Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հարց է ծագում, թե ինչու ամբողջ 30 մլն դոլարը չի վերադարձվել

February 20, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Սաշիկ Սարգսյանը պետությանն է փոխանցել 18.5 մլն դոլար։ Ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ  վերադարձված գումարների չափը պետք է դնել քննարկման, որ դեպքում պետք է ներում լինի, որ դեպքում պետք է անցումային արդարադատությունը լուծի այս խնդիրները։

 

Նախ և առաջ ասեմ, որ ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված միջոցների վերադարձը պետական բյուջե որևէ առնչություն չունի անցումային արդարադատության հետ, որովհետև անցումային արդարադատության բուն խնդիրն է մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնումը, և այն բոլորովին այլ նպատակ է հետապնդում՝ նպաստել հասարակական հաշտության ձևավորմանը ճշմարտության բացահայտման, ճշմարտությունը բոլորի կողմից ընդունելու միջոցով։ Իսկ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման աղբյուրների վերադարձին պետական բյուջե։ Դրա համար շատ կարևոր է համապատասխան օրենքի ընդունումը, որի բուն էությունն այն է, որ օրենքի ուժով անձին, որը ձեռք է բերել հարստություն, պահանջ ներկայացվի, որ նա կարողանա հիմնավորել իր ձեռք բերած հարստության ծագման օրինականությունը։ Եթե նա չի կարողանում դա անել, ուրեմն պետությունն ազգայնացնում է։

 

Տվյալ դեպքում գործ ունենք կամավոր հանձնման հետ։ Թե ինչ քրեական գործ է հարուցվել և ինչ մեղադրանք է առաջադրվել Սաշիկ Սարգսյանին, մենք տեղյակ չենք։ Տեղյակ չենք նաև, թե ընդհանրապես որքան են գնահատվում իր կողմից տիրապետվող գույքն ու ֆինանսական միջոցները։ Մենք ընդամենը գիտենք, որ հրապարակվել է անձնական բանկային հաշվին 30 մլն դոլար ունենալու մասին։ Հիմա էլ իմանում ենք, որ 18,5 մլն դոլար վերադարձվել է պետությանը։ Հարց է ծագում, թե ինչու ամբողջ 30 մլնը չի վերադարձվել։ Այս հարցի պատասխանը ևս պետք է տրվի։ Այսինքն՝ հանրության մոտ վստահության ձևավորման տեսակետից շատ կարևոր է, որ տվյալ գործի շրջանակներում կամ իմ կողմից նշված ենթադրվելիք օրենքի շրջանակներում, երբ այն ընդունվի, պետք է հստակ հանրությանը ներկայացվի, որ գնահատվել է այսքան գույք, այսքան ֆինանսական միջոցներ և դրանց ձեռք բերման օրինականության պահանջ է ներկայացվել, և այսքանի վերաբերյալ ներկայացվել են հիմնավորումներ, այսքանի վերաբերյալ չեն ներկայացվել և օրենքի ուժով ու դատարանի որոշմամբ այսքան գումարն ապօրինի է գնահատվել և այդ գումարը հանձնվել է պետությանը։ Սա պետք է լինի իրավական ճանապարհը։ Միաժամանակ դա չափելի, հիմնավոր ու թափանցիկ ճանապարհն է, որպեսզի հանրության մոտ էլ հարցեր չմնան։

 

Մինչև հիմա նշվել է, որ Սաշիկ Սարգսյանը տարբեր բիզնեսներում 50/50 չափաբաժին է ունեցել։ Օրինակ՝ նշվում է, որ այս հարցում ևս պետք է բացահայտումներ տեսած լինեինք, հակառակ դեպքում ստացվում է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

 

Իրականությունը  շատ լայն է և բազմազան։ Հիմա, երբ փորձում են պնդել, որ այդ 50/50-ի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա ես կտրուկ համաձայն չեմ, որովհետև ես վստահեցնում եմ, որ մարդիկ, որոնց հետ այդ 50/50 գործարքի մեխանիզմը գործել է, նրանց ձայնը պետք է լսելի լինի։ Թե ինչու այդ ձայնը լսելի չէ, դա հարց է։ Ես կարծում եմ, որ ոչ թե այդպիսի մարդիկ չկան, այլ պետությունը և քննչական մարմինները պատշաճ ջանք չեն գործադրել զոհերի ձայնը լսելի դարձնելու, նաեւ նրանց անվտանգությունն ապահովելու, իրավական երաշխիքներ տալու առումով։ Ես հիշում եմ, որ հրապարակումներ կային Դիլիջանից Իջևան «Գետափ» հայտնի ռեստորանային համալիրում կռվի մասին, որտեղ նման 50/50-ի պահանջ էր ներկայացվել։ Ես չիմացա, թե ինչ մեխանիզմով լուծվեց հարցը։ Ուզում եմ ասել՝ այն, որ չի բացահայտվել կամ չի արձանագրվել, դա դեռ չի նշանակում, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Դուք չեք կարող որևէ հիմնավորում ներկայացնել, որ Հայաստանում 50/50 մեխանիզմով հնարավոր է պաշտոնապես 30 մլն դոլարի եկամուտ ստանալ։ Այդ բոլորը պետք է հիմնավորել։

 

Այս 18,5 մլն դոլարի վերադարձը նվիրատվությո՞ւն պետք է դիտարկել, թե գողացածը վերադարձնելու փաստ։

 

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք գործի մանրամասներին տեղյակ չենք։ Ես մի բան գիտեմ, որ հայտարարեցին՝ քրեական գործ է հարուցվել։

 

Ես կարդացել եմ, որ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ իշխանություններին ապօրինի դուրս բերված կապիտալն ու միջոցները Հայաստան վերադարձնելու հարցում։ Օրինակ՝ նույն Գագիկ Խաչատրյանի կողմից ահռելի ֆինանսական միջոցները երկրից դուրս բերելու և Շվեյցարիայում ինչ-որ արդյունաբերական ձեռնարկությունների գնման մասին գործերը ՀՀ իրավապահ մարմինները չեն կարող միակողմանի քննության առարկա դարձնել։ Պետք է համագործակցեն տվյալ երկրի իրավապահ մարմինների, բանկային համակարգի հետ։ Հայաստանը բավական փոքր է 9 մլրդ դոլարի ապօրինի եկամուտները կամ ֆինանսական միջոցներն իրացնելու համար։ Երբ ես խոսում եմ այդ օրենքի մասին, որը պետք է ընդունվի և ըստ որի՝ եթե կան մեծ հարստություն ու միջոցներ, և մարդը չի կարողանում հիմնավորել դրա ձեռք բերման օրինականությունը, ապա այդ օրենքի ամբողջ էությունն այն է, որ առանց քրեական գործ հարուցելու նման պահանջի ներկայացումն օրինական է, և եթե չկան հիմնավորումներ միջոցների ծագման մասին, ապա դա արդեն իսկ հիմք է դատարանի կողմից որոշում ընդունելու և ունեցվածքն ազգայնացնելու համար։ Այսինքն՝ գողացվածը  քրեական գնահատական է, իսկ իմ ասած տարբերակը արդեն հիմնավորում է այդ միջոցների ապօրինի լինելու մասին։ Իսկ թե այդ միջոցները գողացված են, թե ապօրինի բիզնեսի արդյունք են, թե զենքի առևտրի ու թմրամիջոցների առևտրի արդյունք են, դա ապացուցելու համար արդեն այլ մեթոդներ և այլ գործընթաց է պահանջվում։ Կոռուպցիայի և կոռուպցիոն եկամուտների դեմ պայքարի նաև ոչ քրեական մեթոդներ կան։

 

Իսկ այդ ապօրինի հարստացման կամ ապօրինի միջոցների ձեռք բերման գործողություններից տուժածների խախտված իրավունքների վերաբերյալ հարցն արդեն անցումային արդարադատության խնդիրն է, որի իրականացման դեպքում հնարավորություն կտրվի տուժածներին ներկայացնելու իրենց խախտված իրավունքների վերաբերյալ պատշաճ հիմքեր, փաստաթղթեր, տվյալներ, որոնց հիման վրա արդեն կարելի է որոշել քրեական հետապնդում իրականացնելու կամ չիրականացնելու մասին։

 

lragir.am

views: 697

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color