահմանված լինեին բարեվարքության ստուգման չափանիշներ, ինչպես նաև՝ ներդրվեր հասարակական վերահսկողության համակարգ։
ՀՀ վարչապետն ասում է՝ դատավորների 60%-ը փոխվել է, բայց արդյո՞ք բարեվարքության հանրային վստահելի մեխանիզմ ներդրված է։ Արդյո՞ք ԲԴԽ-ն պետք է լիներ այդ մարմինը։
Factor TV-ի տաղավարում ծավալվել է քննարկում՝ հասկանալու, թե ինչքանով է իրագործվել 12 ռազմավարական ուղղություն նախանշած ռազմավարությունը, և ինչ խնդիրներ են առկա։ Քննարկման մասնակիցներն են՝
Արթուր Սաքունց՝ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ,
Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ,
Միհրան Բուլղադարյան՝ ԹԻՀԿ իրավաբան,
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ,
Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան։
Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան