Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին  առաջադրված բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակները՝ սեռերի և բնակավայրերի ներկայացվածության քվոտան ստուգելու նպատակով և բացահայտել խնդիրներ

September 1, 2022

Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | News | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2022 թ․ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու բազմաբնակավայր 18 համայնքներում։ Դրանցից 17-ում ընտրությունները համամասնական ընտրակարգով են։ Սա  համամասնական ընտրակարգով ավագանու չորրորդ խոշոր ընտրություններն են 2021 թ. աշնանը երեք փուլով 45 համայնքներում ընտրություններից հետո: Օրենսդրության որոշ կետեր շտկվել են, որոշ կարգավորումներ փոփոխվել։ Քաղաքացիական վերահսկողություն իրականացնող դիտորդական կազմակերպությունները, կուսակցությունները և ընտրական վարչարարություն իրականացնող մարմինները ձեռք են բերել նոր իրավական կարգավորումների  կիրառման և դիտարկման անհրաժեշտ փորձ, որը հերթական անգամ կլրացվի այս ընտրությունների ժամանակ:

Նախորդ տարվա ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» դաշինքը միայն քվեարկությունից հետո բացահայտեց, որ 4 համայնքներում առաջադրված և գրանցված կուսակցությունները չէին ապահովել բնակավայրերի ներկայացվածության (թեկնածուները պետք է ներկայացնեն առնվազն բնակավայրերի կեսը) քվոտան: Երկու դեպքում դա եղել է ՔՊ կուսակցությունը, մեկական դեպքում՝ ՀՅԴ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: 

 

Մինչ այդ՝ բնակավայրերի ներկայացվածություն չապահովելու պատճառով մերժվել էր երեք կուսակցությունների գրանցումը. Գորիսում՝ Կոմունիստական կուսակցության, Արթիկում՝ «Հանրապետություն» կուսակցության և Ախուրյան համայնքում՝ «Իկիլիկյան» դաշինքինը: Ընդ որում՝ հարկ է նշել, որ «Իկիլիկյան» դաշինքը գրանցվել էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կորցրել էր գրանցումը միայն դատարանի որոշմամբ՝ ՔՊ կուսակցության դիմումի հիման վրա:

 

Դաշինքն ուսումնասիրել է առաջիկա ընտրություններին բոլոր 18 համայնքներում առաջադրված բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակները՝ սեռերի և բնակավայրերի ներկայացվածության քվոտան ստուգելու նպատակով:  

 

Արձանագրում ենք, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է և, օրինակ, սեռերի ներկայացվածությունը ցուցակները ներկայացնելու պահի դրությամբ ապահովված է։ Կհետևենք, թե ինչպես այն կարտացոլվի ընտրված ավագանիների կազմի վրա: 

 

Միաժամանակ, բացահայտվել է երկու խնդիր՝ կոնկրետ և համակարգային:

 

Կոնկրետ

 

Ալավերդի խոշորացված համայնքում, որը, ըստ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի ներառում է 28 բնակավայր, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը թեկնածուներ է ներկայացրել 13 բնակավայրերից: Այս դեպքը քննարկել ենք Ալավերդի համայնքի թեկնածուներին գրանցած և բնակավայրերի թերի ներկայացվածության հանգամանքը չնկատած թիվ 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, որը, հաստատելով խնդրի առկայությունը, մատնանշեց նաև ավելի լայն, համակարգային խնդիրը: 

 

Համակարգային

 

Չնայած Ալավերդի համայնքը ներառում է 28 բնակավայր՝ տեղամասեր են կազմավորվել բնակավայրերից 22-ում՝ մնացածում հաշվառված ընտրողների խիստ սակավության, իսկ 4 դեպքում՝ իսպառ բացակայության պատճառով: Այս իրադրությունն է վկայակոչում նաև Ալավերդի համայնքում ՀՅԴ լիազոր ներկայացուցիչը, որը պնդում է, որ ԸԸՀ-ի կողմից փաստաթղթերի ներկայացման պահին խնդիրը նկատելու, շտկումների համար ողջամիտ ժամանակ ունենալու դեպքում կկարողանար ապահովել անհրաժեշտ համամասնությամբ բնակավայրերի ներկայացվածությունը: Փաստացի, գործ ունենք օրենքի տեսանկյունից գոյություն ունեցող, սակայն իրականում ուրվական բնակավայրերի հետ, որտեղ որևէ անձ չի բնակվում կամ հաշվառված չէ: Այս խնդիրը առկա է նաև մի շարք այլ համայնքներում, սակայն առավել խնդրահարույց է Քաջարան համայնքը, որտեղ օրենքով գոյություն ունեցող 21 բնակավայրերից միայն 5-ում են կազմավորվել տեղամասեր (այսինքն՝ եղել են հաշվառված ընտրողներ): Բնավ պարզ չէ, թե ինչպես են Քաջարանում առաջադրվող ուժերը հաջողացրել ներկայացնել թեկնածուներ բնակավայրերից, որոնք չունեն հաշվառված ընտրողներ կամ, այլ կերպ ասած, եթե թեկնածուները հաշվառված են, արդյո՞ք նրանք ստիպված են լինելու քվեարկությունը իրականացնել այլ բնակավայրի տեղամասում: Սա, ի դեպ, օրենքի խախտում է, քանի որ ԸՕ հոդված 16-ի 4-րդ մասը հստակ նշում է՝ «Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր»:

«Անկախ դիտորդ» դաշինքը և ողջ համակարգող թիմը շարունակում են ուշադրությամբ հետևել ընտրական գործընթացների զարգացումներին և իրավակիրառ պրակտիկային: 

 

Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին բարձրաձայնելու համար կարող եք գրել «Անկախ դիտորդ» էջին կամ զանգահարել. աշխատանքային իրավունքների խախտման դեպքերով՝ 041123302,  քարոզարշավի վերաբերյալ՝ 077342268: 



views: 112

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color