Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ումի՞ց եք դժգոհում պարո՛ն վարչապետ․ Գագիկ Ծառուկյանը այլևս օլիգարխ չէ, Սամվել Ալեքսանյանը վճարում է «Իմ քայլը» հիմնադրամին, դա ծառայության մատուցում է, թե՞ մերժում․ Արթուր Սաքունց

April 22, 2020

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

– Պարո՛ն Սաքունց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է, այսպես ասած, «մեծ հիասաթափությունների» մասին և խմբեր առանձնացրել: Մի քանիսին անդրադառնանք, օրինակ՝ «ռուսամետներ» և «արևմտամետներ»: Վարչապետն ասում է, որ արևմտամետները վստահություն են տածել որոշ շրջանակների նկատմամբ, թե Հայաստանում իշխանության եկան արևմտամետներ, սակայն իրականում այդպես չէ։ Նույն կերպ էլ ռուսամետները կարծել են՝ իշխանությունը կիսվելու է ռուսամետների հետ, և որ Ռուսաստանը թույլ չի տա այս իշխանության գոյությունը։ Ըստ վարչապետի՝ հիմա երկու խմբում էլ կա հիասթափություն։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս բաժանումները, ինչպե՞ս կբացեք փակագծերը։

 

– Նա որակում էր «հիասթափվածներ» այն մարդկանց, որոնք մերժվել են հեղափոխությամբ, հեռացվել են իշխանությունից։ Շատ տարօրինակ է, որ հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացվածները պետք է որակվեն հիասթափված։ Ինչո՞ւ պետք է հիասթափված չլինեին, ինչ է՝ պետք է ողջունեի՞ն, որ իշխանության շարունակականության հնարավորությունից զրկվել են: Նրանք ոչ թե հիասթափված են, այլ խիստ զայրացած են, մտահոգված են ո՛չ միայն նրանից, որ զրկվել են իշխանությունից, այլ մտահոգված են նրանից, որ պետությունը զավթած ժամանակահատվածում հնարավորություն են ունեցել անպատիժ թալանելու, անպատիժ յուրացնելու, անպատիժ կառավարելու, ինչպես իրենց ներկայացուցիչներից մեկը ձևակերպեց՝ Արմեն Գևորգյանը, բնականորեն ձևավորել էին ընտանեկան կլաններ, բայց այդ խումբը հիասթափվածները չեն։

 

Աբսուրդ է նրանց հիաթափված ներկայացնելը։ Պարոն Փաշինյանը պետք է բացատրի՝ ինչո՞ւ նրանք պետք է որևէ ակնկալիք ունենային հեղափոխական իշխանությունից։ Ինչ վերաբերում է «արևմտամետներին» ու «ռուսամետներին», ապա պետք է ասեմ, որ այդ դասակարգումը նույնպես որևէ բովանդակային հիմք չունի։ «Ռուսամետ» և «արևմտամետ» հասկացություններն անհամատեղելի են, և ես չէի ուզենա, որպեսզի վարչապետը շարունակեր արդեն բազմիցս «ավանդույթի ուժ» ստացած և բովանդակազուրկ տերմիններով մեկնաբանել։ Մենք խոսել ենք ոչ թե ռուսական պետության, այլ ռեժիմի մասին՝ Պուտինի ռեժիմի։ «Ռուսամետը» արժեքային տեսանկյունից է դիտարկվում՝ ավտորիտար, դիկտատորական, հակաքաղաքակրթական ռեժիմ ունեցող։ «Արևմտամետը» ունի արժեքային հիմք,  դա այն տարածաշրջանն է, որտեղ մարդու իրավունքների, ժողովրդավարության ինստիտուտները կայացել են ու գործում են։ Ավտորիտար մտածելակերպի կրողները, ցավոք, շարունակում են մնալ «ռուսամետները»։ Այստեղ հարց է գալիս՝ ինչպե՞ս կարող էին թավշյա հեղափոխությունից չհիասթափվել հակաժողովրդավարական ուժերը։ «Ռուսամետները»՝ որպես արժեքային հիմքով բռնապետական, ավտորիտար, մարդու իրավունքները չհարգող համակարգի կրողներ, ոչ թե հիասթափված պիտի լինեն, այլ մերժված, և տարօրինակ է նրանց հղում կատարելը, թե նրանք նույնպես հիասթափված են։ Նույնքան տարօրինակ է հիասթափված համարել ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, պետությունը բռնազավթածներին, որոնք ոչ թե հիասթափված են, այլ մերժված են։

 

Վարչապետն ակնհայտորեն իրեն հակասում է, որովհետև եթե ինքը հանդես է գալիս ՀՀ-ում ժողովրդավարության վերականգնման ջատագով, արդեն իսկ հակադրության մեջ է գտնվում «ռուսամետների» հետ և ակնհայտ համախոհության մեջ է գտնվում «արևմտամետների» հետ։ Ես հիասթափված չեմ, պետք է հիասթափված լինեն «ռուսամետները»։ Պետք է հիասթափեցնեմ պարոն վարչապետին՝ ասելով, որ իշխանության մեջ ակհայտորեն կան «արևմտամետ» ուժեր, որոնք բազմիցս հայտնել են իրենց հավատարմությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ։

 

– Հոգևոր ոլորտի մասին: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում կա արժեքներ սերմանող իշխանություն, ինչին զուգահեռ՝ ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքը արժեքների, գաղափարների սերմանման գործում ունի մեծ բացեր ու պրոբլեմներ։ Սա հոգևորականության մոտ լրջագույն հիասթափություն է առաջացնում. «Հոգևորականների գործունեությունը ավելի շատ քաղաքականություն ու ինտիգներ է հիշեցնում, քան Աստվածաշնչից բխող գործունեություն»։ Ըստ Ձեզ՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվելու կարիք ունե՞ն և ինչպե՞ս։

 

– Այդ բոլոր հարցերում վերստին հասկանալի չեն վարչապետի մոտեցման չափանիշները։ Եթե խոսքը վերաբերվում է Հայ Առաքելական եկեղեցուն, պետք է որպես քաղաքացի ակնկալեմ, որ վարչապետը հստակ մոտեցում ներկայացներ, որ ՀՀ-ն, որպես աշխարհիկ պետություն, ճանաչում է եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը։ Այսինքն՝ ո՛չ իշխանությունը պետք է միջամտի կրոնական կազմակերպությունների գործունեությանը, ո՛չ էլ կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին, պետք է փորձեն միջամտել պետության գործերին: Եթե այս սկզբունքի վրա կառուցեր իր մոտեցումը պարոն վարչապետը, հասկանալի կլիներ։ Հստակ է, որ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դրույթը, որի մասին նույնպես վարչապետը նշել է, թելադրում է, որ Հայ Առաքեական եկեղեցին պետք է լինի հարկատու, չպետք է քաղաքականության մեջ ներգրավված լինի, ինչը, ցավոք, շարունակվում է։ Ժողովրդավարական հասարակության մեջ որևէ եկեղեցի չի կարող պետական ինստիտուտ համարվել, սա ակնհայտ է։

 

– Օլիգարխիա. «Այս խումբը նախկինում արտոնություններ է ունեցել՝ իշխանությանը ինչ-որ բաներ տալու դիմաց, այսօր իշխանությունը նրանց չի դիմում որևէ հարցով ու հիմա զրկվել են արտոնություններից, և հիասթափվածների հաջորդ խումբը սա է»,- ասում է վարչապետը։ Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս իշխանությունը օլիգարխներից այդ հեռավորությունը պահում է, և որքանո՞վ են տեղին վարչապետի գնահատականները։

 

– Ինձ համար հասկանալի չէ. նույն օլիգարխը՝ Գագիկ Ծառուկյանը, գնահատվում է որպես մեծահարուստ, կամ նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանը վճարումներ է կատարում «Իմ քայլը» հիմնադրամին, դա ես ինչպե՞ս գնահատեմ՝ ծառայության մատուցման փա՞ստ, թե՞ ծառայության մատուցման մերժում։ Եթե օլիգարխ ասվածները դարձել են մեծահարուստներ, ապա ինչպե՞ս հասկանալ, որ այդ նույն օլիգարխները 2008 թվականի մարտի 1-ին իրենց թիկնազորներով ներգրավված են եղել հետապնդումներում, խաղաղ ցուցարարների նկատմամբ բնություններ գործադրելուն, և կա փաստաթուղթ, թե զինվորական համազգեստ ում է բաժանվել։ Նրանց հետ կապված որևէ մոտեցում մենք տեսնո՞ւմ ենք, որ, ասենք, ծառայությունից օգտվելու կամ չօգտվելու մասին, չնայած ավելի շատ փաստեր ունենք ծառայության՝ ընդունելի լինելու մասին։ Դա չի նշանակում, որ ինչպես պարոն վարչապետն է ասում՝ առձեռն փող տային, կներեք՝ հիմնադրամներին գումար վճարելը ծառայությունն ընդունելի համարելու մասին է։

 

– Լրատվամիջոցների գերակշիռ մասը, ըստ վարչապետի, զրկվել է հուսալի վճարման աղբյուրներից, եթե նախկինում վերահսկվել ու փող է ստացել նախկին իշխանություններից, հիմա դա չկա, փլուզվել է առաջիկա 10 տարիների ծրագրավորումը, շուտով կավարտվեն նաև նախկին իշխանությունների փողերը, և խնդիր է սպասվում։ Այսօրվա իշխանությունը չի վճարում և չի վերահսկում, և ահա ևս մեկ հիասթափվածների խումբ։ Լրատվամիջոցներն էլ հարցրին վարչապետին՝ իսկ ինչպե՞ս էր ՀԺ-ն աշխատում այն ժամանակ։ Ո՞րն է Ձեր տեսակետը խոսքի ազատության հիմնահարցի վերաբերյալ։

 

– ԶԼՄ-ների մասով պետք է հստակ ասել, որ նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրը բիզնեսն է, տնտեսվարող սուբյեկտները և այդ նույն օլիգարխները, որ դարձել են մեծահարուստներ, նրանք են շարունակում ֆինանսավորել լրատվամիջոցներին: Ինչ է՝ հայտնի չէ՞, թե «Կենտրոն» հեռուստաընկերությունը ում կողմից է ֆինանաավորվում, պարզ է՝ ում անընդհատ գովազդում են, նա էլ ֆինանսավորում է։ Լրատվամիջոցների գովազդային շուկայում մոնոպոլիա է՝ մեկ կառույցի ձեռքում է գտնվում։ Սա բոլորին է հայտնի։ Հիմա մոնոպոլ շուկան վերացե՞լ է կամ, հատկապես արտակարգ դրության պայմաններում, տնտեսության կանգնեցում կա, բայց ԶԼՄ-ները գործում են։ Պարզ չէ՞, որ ֆինանսավորման աղբյուրները պետք է ցամաքեին, բայց ԶԼՄ-ների դաշտից չկա դժգոհություն ֆինանսական միջոցների պակասից։ Հիմա պահանջում են՝ փաստ ներկայացրեք, թե որոնք են ծախված լրատվամիջոցները: Ես էլ կարող եմ հարց բարձրացնել՝ ձեր բոլոր լրագրողնե՞րն են գրանցված որպես աշխատողներ կամ ձեր բոլոր ֆինանսական հոսքե՞րն են թափանցիկ։

 

Մի կողմից վարչապետի ոչ համարժեք մոտեցումն է փաստ, մյուս կողմից՝ այդ ոչ լիարժեք մոտեցման վրա առիթավորվել և սեփական խնդիրները ծածկադմփոց անել, դա էլ համարժեք չէ։ Ումի՞ց եք դժգոհում, պարո՛ն վարչապետ, երբ օլիգարխներին Դուք համարում եք մեծահարուստներ, նրանք շարունակում են վայելել իրենց ֆինանսական միջոցները, որ ձեռք են բերել նախկին պետությունը զավթած իշխանությունների կողմից։ Օլիգարխները շարունակում են ֆինանսական միջոցներով սնուցել լրատվամիջոցներին, դա ակնհայտ է։ Մինչև հիմա ոչ մի լրատվամիջոց քաջություն չի ունեցել ներկայացնել իր ֆինանսավորման աղբյուրները, թող ներկայացնեն։

 

– Ձեր կազմակերպությունը այլ ՀԿ-ների հետ հայտարարություն է տարածել վեթինգ չիրականացնելու կապակցությամբ: Նշել եք, որ  հեղափոխություն իրականացրած հանրության ակնկալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետև քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից, և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում։ Ի՞նչն է բերել նման եզրահանգման և ի՞նչ եք ակնկալում իշխանությունից։

 

– Խնդիրը շատ հստակ ներկայացրել ենք՝ իշխանությունը, որ նույնպես խոսում էր համընդհանուր և համապարփակ վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին դատաիրավական մարմիններում, այդ համապարփակ վեթինգը մենք չենք տեսնում օրենսդրական փոփոխությունների մեջ, որ ընդունվեց արտակարգ դրության պայմաններում։ Այս հարցը բարձրացնում ենք՝ հիշեցնելու համար, որ հրապարակայնորեն վերցված պարտավորությունը համընդհանուր և խորքային վեթինգի իրականացման վերաբերյալ, ապահովված չէ ընդունված փաթեթում։ Հենց իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա չի ապահովված, ավելին՝ գտնում են, որ իրականացման ընթացքում կբացահայտվեն բացերը, որ ի հայտ կգան վեթինգի ժամանակ։ Ունենք հարց, որ վեթինգի նախաձեռնությունը պատշաճ պետք է քննարկվեր քաղհասարակության հետ։

 

– Մեկ օր առաջ վարչապետը կադրային սպասվող փոփոխություններ ազդարարեց, նշելով, որ Սերժ Սարգսյանի կադրերից պետք է զտել իշխանությունը, ովքեր տրված շանսը չեն օգտագործել, պիտի հեռանան։ Ի՞նչ եք կարծում՝ իսկապես նման խնդիր հասունացե՞լ է, ի՞նչ շրջանակների կարող է վերաբերվել սա և արդյո՞ք ուշացած չէ։

 

– Մենք հեղափոխությունից անմիջապես հետո էլ՝ դեռ 2018 թվականի ամռանը, աշնանը, ԱԺ-ի ընտրություններից հետո բազմիցս առաջարկել ենք, որ իրականացվի ՏԻՄ-երում խնդիրների գույքագրում, նաև կադրային գնահատումներ արվեն: Երկրորդը՝ «Քաղծառայության մասին» գործող օրենքի այն դրույթները, որ պահանջում են հավաստագրի առկայությունը թափուր պաշտոնների մրցույթների համար, ժամանակավորապես դադարեցվեն, որովհետև բավականին լուրջ կադրային ռեսուրսներ, որ մոտիվացված էին և ունեին ձգտում՝ ներգրավվել պետական ապարատում և ներդրում ունենալ խնդիրների լուծմանը, դա այդպես էլ չլուծվեց։ Դա հնարավորություն կտար որոշակի թարմացում անել՝ գույքագրում, կադրային բանկի գնահատում։ Մինչև այժմ այդ խնդիրը լուծված չէ։ Մինչև հիմա հասկանալի չէ՝ ինչ չափորոշիչներ ունի Կառավարությունը պաշտոնի նշանակելիս կամ հեռացնելու առումով, որովհետև պետք է մոտեցումները կանխատեսելի լինեն։ Այդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ նշանակվեցին Օսիպյաննն ու Վանեցյանը, հետո նաև՝ ինչո՞ւ նշանակվեցին ներկայիս պաշտոնավարողները։ Կադրային քաղաքականության սկզբունքները պետք է հստակեցվեն։ Քիչ է ասելը, որ մարդիկ մնացել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ նախորդ կառավարման համակարգի տրամաբանության շրջանակներում։ Դրա համար պետք է ստուգման գործիքներ լինեն հստակ։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հիմա խոսվեց այդ ամենի մասին, երբ մենք բազմիցս ենք դրա մասին բարձաձայնել, խոսել։

 

factor.am

 

views: 276

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color