Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քաղհասարակությունը պահանջում է «Մետալ Գոլդ»-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումն ու ընկերության կազմած արձանագրությունն անօրինական ճանաչել

August 26, 2022

Joint | Announcements

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Քաղաքացիական հասարակությունը նամակով դիմել է մի շարք պետական մարմինների ղեկավարների ու Ազգային ժողովի պատգամավորների՝ պահանջելով 2022թ. օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումն ու ընկերության կողմից  կազմված արձանագրությունը ճանաչել անօրինական և չընդունել փորձաքննության «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի հայտը: Նամակը հասցեագրվել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, կրկնօրինակը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին, Եղեգնաձոր խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Հարությունյանին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին և ԱԺ ութերորդ գումարման պատգամավորներ Սերգեյ Բագրատյանին, Տրդատ Սարգսյանին ու Արմեն Խաչատրյանին: 

 

Նամակի մեջ նշված է. «Սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի  Գլաձոր բնակավայրի մարզադաշտում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնվել էր Գլաձորի բազմամետաղային հանքավայրի  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով  երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումը: Սրանով ընկերությունը սկսեց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթաց:

 

Ընկերության նախաձեռնած քննարկումն անցկացվեց բազմաթիվ խախտումներով՝ գործադրելով ճնշումներ համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա: 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  1. Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը բացակայում էր օգոստոսի 18-ին՝ ժամը 18-ին, հայտարարված Գլաձորի բազմամետաղային հանքավայրի  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով  երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումից: Համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանն առաջարկեց չանցկացնել հանրային քննարկումը, քանի որ օգոստոսի 18-ը հայտարարված էր սգո օր՝ կապված «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգության հետ. զոհերի թվում էին Եղեգնաձոր համայնքի բնակիչներ: «Այսօր սգո օր է: Ելնելով բարոյական նորմերից՝ անձամբ ես հարգում եմ և ներկա չեմ գտնվելու», - ասաց Վարդան Ավագյանը (տես տեսանյութը՝ 1.45 րոպե) և հեռացավ:

 

Նրա խոսքից հետո հանրային լսման վայրից հեռացան 20-30 բնակիչներ, ովքեր հիմնականում Եղեգնաձոր և Մալիշկա բնակավայրերից են:

 

«Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամ Օսիկյանը հայտարարեց. «Ես համոզվեցի, որ Եղեգնաձոր համայնքի վարչական ղեկավարն արձակուրդի մեջ է, իսկ ղեկավարի տեղակալը և Գլաձորի վարչական ներկայացուցիչն ասացին, որ այստեղ կլինեն: Պարզ դարձավ, որ հեռախոսով հանձնարարություն եղավ, որ գնան: Սա արդեն պետական սաբոտաժ է կառավարության քաղաքականության դեմ: Պիտի օրենքով պատժվեն, խստությամբ, ու խոսք եմ տալիս, ես եմ հետևելու դրան: Բոլորը պետք է պատասխան տան: Փախնելով, պատի հետևը պախկվելով, կաբինետում պախկվելով՝ չեն փրկվելու» (տես տեսանյութը՝ 22-րդ րոպեից):

 

Քննարկման մասնակիցների մի մասը նշեց, որ առանց համայնքի պաշտոնական ներկայացուցչի այդ լսումները չի կարելի անցկացնել: Ի պատասխան Արամ Օսիկյանը և նրա աջակիցները կրկնում էին. «Դա սաբոտաժ է, ով սաբոտաժ արեց, օրենքով կպատժվի…ժողով չկայանալու պատասխանատուն համայնքի ղեկավարն է, և ես ձեռնամուխ եմ լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն»:

 

Սրանից հետո՝ ժամը 19:45 (հանրային քննարկման մեկնարկից մոտ 1 ժամ 40 րոպե անց), Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը վերադարձավ քննարկման վայր: Նա առաջարկեց տեղափոխել հանրային քննարկման օրը՝ նշելով. «Այստեղ ազդակիր համայնք միայն Գլաձորը չէ: Կա Եղեգնաձոր, Մալիշկա, Վերնաշեն»: Սակայն առաջարկությունը չընդունվեց Արամ Օսիկյանի և իր աջակիցների կողմից:

 

Բնակիչները փորձեցին կարծիք հայտնել հանրային քննարկման անցկացման վայրի և պայմանների վերաբերյալ. չկար բարձրախոս, չկար լուսավորություն, քիչ հեռու կանգնածներին լսելի չէր, թե ինչի մասին էին խոսում ելույթ ունեցողները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը փորձեց ներկայացնել օրենքով սահմանված կարգը, սակայն Արամ Օսիկյանը և նրա աջակիցները թույլ չտվեցին նրան ելույթ ունենալ: Ի պատասխան ընկերության կողմնակիցները՝ Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ Արմեն Վարդանյանը, Գլաձոր բնակավայրի նախկին վարչական ղեկավար Նաիրի Մարտիրոսյանը հայտարարեցին, որ իրենց համար հաճելի միջավայր է, իսկ ով չի ուզում, կարող է գնալ: ԱյսպիսովԵղեգնաձոր համայնքի ՏԻՄ-ի՝ որպես հանրային քննարկման կազմակերպչի պարտադիր ներկայությունն ապահովվեց «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից մեծ ճնշումների և սպառնալիքների ներքո:

 

  1. Հանրային լսումների ժամանակ «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող հայտը չքննարկվեց: Հնչեցված հարցերին ու կարծիքներին պատասխանելու փոխարեն ընկերության աջակիցները ստեղծում էին սուր կոնֆլիկտային իրավիճակ, ծաղրում, վիրավորում: Այսպիսովհանրային քննարկման հիմնական պահանջը՝ հայտի վերաբերյալ կարծիքների արտահայտումը, չի ապահովվելնախատեսվող գործունեության բովանդակությունը և ազդեցությունը համայնքի վրա չի ներկայացվել և չի քննարկվել:

  2. Ընկերությունն առաջարկեց լրացնել իր գրանցման թերթիկը, որտեղ կար վանդակ «կողմ» և «դեմ» ձայների համար: Այս թերթիկը սկսեցին լրացնել մթության մեջ՝ ժամը 22:00-ից հետո: Մասնակիցների մի մասը հրաժարվեց գրանցվել այս թերթիկում և մասնակցել այդ քվեարկությանը նման կոնֆլիկտային և ոչ անվտանգ պայմաններում: Նրանք կազմեցին առանձին հայտարարություն «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի հայտի դեմ՝ հավաքելով 94 ստորագրություն (տես հայտարարության կցված պատճենները): Նման պայմաններում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից քվեարկության թերթիկը կազմվել է խախտումներով և չի արտացոլում Եղեգնաձոր համայնքի բնակչության ամբողջական կարծիքը:

  3. Կոնֆլիկտային և ոչ անվտանգ մթնոլորտին նպաստել է նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Գլաձորի հանքավայրը շահագործել հավակնողները ճնշումներ են դրսևորել նաև դատական գործընթացների տեսքով, մասնավորապես.

 

- 2017 թ. նույն անձի` Արամ Օսիկյանի ղեկավարած «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն հայց ներկայացրեց ընդդեմ խոշորացված Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան համայնքի հողերից հող հատկացնել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ին և կնքել հողօգտագործման պայմանագիր, որպեսզի կատարի ընդերքի ուսումնասիրություն Գլաձորի հանքավայրի տարածքում: Վայքի դատարանը 16.05.2017թ. վճռով բավարարեց՝ պահանջելով չխոչընդոտել ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը: Այդ վճիռը երեք ատյաներով բողոքարկվել է:

 

Այս դատական գործերից բացի «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դիմել է Վայոց ձորի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գլաձոր համայնքի ղեկավարի նկատմամբ, սակայն քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով: «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն քննիչի որոշումը բողոքարկել է Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի դատարանում: Դատարանն անվավեր է ճանաչել քննիչի որոշումը և պարտավորեցրել քրեական գործ հարուցել: Դատախազությունը բողոքարկել է այս դատարանի որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, որպեսզի ուժի մեջ մնա Գլաձոր համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործի կարճման մասին Վայոց ձորի քննչական կոմիտեի քննիչի որոշումը:

 

- 2017 թվականին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ մերժումը:

 

Ի հավելում սույն կետի, նշենք, որ.

 

  • նույն անձիք, ովքեր ցանկանում են շահագործել Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, ստեղծել են տարբեր անուններով ընկերություններ՝ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ, «Վայք Ռեսուրս» ՍՊԸ,  «Վայք մետալ» ՍՊԸ և այժմ «Մետալ գոլդ» ՍՊԸ, որոնց նախաձեռնությունը բացասաբար է գնահատվել ինչպես համայնքների, այնպես էլ պետական մարմինների կողմից:

  • «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի անցած ուղին (գլխավոր տնօրենը Արամ Օսիկյանն է), որպես հանքարդյունաբերողի, ով չի կատարել իր պարտավորությունները Քարաբերդում, մտահոգիչ է: 

  • «Վայկ մետալ» ՍՊԸ-ն 2016թ. բնապահպանական փորձաքննության էր ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման ծրագիրը, և ՀՀ բնապահպանության նախարարությունը12.2016թ. ԲՓ-105 բացասական փորձաքննական եզրակացություն տվեց՝ հիմնավորելով այն տեղի բնակչության բացասական դիրքորոշմամբ:

  • ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 88-Ա հրամանով մերժվել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքի տրամադրումը։ Ներկայում «Վայկ Մետալ» ընկերությունն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի չի տիրապետում:

  • ՏԿԵՆ-ը02.2021 թվականին 3 տարի ժամկետով արդեն «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին տվել է արդյունաբերական նպատակով երկրաբանական հետազոտության ԵՀԹ-29/309 թույլտվությունը և նրա հետ կնքել Պ-309 20.02.2021թ. պայմանագիրը։ Գլաձոր համայնքի բնակիչները 2021թ-ի մայիսի 11-ին թույլ չտվեցին «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին համայնքում ծրագրի վերաբերյալ հանրային լսումներ անցկացնել:

 

  1. Հանքարդյունաբերության հետևանքով Վերնաշենում կառուցվելիք ջրամբարի համար վտանգներ կառաջանան: Նախատեսված ջրամբար ջրերը ներհոսելու են անմիջապես հանքի տարածքից: Ջրամբարը կառուցվելու է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվակաների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 902- Լ որոշմամբ սահմանված ժամկետներում: Ջրամբարը  ոռոգելու է 800 հա վարելահող, որից՝ Մալիշկա՝ 400հա, Վերնաշեն՝ 220հա, Գլաձոր՝ 120 հա: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ Karmak-2 ծրագրի շրջանակներում համայնքին տրամադրվել են գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ընդհանուր 110 միլիոն դրամի ներդրում: Իրականացվել է նաև ջրարբիացման համակարգի ներդրում՝ արոտավայրի օգտագործման համար՝ ընդհանուր 40 միլիոն դրամի ներդրում: Այսպիսով, համայնքն ընտրել է գյուղատնտեսության զարգացման ուղղվածություն, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2021թ նախընտրական խոստումներում նշեց Վերնաշենի ջրամբարի խիստ ու նպատակային անհրաժեշտությունը: Նշված 800 հա վարելահողերը ոռոգելի դարձնելով և այնտեղ բազմամյա տնկարկներ՝ խաղողպտուղ հիմնելով՝ տարեկան համախառն եկամուտը կկազմի 3.3-ից 3.5 միլիարդ դրամԱյսպիսովԳլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործմանը միտված ծրագրերը  վտանգում են ջրամբարի կառուցման արդյունքում ակնկալվող եկամուտները և խոչընդոտում են ՀՀ կառավարության աջակցությանը:

  2. Գլաձորի հանքավայրի տարածքի անմիջապես   հարևանությամբ  առկա են սեփականաշնորված  գյուղատնտեսական հողեր, արոտավայրեր և խոտհարքեր: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում հարավում», «ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված» ծրագրերի շրջանակում 2016-2021թթ. կառուցվել է փարախ և հողի կացարան՝ ընդհանուր 83 միլիոն դրամի ներդրում: Սա անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճի և տնտեսական հնարավորությունների ընդլայնում կապահովի: Հետևաբար, այս գործունեությունը զարգացում է ապրում, ինչը կվտանգվի հանքարդյունաբերության ռիսկերի պայմաններում:

  3. Գլաձորի բազմամետաղային հանքավայրի Թեք սարից սկիզբ առնող ջրերը Վերնաշեն գյուղի միակ խմելու ջրի աղբյուրն են: Այստեղից սկիզբ առնող ջրերը ոռոգում են բազմամյա տնկարկներ՝ 42.0 հա խաղողի և պտղատու այգիներ, Վանքահովիտ տարածքը 318 բնակչի ջրովի հողերի սեփականության առաջնահերթության իրավունքով, ոռոգվում են նաև Կարմրաշեն, Հերհեր բնակավայրերի խոտհարքերը: Թեք սարից սկիզբ առնող ջրերը լցվում են Հերհերի լիճ և թափվում են Արփա գետԱյս ռեսուրսները ևս վտանգվելու են նախատեսված հանքարդյունաբերական գործունեության հետևանքով:

  4. Գլաձոր բազմամետաղային հանքը գտնվում է  Եղեգնաձորի  արգելավայրի անմիջական տարածքում: Հանքարդյունաբերական գործունեությունը վտանգ է ներկայացնում արգելավայրի բուսական և կենդանական աշխարհի համարինչ հակասում է «Ընդերքի մասին» օրենսգրքի 26-րդ հոդվածին:

  5. 2017թ-ի նոյեմբերի 17-ին   Գլաձոր  համայնքի  վարչական  տարածքում  գտնվող  բազմամետաղային  հանքավայրի  վերաբերյալ Գլաձոր համայնքի ավագանին   որոշում  է կայացրել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ  հոդվածի 10-րդ մասի պահանջներով: Որոշմամբ Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Ղազմա» բազմամետաղային հանքի շահագործումը համարվել է անթույլատրելի` վնասակար ծանր մետաղների պարունակության պատճառով համայնքի բնակչության առողջությանը անդառնալի վնաս հասցնելու հավանականության, համայնքի բնությանը, կյանքին վնաս հասցնելու պատճառով: 2019 թվականի ապրիլի 19-ին Գլաձոր խոշորացված համայնքի (ԳլաձորՎերնաշենԳետափ բնակավայրերավագանու որոշմամբ հավանություն տրվեց  2268 բնակիչների ստորագրությամբ  «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ»  հանրագրին:

  6. Հանքարդյունաբերական ծրագիրը բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման համար:

  7. «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի և «Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ-ի դիմում-նամակին ի պատասխան Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանրային լսման հաջորդ օրը տեղեկացրեց, որ 2022 թ-ի օգոստոսի 15-ին՝ ժամը 18։00-ին, «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Եղեգնաձոր համայնքի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների  արդյունահանման  նպատակով երկարաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  հայտի  վերաբերյալ  մարզպետարանը տվել է  բացասական դիրքորոշում, քանի որ օրենքով սահմանված կարգով հանրային լսում անցկացնելու համար բացակայում են բոլոր բնապահպանական, փորձագիտական եզրակացությունները և թույլտվությունները: Այսպիսով, «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ն 2022 թ-ի օգոստոսի 18-ին կայացած հանրային քննարկման ժամանակ չի հայտնել, որ Վայոց ձորի մարզպետարանը տվել է բացասական եզրակացություն ընկերության հայտին՝ թաքցնելով լուրջ փաստը:

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ պահանջում ենք 2022 թ-ի օգոստոսի 18-ին ՀՀ  Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումը, ինչպես նաև «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից  կազմված արձանագրությունը ճանաչել անօրինական և չընդունել փորձաքննության «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի հայտը:

 

Հանրային լսման տեսանյութի հղումը։

 

Նամակը ստորագրել են՝

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ՝ Ինգա Զարաֆյան

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն՝ Նազելի Վարդանյան

«Կանաչ Հայաստան» Բնապահպանական, Կրթական ՀԿ նախագահ՝ Թեհմինե Ենոքյան

«Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ նախագահ՝ Հայկուհի Առաքելյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Օլեգ Դուլգարյան

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն»-ի գործադիր տնօրեն՝ Սոնա Այվազյան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար՝ Արթուր Սաքունց

«Կրիա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն՝ Տաթևիկ Գաբրիելյան

«Հայաստանի կանաչների միության» նախագահ՝ Հակոբ Սանասարյան

«Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ»-ի տնօրեն՝ Գարեգին Միսկարյան

Մարիամ Մկրտչյան, փաստաբան

«Աշխատանք և հայրենիք» ՀԿ նախագահ՝ Ռուզան Ղազարյան

«Ագռավու Քար» գինեգործարանի հիմնադիր գինեգործ՝ Մհեր Մհերյան

«Երիտասարդ սերունդ» ՀԿ նախագահ՝ Կարինե Մովսիսյան

«Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ` Էդուարդ Ասատրյան

«Վայոց ձոր» բնապահպանական հիմնադրամի գործադիր տնօրեն` Լիպարիտ Ասատրյան

views: 73

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color