Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քաղհասարակության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին դրական եզրակացություն տալու վերաբերյալ

April 7, 2022

Joint | Announcements

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Սույն թվականի ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին և առաջարկեց ԱԺ խորհրդին այն ընդգրկել ապրիլի 12-ի ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգում:

Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։

Օրինագիծը ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ շուրջ 60 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը լսելի չեղավ գործադիր և օրենսդիր իշխանությունների համար: Հասարակությանը մեղադրեցին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am  կայքում, օրինագծի վերաբերյալ ժամանակին կարծիք չներկայացնելու մեջ, մինչդեռ այս հարթակում տեղադրված օրինագծում բացակայում է «Քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը, ինչպես նաև այն, որ օրենքը հետադարձ ուժ է ունենալու 4 տարվա կտրվածքով:

Սույն թվականի ապրիլի 4-ին օրինագծի հեղինակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ի արձագանք հասարակական կազմակերպությունների ապրիլի 3-ի առաջարկի՝ երկխոսել քաղաքացիական հասարակության հետ, ապրիլի 4-ին ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրեց օրինագծի քննարկմանը ապրիլի 5-ին: Թեպետ քննարկման կազմակերպման նման ձևը Օրհուսի կոնվենցիայի պահանջների,  ՀՀ կառավարության կողմից հաստատված հանրային լսումների անցկացման կարգի խախտում է, սակայն կառուցողական երկխոսության ակնկալիքով քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, ովքեր ներկայացրել են օրենքի նախագծի հակասությունները ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին և պահանջներին, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկել են նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին հետ կանչել օրենքի նախագիծը, ձևավորել աշխատանքային խումբ՝ նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ, որը կլրամշակի օրենքի նախագիծը: Հովհաննես Հարությունյանը խոստացել է այդ առաջարկության վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնել համապատասխան ներքին գերատեսչական խորհրդակցություններից հետո։ Մինչդեռ հաջորդ օրն օրենքի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» արտահայտության մասով նշել, որ օրինագծի լրամշակված տարբերակում մեկնաբանվել է «քաղաքացիական անհնազանդություն» տերմինը: Թե ինչպես է մեկնաբանվել տերմինը, պարզ չէ, քանի որ օրինագծի լրամշակված տարբերակը հրապարակված չէ:

Նշենք, որ օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա Հովասափյանը եզրակացություն է տվել, որի համաձայն նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Նշվել է, որ «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունն անորոշ է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված չէ:

Այսպիսով, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որում «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված չէ: Ընդերքօգտագործողներին պատրաստվում են ընդառաջել անգամ այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը դեմ կլինի նրանց գործունեությանը:
Անգամ Ազգային ժողովի հանձնաժողովը չարձագանքեց հասարակության կոչին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ չքննարկեց նրանց մտահոգությունները որոշում կայացնելուց առաջ:
ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների հարգելի ներկայացուցիչներ, մի մոռացեք, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, իսկ սեփական ժողովրդի ձայնը չլսելը և կարծիքն անտեսելը հետընթաց է ժողովրդավարական արժեքներից:
Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին լինել կառուցողական, չքվեարկել այս վիճահարույց օրինագծի օգտին և հետ ուղարկել այն ՀՀ կառավարություն լրամշակման: Հակառակ դեպքում կխորանա իշխանություն-հասարակություն անջրպետը:

Հայտարարությունը բաց է միանալու համար

1․ «Էկոլուր»  տեղեկատվական ՀԿ
2․ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3․ «Էկոլոգիական հասարակական միություն»  ՀԿ
4․ «Սպիտակի Հելսինկյան խումբ»  ՀԿ
5․ «Կանաչ Հայաստան»  բնապահպանական ՀԿ
6․ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
7․ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
8․« Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
10․ «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ
11․ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
12․ «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
13․ Հոդված 3 մարդու իրավունքների ակումբ
14․ «Գյումրու առաջընթաց» ՔԶ ՀԿ
15․ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
16․  «Թրանսփարենսի միջազգային հակակոռուպցիոն կենտրոն»  ՀԿ
17․ Ինֆորմացիայի ազատության կենտրոն
18․ Երեւանի մամուլի ակումբ
19․ «Հայկական բնապահպանական ճակատ»  կամավորական նախաձեռնություն
20․«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
21․ «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ 
22․ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
23․ «Նոր Սերունդ Մարդասիրական» ՀԿ
24․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
25․ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
26. «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ
27․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
28․ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն»  ՀԿ
29․ «Փինք»  իրավապաշտպան ՀԿ
30․ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
31․  «Գորիսի մամուլին ակումբ»  ՀԿ
32․ Հանրային լրագրության ակումբ
33. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
34. Քաղաքականության հետազոտական կենտրոն
35.  «ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
36.  «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
37.  «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

views: 112

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color