2021թ․ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունը աշխատանքային իրավունքների խախտման մի շարք դեպքեր է արձանագրել Հայաստանում։ Հարցումներին մասնակցել է 1062 մարդ, որոնց 8,7 տոկոսը առողջական խնդիրներ ու խեղումեր է ստացել աշխատավայրում, սակայն փոխհատուցում չի ստացել։ Աշխատողների 9․8 տոկոսը տեղյակ չէ, որ ունի ամենամյա վճարովի արձակուրդից օգտվելու իրավունք, 7 տոկոսը արտաժամյա աշխատանքի համար հավելավճար չի ստանում, կեսից ավելին դա համարում է սովորական աշխատանքային օրեր։ Խնդիրները վեր հանելու, աշխատակիցներին իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնն ու Կրթություն և համերաշխություն արհմիությունը՝ ԵՄ ֆինանասավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում իրականացնում են մարզային քննարկումներ։ Առաջին քննարկումը Ալավերդի քաղաքում էր։