Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Չհանգստանալ դափնիների վրա․ ինչպե՞ս ժողովրդավարական ձեռքբերումը դարձնել անդառնալի իրողություն

June 20, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Քաղաքացիական հասարակության 6 կազմակերպություններ այսօր ամփոփել են 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին փաստում է՝ միջազգային դիտորդական կազմակերպություններն ընտրությունները գնահատել են շատ դրական, սակայն դեսպանը հորդորում է նայել առաջ։

 

«Եվրամիությունը առաջ է նայում, և ես կուզենայի, որ դուք ձեր դափնիների վրա չհանգստանաք՝ որպես հասարակություն, և մտածեք ապագա ընտրությունների մասին: Ես մի ռիսկային ենթադրություն կարող եմ անել, որ հաջորդ ընտրություններն ավելի կարևոր են լինելու, քան նախորդն էր»,- նշեց դեսպանը։

 

«Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» թեմայով քննարկմանը մասնակցող դեսպանը շեշտում է՝ այս հարցում Եվրամիությունն ունի հստակ դիրքորոշում՝ շահագրգիռ բոլոր կողմերն այսօր արդեն պետք է մտածեն ընտրական բարեփոխումների մասին, որպեսզի դրանք համապատասխանեցվեն Եվրոպայում կիրառվող ստանդարտներին։ Այդ պրեցեսին ակտիվորեն պետք է ներգրավվի քաղհասարակությունը։

 

«Մենք պատրաստ ենք ձեզ օգնել։ Մենք երբեք մեզ չենք պարտադրում։ Միշտ պատրաստ ենք կոնստրուկտիվ ձևով օժանդակել ցանկացած նախաձեռնության, որ գալիս է Կառավարությունից, Ազգային ժողովից կամ շահագրգիռ այլ կողմից։ Պետք է բարձրացնել կանանց դերը՝ շատ մեծ օգուտ կլինի Հայաստանի համար, եթե ավելի շատ կանայք ընդգրկվեն քվեաթերթիկներում և ընտրվեն»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

 

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ 2018-ի խորհրդարանական ընտրություններն ապացուցել են, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում կարելի է ապահովել ազատ և արդար ընտրություններ։ Իրավապաշտպանն ընդգծում է, որպեսզի այս ձեռքբերումը դառնա անդառնալի ձեռքբերում, անհրաժեշտ է ամրագրել ունեցածը, և առաջին հերթին՝ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը։

 

«Ընտրական բարեփոխումների ողջ փաթեթը պատրաստ է, և մենք գտնում ենք, որ չպետք է սպասենք մինչև հաջորդ ընտրություններ։ Հենց հիմա պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որովհետև ընտրությունները միշտ են տեղի ունենում՝ ՏԻՄ ընտրություններ։ Մենք հետամուտ ենք և պահանջատեր ենք, որպեսզի նորընտիր Ազգային ժողովը օր առաջ անդրադառնա ընտրական օրենսգրքի ընդունմանը»,- ասաց պարոն Սաքունցը։

 

Ըստ իրավապաշտպանի՝ Կառավարությունը մեծ անելիք ունի ընտատեղամասերը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու ուղղությամբ։ 2018-ի դեկտեմբերին երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են 302 ընտատեղամաս, որոնցից 86-ում առկա է եղել թեքահարթակ, 80 դեպքում թեքահարթակները չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, և միայն 6 ընտրատեղամասի թեքահարթակ է բավարարել ընդունված չափանիշները։

 

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը նշում է․ «Շատ ամբիցիոզ չենք լինի, եթե ակնկալենք, որ դեռ 4 տարուց ավելի կա մինչ հաջորդ ընտրությունները և գոնե այն տեղամասերը, որ տեղակայված են ուսումնական հաստատություններում, կլինեն ամբողջությամբ մատչելի, որովհետև այդպիսի է նաև պետության քաղաքականությունը»։

 

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկված 300 տեղամասում հայտնաբերել է 2000 խախտում։ Վարդինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ներառական դարձնել նաև քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու պրոցեսը։ Առաջարկում է՝ իջեցնել ինչպես ընտրագրավի գումարի չափը, այնպես էլ խորհրդարան անցնելու նվազագույն շեմը։ Ընտրությունների շրջանում շեշտը դրվել է նաև քաղաքացիական կրթության վրա։ Մասնավորապես, Հայաստանի 50 ավագ դպրոցի 10000 աշակերտ մասնակցել է քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպած ընտրախաղերին, ավելի հստակ պատկերացրել իր իրավունքներն ու պարտականությունները։

 

«Ո՞րն է ընտրությունների ֆունկցիոնալ իմաստը։ Դուք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, մասնակցում եք ընտրություններին և ձեր քվեարկությամբ պատվիրակում եք երկիրը կառավարելու իրավունքը որևէ քաղաքական ուժի, հետևաբար, դուք պետք է իմանաք՝ այդ ընտրությունները ձեր կյանքը պայմանավորող իրադարձություններ են»,- նշեց Արմեն Զաքարյանը։

 

Ծրագիրն իրականացրել են «Օքսեջեն» հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և քաղաքացիական դասընթացների երևանյան դպրոցը։ Ծրագրի բյուջեն կազմել է 422 585 եվրո, ներդրումն իրականացրել է Եվրոպական միությունը։ 




factor.am

views: 560

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color