Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի արտահայտման ազատության իրավունք, այդ թվում մեղադրյալ Ռ.Քոչարյանը։
Մեղադրյալ Ռ.Քոչարյանը հարցազրույց է տալիս, չէ՞, իմացա տեղեկատվական հոսքից, չեմ դիտել: Եվ ի տարբերություն իր կառավարման ժամանակների՝ հեռուստատեսությունն անարգել աշխատում էր, չէ՞:
Եթե 5-րդ ալիքի ղեկավարությանը ԱԱԾ-ից, կամ ոստիկանությունից, կամ ՀՌԱՀ-ից կամ կառավարությունից, կամ նախագահականից որևէ զանգ լինի, կամ անհանգստացնող լինի՝ մեղադրյալ Ռ.Քոչարյանի հարցազրույց տալու փաստի հետ կապված, հուսով եմ կիմանանք, անպայման կբարձրաձայնեն:
Դե իսկ մեղադրյալ Ռ. Քոչարյանի հարցազրույցի փաստի և բովանդակության վերաբերյալ հանրային ընկալումները, գնահատականները, մոտեցումները, բնական են, դրանց հետ ոչինչ անել չեն կարող, ոչ էլ կարող են արգելել:
Իհարկե բացի ֆիզիկական բռնության սպառնալիքներից, որից պաշտպանվելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, այդ թվում մեղադրյալ Ռ.Քոչարյանը, որը իրավապահ մարմինների պարտավորությունն է:
Բայց մի հարց էլի, մեղադրյալ Ռ. Քոչարյանն ասում էր, էլի մեղավոր չէ՞, ոչնչից տեղյակ չի եղե՞լ, բայց որ տեղյակ լիներ, կասեր, որ ճիշտ են արե՞լ, ու միայն-միայն դրա համար էր հարցազրույցը տալի՞ս»: